ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Վախից դեպի ֆոբիա․ երկու ախտանիշ
15:00 11.08.2019

Վախից դեպի ֆոբիա․ երկու ախտանիշ

Գոյություն չունի հստակ սահման վախի փոքր առօրեական դրսևորումների և վախի իրական հիվանդությունների միջև: Վախի իրական հիվանդությամբ չի տառապում նա, ով սարդ տեսնելիս գոռում է, ոչ էլ նա, ով քրտնում է քննությունից առաջ: Սակայն մարդիկ, որոնք վախի պատճառով տանից դուրս գալ չեն կարող կամ արդեն առավոտյան արթնանում են անհասկանալի սրտխփոցով և դողով, ինչպես նաև այն մարդիկ, ովքեր չեն կարողանում գնալ գործնական հանդիպման՝ առանց նախապես մի բաժակ խմելու՝ համարձակություն ձեռք բերելու համար, հավանական է, որ ծանր հիվանդ են:

Եթե վախերը մարդու համար դառնում են խնդիր և խանգարում են նրա առօրյա կյանքին, ապա դրանք համարվում են ֆոբիաներ: Ֆոբիայով հիվանդները վախ են ապրում անգամ իրենց վախեցնող առարկայի կամ իրադրության մասին մտքից, բայց սովորաբար իրենց հարմարավետ են զգում այն ժամանակ, երբ կարողանում են խուսափել տվյալ առարկայից և նրա մասին մտքերից: Նրանց մեծամասնությունը լավ հասկանում է, որ իրենց վախերը չափազանց են և անհիմն: Իսկ որոշները պատկերացում չունեն իրենց վախերի ծագման մասին: Բացի դրանից, նրանք, որպես կանոն, չեն գիտակցում, որ ֆոբիան հիվանդություն է, որը կարելի է հաջողությամբ բուժել:

«Ինքնին «ֆոբիա» բառը նշանակում է կպչուն վախ ինչ-որ բանի նկատմամբ՝ երևույթի կամ առարկայի, որից սովորաբար չեն վախենում կամ ամենաքիչն են վախենում: Սովորաբար ֆոբիայի օբյեկտ է հանդիսանում ինչ-որ անվնաս բան: Օրինակ՝ առախնաֆոբիան վախն է սարդերի նկատմամբ. չնայած որոշ մարդիկ կարծում են, որ դրանք զզվելի են, այնուամենայնիվ հիմնականում դրանք անվնաս են: Միևնույն ժամանակ զայրացնող մոծակները, որոնց խայթոցը տհաճ հետևանքներ է ունենում, գրեթե երբեք չեն հանդիսանում ֆոբիայի օբյեկտ: Առավել տարածված են վախերը կենդանիների, միջատների, մթության, ջրի, կայծակի և ամպրոպի, ինչպես նաև արյան նկատմամբ: Հետաքրքիր է, որ այդ վախերից շատերը հիմնավորում չունեն, այն դեպքում, երբ իրական վտանգ ներկայացնող առարկաների նկատմամբ ֆոբիաները (ալկոհոլ, թմրանյութ, ծխախոտ, անառողջ սնունդ) շատ հազվադեպ են հանդիպում: Կա տեսակետ, որ բոլոր մեր վախերը և ֆոբիաները գալիս են հնագույն ժամանակներից, հատկապես քարե դարից, երբ մեր հեռավոր նախնիները ապրել են ժայռերում: Հետագայում մտքերը սկսել են խաղալ ավելի կարևոր դեր, սակայն բնածին վախերը մնացել են նույնը», - ասում է հոգեբան Հասմիկ Սիմոնյանը:

Վախը չափազանց տարածված երևույթ է. ցանկացած մարդ ունի առնվազն երկու ֆոբիա: Մեզանից յուրաքանչյուրը ինչ-որ բանից վախենում է, և դրանում ոչ մի արտասովոր բան չկա, եթե այդ վախը չի հասնում պաթոլոգիկ մասշտաբների: Սակայն ոչ ցանկացած վախը կարելի է անվանել ֆոբիա: Եթե վախը կայուն է, և մարդը զգում է ներքևում թվարկված ախտանշաններից առնվազն երկուսը, ապա նրա վախը ֆոբիա է.

· ուժեղացած կամ հաճախացած սրտխփոց

· համրացում կամ ծակոցների զգացում

· քրտնկոտություն

· ջերմության բարձրացում

· մեռնելու վախ

· չորություն բերանում

· շնչառության դժվարացում

· վերահսկումը կորցնելու կամ խելագարվելու վախ

· շնչահեղձության զգացում

· կրծքում ցավ կամ դիսկոմֆորտ

· գլխապտույտի, անկայունության կամ ուշագնացության զգացում

· սրտխառնոց կամ տհաճ զգացումներ որովայնում

· դեռեալիզացիա (զգացում, որ առարկաները անիրական են) կամ դեպերսոնալիզացիա (անիրականության զգացում կապված սեփական ես-ի հետ)

«Ֆոբիաների տեսակները տարբեր են, օրինակ առախնաֆոբիան դասվում է առավել տարածված ֆոբիաների շարքին: Ընդ որում որոշ մարդկանց մոտ ավելի մեծ վախ կարող է առաջացնել նույնիսկ ոչ թե հենց սարդը, այլ սարդի նկարը: Առախնաֆոբիայով տառապող մարդիկ կարող են օրը մի քանի անգամ մանրամասնորեն զննել իրենց տունը՝ սարդի որոնումներով, նրանց ամենուր հետապնդում են այդ ութոտանիները, նրանք փորձում են որքան հնարավոր է քիչ լինել բնության գրկում, որտեղ սարդեր տեսնելու հավանականությունը բավականին մեծ է:

Կյանքի շատ դրսևորումներում երեխան կողմնորոշվում է իր ծնողներով և շրջապատող մարդկանցով: Եթե նրանցից ինչ-որ մեկը տառապում է առախնաֆոբիայով, սարդերին համարում է վտանգավոր և խուսափում է նրանցից, ապա հնարավոր է, որ երեխան ևս հետագայում սկսի վախենալ նրանցից: Սարդին տեսնելիս երեխայի մոտ հաճախանում են անոթազարկն ու սրտխփոցը, զարգանում է վախ»,-ասում է հոգեբանը:

Գոյություն ունեն ֆոբիայի տեսակներ, որոնք կարող են բավականին լուրջ կերպով դժվարացնել մարդկանց կյանքը: Կլաուստրաֆոբիայով տառապող ուսանողները խուճապ են ապրում լսարանում, իսկ աշխատակիցները՝ գրասենյակում, ինչը փաստացի խանգարում է արդյունավետ աշխատանքին և ուսուցմանը: Այն ի հայտ է գալիս խուճապային վախի տեսքով, երբ մարդը գտնվում է սահմանափակ տարածության մեջ՝ գնացքում և մետրոյում, ինքնաթիռում և տրանսպորտային այլ միջոցներում, ինչպես նաև՝ վերելակներում, նեղ սենյակներում և այլն: Ամբոխից վախը ևս համարվում է կլաուստրաֆոբիայի ձև:

«Ինչպես և հոգեկանի այլ խանգարումներ, կլաուստրաֆոբիան ևս կարող է կապված լինել մանկության տրավմատիկ միջադեպի հետ: Կլաուստրաֆոբիայով տառապող մարդը, մտնելով ինչ-որ մի տեղանք, հայացքով անմիջապես ֆիքսում է ելքերը և աշխատում է գտնվել դրանցից ոչ հեռու. իրեն զգում է անհարմար, երբ բոլոր դռները փակ են. փորձում է չնստել ղեկին, երբ ճանապարհին խցանումներ են լինում, աստիճաններով է բարձրանում, որպեսզի չօգտվի վերելակից և այլն», - ասում է Հասմիկ Սիմոնյանը՝ ավելացնելով, որ բավականին տարածված է նաև հերմաֆոբիան՝ հիվանդությունների, վիրուսների, միկրոբների, ինֆեկցիաների նկատմամբ ֆոբիան: 

Ֆոբիաների տեսակները շատ են, դրանցով պայմանավորված վտանգները ևս, այդ պատճառով հոգեբանը խորհուրդ է տալիս վերևում թվարկված ախտանիշների դեպքում ժամանակ չկորցնել և դիմել մասնագետի։

Սոնա Օհանջանյան

15:00 11.08.2019

Ամենաշատ ընթերցվածները