ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

Զբոսաշրջության ոլորտում աճի տեմպն արագացել է
15:00 09.08.2019

Զբոսաշրջության ոլորտում աճի տեմպն արագացել է

2019թ. հունվար-հունիսին զբոսաշրջության ոլորտում աճի տեմպը կրկին սկսել է արագանալ: Համաձայն Զբոսաշրջության պետական կոմիտեի տվյալների՝ Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը ընթացիկ տարվա առաջին կիսամյակում աճել է 12.8%, իսկ Վիճակագրական կոմիտեի կողմից ճշգրտված և հրապարակված տվյալների համաձայն այդ աճը կազմել է 12.3%: Հարկ է նշել, որ 2018թ. առաջին կիսամյակում ոլորտում  արձանագրվել էր 10.2% աճ, սակայն աճի տեմպը մի փոքր դանդաղ էր եղել, քան 2017թ. առաջին կիսամյակում:

 Հայաստան այցելությունների ցուցանիշներ

ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգով (ՍԷԿՏ) ստացված տվյալների համաձայն՝ 2019 թվականի հունվար-հունիսին Հայաստան ընդհանուր այցելությունների նախնական թիվը կազմել է 1 մլն 679 հազար 284, իսկ աճը 2018 թ. հունվար-հունիսի համեմատ կազմել է 12,8%: 2019 թ. առաջին կիսամյակում այցելությունների աճը հիմնականում ապահովվել է Ռուսաստանից, Վրաստանից և Իրանից: Քիչ չեն այցելությունները նաև ԱՄՆ-ից, Ուկրաինայից և Ֆիլիպիններից: Առաջին տասնյակում են Գերմանիան, Հնդկաստանը, Ֆրանսիան և Միացյալ Թագավորությունը: Ըստ Զբոսաշրջության կոմիտեի տվյալների՝ ընդհանուր այցելությունների թվում 45,8%-ը եղել են զբոսաշրջային այցելությունները:

 

 2016-2019 թթ. առաջին կիսամյակներում դեպի Հայաստան այցելուների տասնյակում աշխարհագրության փոփոխություն գրեթե տեղի չի ունեցել: Նշվածը կարելի է որպես ազդակ ընդունել և նոր մեխանիզմներ մշակել զբոսաշրջության ոլորտում՝ թիրախային շուկաների աշխարհագրությունն ընդլայնելու նպատակով:

  Աճը պայմանավորող գործոններ և ոլորտի զարգացմանն ուղղված քայլեր

Զբոսաշրջության ոլորտում աճը պայմանավորող հիմնական գործոններից են ոլորտում իրականացվող մարքեթինգային քաղաքականությունը, մուտքի արտոնագրերի դյուրացումը և ուղիղ չվերթների իրականացումը:

 Ոլորտում առկա խնդիրներին և համաշխարհային տնտեսության զարգացմանը զուգընթաց ի հայտ եկող մարտահրավերներին դիմակայելու համար ինչպես տնտեսության այլ ճյուղերում, այնպես էլ զբոսաշրջության ոլորտում անհրաժեշտ է մշակել համապատասխան քայլեր: ՀՀ-ում վերջին շրջանում զբոսաշրջության կայուն զարգացման և զբոսաշրջային հոսքերի շարունակական ավելացման համար իրականացված քայլերից են ոլորտի ինստիտուցիոնալ բարեփոխումները, զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացումը, թիրախավորված մարքեթինգային քաղաքականությունը, զբոսաշրջության ոլորտում մարդկային ռեսուրսների կարողությունների բարելավումը, զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացումը, միջազգային արդյունավետ համագործակցությունը և զբոսաշրջության ոլորտի բոլոր շահառուների, այդ թվում՝ միջազգային դոնոր կազմակերպությունների և մասնավոր հատվածի համակարգումը։

 Ոլորտի զարգացման համար կարևոր է նաև համաշխարհային շուկայում մասնավոր հատվածի կողմից առաջարկվող պրոդուկտների փաթեթի ներկայացումը։ 2018 թ. պետական աջակցությամբ ոլորտի մասնավոր հատվածը Հայաստանը ներկայացրել է աշխարհի խոշոր միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներում: Մասնավորապես, ապահովվել է Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի ներկայացումը մի շարք միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներին (ITB Berlin 2018, WTM 2018, JATA 2018, Arabian Travel Market, T.I.T.E (Tehran International Tourism Exhibition)):

 Զբոսաշրջության ոլորտի զարգացմանն ուղղված դրական քայլ է Հայաստանի պաշտոնական զբոսաշրջային կայքէջի՝ Armenia.travel-ի գործարկումը: Կայքէջի միջոցով  զբոսաշրջիկներն հնարավորություն են ունենում հստակ մշակել իրենց երթուղին և ճշգրիտ տեղեկատվություն ստանալ Հայաստանի մասին:

 Ոլորտի զարգացմանն ուղղված արդյունավետ քաղաքականություն մշակելիս խոչընդոտ կարող է հանդիսանալ վիճակագրության և դրա արդյունքում նաև  վերլուծությունների ու հետազոտությունների պակասը: Մասնավորապես, ոլորտի վերաբերյալ վերջին հետազոտություններն իրականացվել են 2013 թ. և զբոսաշրջության զարգացմանն ուղղված գործողություններ մշակելիս արդիական չեն: Հրամայական է ոլորտում նոր հետազոտության իրականացումը: Հայաստանի ճանաչելիության բարձրացման համար հարկ է կիրառել արդի բոլոր գործիքները և իրականացնել թվային մարքեթինգ բոլոր թիրախային շուկաներում։ 

 Զբոսաշրջության ոլորտի զարգացումն ըստ էության հնարավոր կլինի ապահովել պետություն-մասնավոր հատված արդյունավետ համագործակցության արդյունքում։ Նշված համատեքստում պետության կողմից իրականացվող գործառույթները կամ միջոցառումները վերաբերում են ենթակառուցվածքների զարգացմանը, ազատ մուտքի արտոնագրի ռեժիմների սահմանման աշխարհագրության ընդլայնմանը և այլն։ Մասնավոր հատվածի թերևս միակ գործառույթը պետք է լինի նոր և բարձրորակ ծառայությունների մատուցումը՝ թե՛ սեփական շահույթն ապահովելու, թե ուղղակիորեն զբոսաշրջության ոլորտի վրա ազդելու նպատակով։ Ընդհանուր առմամբ ոլորտի կայուն առաջընթացը ապահովելու համար պետք է հիշել, որ ՀՀ-ից հեռացած 1 գոհ զբոսաշրջիկը կարող է տասնյակ նոր զբոսաշրջիկների ուղղորդել դեպի մեր երկիր:

 

Պանդուխտ Մարտիրոսյան

Աղբյուրը՝ «Արմենպրես»
15:00 09.08.2019

Ամենաշատ ընթերցվածները