ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Ճանաչենք մեր վարպետներին
20:00 31.08.2019

Ճանաչենք մեր վարպետներին

Անահիտ Կարապետյան

Ծնվել է 1957 թվականին Երևանում, 1975-ին ավարտել է մայրաքաղաքի Պ.Սևակի անվան թիվ 123 միջնակարգ դպրոցը, ապա սովորել և ավարտել Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կիբեռնետիկայի ֆակուլտետները: Շուրջ 30 տարի և ավելի զբաղվում է եկեղեցական ասեղնագործությամբ, մասնակից ու դափնեկիր է միջազգային տարբեր փառատոների, 2008 թվականին արժանացել է «Ժողովրդական վարպետ» կոչման, ՀՀ ԶՈւ «Հոգևոր առաջնորդութուն» և «Աշոտ Երկաթ» պետական դրոշների հեղինակ է:

Ասեղնագործությունը դեկորատիվ կիրառական արվեստի տեսակ է՝ հագուստը, կենցաղային առարկաները զարդարելու, դեկորատիվ պաննոներ ստեղծելու արհեստ: Հին հայկական ասեղնագործության մասին են վկայում Ագաթանգեղոսը, Մովսես Խորենացին և ուրիշներ:

Ունեցել է երեք հիմնական ուղղություն՝ ժողովրդական (գեղջկական տարազ), քաղաքային (առևտրաարհեստավորական տարազ) և եկեղեցական (ծիսական պարագաներ):

Անահիտի հետ ծանոթացանք Քաջարանում՝ «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնի շրջանակում, որտեղ ներկայացված էր նաև նրա «Հայ ծիսական պարագաներ» ցուցահանդեսը: Ցուցադրված իրերը ասեղնագործ էին, մետաքսով՝ մետաքսի վրա:

«Եկեղեցական ասեղնագործությունն ունի իր յուրահատկությունները, - պատմում է արվեստագետը, - աշխատանքը, որն այժմ անում եմ, մոռացված էր ավելի քան 400-500 տարի, դրանով չէին զբաղվում երկար ժամանակ, իսկ հին գործերից մեզ հազիվ պատառիկներ են հասել»:

«Նշենք, որ եկեղեցական ասեղնագործությամբ զբաղվելու համար առաջին հերթին անհրաժեշտ է լավ իմանալ Հայ առաքելական եկեղեցու պատմությունը, - պատմում է Քաջարանի տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Շիրակ քահանա Խանոյանը, - դա շնորհ է, որ տրված է կնոջը, որը ձեռք է բերվում ապաշխարությամբ և աղոթքով: Եթե հիշենք, Հռիփսիմյան կույսերն էլ զբաղվում էին ասեղնագործությամբ, ուլունքագործությամբ՝ օրվա հացը վաստակելով, նրանք ուխտել էին չամուսնանալ՝ իրենց շնորհն այդպիսով միմիայն Աստծուն ծառայեցնելով»:

«Բարեբախտաբար, աշխատեցի  կիրթ և գրագետ մարդկանց հետ, նրանցից կարողացա քաղել այն, ինչ գրքերում չես գտնի, այն կարևորը, ինչի մասին կարդալ չես կարող, սակայն, դրանով հանդերձ, անընդհատ փնտրտուքների մեջ էի, - պատմում է վարպետը, - միշտ խնդրել եմ Աստծուն ինձ օժտել հոգեհարազատ շնորհով: 26 տարեկանից ասեղնագործում եմ, և առաջին աշխատանքներս եղել են հագուստների վրա, նմուշներն այսօր էլ պահպանում եմ: Հագուստի մի քանի մոդելավորողներ խնդրեցին տրամադրել դրանք՝ ուսումնասիրելու համար, բայց կարծում եմ՝ այդ գործերն իրենց նմանակը չպետք է ունենան»:

Հոգուն հարազատ շնորհը

Արդեն 1990-ականներին կայացավ Անահիտի մուտքը եկեղեցական ասեղնագործություն. Սուրբ սեղանի սփռոցներ և խորանի վարագույրներ… դրանց հաջորդած առաջին օրհնությունը:

«Մինչ այդ հայ եկեղեցու պատմություն չէի ուսումնասիրել, ուղղակի լավատեղյակ էի մեր ժողովրդի պատմությանը: Ուստի քայլեր արեցի՝  այդ բացը լրացնելու համար: Աստվածաշունչն ուսումնասիրում էի ամենայն մանրամասնությամբ՝ փորձելով ամեն բառի  նշանակությունը հասկանալ։ Սուրբ գրքում գրված է. «Բուրդ և կտավ ձեռք բերելով՝ նա իր ձեռքով պիտանի հանդերձներ է պատրաստում, …. իր մատներով իլիկ է մանում…» (Առակներ 31.29)… Ասում են նաև՝ ոստայնագործությունը Աստված տվեց կնոջը՝ որպես շնորհ, իսկ ասեղնագործությունը նույն ոստայնագործությունն է, և պատահական չէ, որ հնում կանայք մեծ մասամբ ասեղնագործել են, դա կնոջ զարգացած լինելն էր վկայում, նրան վարկանիշ տալիս», - պատմում է Անահիտը։

«Իմ առաջիկա ծավալուն աշխատանքն է լինելու Դադիվանքի մեծ վարագույրի ասեղնագործումը, կարծում եմ՝ այն շուրջ մեկուկես տարի զբաղվածություն կպահանջի:  Ի դեպ, վարագույրները կարևոր ծիսական պարագաներ են, հոգևոր մեծ խորհուրդ  ունեն», - լրացնում է վարպետը:

Անահիտ Կարապետյանի արմատները Արևմտյան Հայաստանից են, ինչի մասին հպարտությամբ է խոսում, պատմում, որ իր նախնիները եղել են հայրենասեր, գործով ապացուցել իրենց նվիրվածությունը երկրին: Պատմեց նաև, որ մայրը սիրողական մակարդակով երգում էր, լավ ձայնային տվյալներ ուներ, նրա կատարմամբ կոմիտասյան դժվարամարս նոտաները զուլալ էին հնչում։

«Մեր ընտանիքի հյուրերն են եղել ժամանակի շատ մտավորականներ, արվեստի մարդիկ, երգիչներ,  ովքեր հավաքույթների ժամանակ, ջերմ մթնոլորտում սիրում էին լսել մայրիկիս: Հայագիտություն, հայ ժողովրդի և Հայ առաքելական եկեղեցու պատմություն, մանրանկարչություն - ահա  այն հիմքը, որն անհրաժեշտ է նման աշխատանք կատարող վարպետներին»:

2019 թվականի օգոստոսի 24-ին Երևանում նույն «Ֆրեսկո» փառատոնի շրջանակում կայացավ Անահիտ Կարապետյանի՝ առավել ընդլայնված «Հայ ծիսական պարագաներ» ցուցահանդեսը:

«Իմ աշխատանքներում Աստծո օրհնությունն ու արտացոլանքը կա», - խոսքը եզրափակեց Անահիտ Կարապետյանը:

Լիլիթ Իսրայելյան

20:00 31.08.2019

Ամենաշատ ընթերցվածները