ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Սեփական բիզնեսը ի նպաստ տուրիզմի զարգացման
14:00 01.09.2019

Սեփական բիզնեսը ի նպաստ տուրիզմի զարգացման

Մարզկենտրոնից 72 կմ հյուսիս գտնվող Շինուհայր գյուղը նոր շունչ է ստացել։ 21-ամյա Անի Առաքելյանի համառ ջանքերով մեկ ամսից ավելի է, ինչ բացվել է ընտանեկան վայր կոչվող Առաքելյանների  այգի։ Էկոռեստորանում մատուցվում են միայն գյուղական ուտեստներ՝ նպատակ ունենալով գյուղական կյանքի քաղցրությունը փոխանցել  այցելուներին: «Տաթևեր» ճոպանուղուց մոտ 4 կմ հեռավորության վրա գտնվող Շինուհայրում բացված ընտանեկան վայրը, Անիի կարծիքով,  միանշանակ կնպաստի  տուրիզմի զարգացմանը։ 

Նախաձեռնողի մասին

Շինուհայրցի Անին փոքր տարիքից ապրում է Երևանում։ Սովորել է Երևանի Ստեփան Զորյանի անվան վարժարանում, հետո թիվ 109 ավագ դպրոցում: Այս տարի ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի լրագրության բաժինը։ Այժմ հեռակա ուսուցմամբ սովորելու է  ՀՀ կառավարման ակադեմիայի հանրային կառավարում բաժնում: Անիի ամենամեծ նախասիրությունը  մարդկանց հետ շփվելն է․ «Համալսարանի վերջին կուրսում սովորելիս աշխատանք էի փնտրում, նույնիսկ մի տեղ փորձաշրջան անցա, բայց հասկացա, որ ես իմ ափսեում չեմ, սպառվում եմ ուրիշի կարգադրությամբ աշխատելիս»:

Կարճ ժամանակում արդյունավետ աշխատանք

Երկար փնտրտուքներից հետո որոշեց ունենալ իր սեփական բիզնեսը։ Տարածք չուներ, բայց հստակ պատկերացնում էր, թե ինչ  է ուզում՝ ստեղծել ընտանեկան մի վայր, որտեղ կարելի է հետաքրքիր ժամանց անցկացնել․ «Խնայած գումար ունեի, հենց դրանով էլ սկսեցի: Տեղը պատահական չի ընտրված, մեր պապական տունն է, գրեթե բոլոր ամառային արձակուրդներս այստեղ են անցել»։

Վայրը ընտրելով մայրաքաղաքից շատ հեռու հարազատ Շինուհայրում՝ Անին հեռավորության առումով մտավախություն չուներ, քանի որ տեղանքը «Տաթևեր» ճոպանուղուն մոտ է․ շարժ միշտ կա․ «Ընտանիքիս անդամներն ու ընկերներս սկզբնական շրջանում  բացասական էին վերաբերվում իմ ծրագրին։ Ոչ ոք չէր հավատում, որ կստացվի, շատերն էլ պարզապես չէին պատկերացնում, թե ինչ եմ ուզում: Ի սկզբանե միայն հայրս հավատաց, վստահեցրեց, որ անպայման ստացվելու է, ու մինչև վերջ աջակցեց ինձ: Գյուղի ընկերներս էլ շատ օգնեցին»։ 

Կարճ ժամանակում են ստեղծել Arakelyan’s garden-ը․ «Աշխատանքը սկսել էինք հունիսի 29-ին: Երբ ասացի, որ ուզում եմ բացումը լինի հուլիսի 7-ին, ավելի եռանդով սկսեցին օգնել, մինչև լուսաբաց աշխատում էինք»։

Arakelyan’s garden-ը՝ բրենդային անուն

Առաքելյանների այգի անունը պատահականորեն չի որոշվել։ Անին միշտ երազել է, որ իր ազգանունը դառնա բրենդ․ «Շատ հեշտ ու պարզ որոշեցի անունը, պարզապես Առաքելյանների այգի: Անգլերենի հետ կապված շատ քննադատություն եղավ, բայց ես գիտեմ, որ արդարացված է անվան անգլալեզու լինելը, քանի որ նպատակս մեծ մասամբ արտասահմանցի զբոսաշրջիկների հետ աշխատելն է եղել, բացի դրանից էլ, «Arakelyan’s» բրենդը ուզում եմ հայտնի դարձնել նույնիսկ օվկիանոսից այն կողմ»։

Arakelyan’s garden-ի նպատակը գյուղական կյանքի քաղցրությունը փոխանցելն է այցելուներին:  Ստեղծելով ջերմ և հաճելի միջավայր, այնտեղ այցելելով՝ հստակ պատկերացում կկազմեք գյուղական կյանքի մասին, ինչպես նաև կճաշակեք ավանդական ուտեստներ, որոնց բաղադրիչները ձեռք են  բերվում  Անիի տատիկի այգուց  կամ  գյուղացիներից։  Ավելուկով աղցանից մինչև չորաթան, տնական կոմպոտ, անգամ գյուղի սարերից հավաքած խոտաբույսերով թեյ․ «Արել ենք ամեն ինչ, որ յուրաքանչյուր այցելու գտնի իրեն հետաքրքրող որևէ բան։ Առաքելյանների այգին առանձնանում է իր պարզությամբ, ոչ մի ավելորդ կառույց չկա, ամեն ինչ մինիմալիստական է, որն էլ թույլ է տալիս մարդկանց հանգիստ զգալ իրենց: Մեր ռեստորանի այցելուները կարող են պատվերը տալուց հետո մտնել կից այգի և ինքնուրույն քաղել իրենց պատվիրած ուտեստի բաղադրիչների մեծ մասը։ Այստեղ կարող են նաև խարույկ վառել, կիթառ նվագել, այցելել ռեստորանին կից հին իրերի թանգարանը և ինչու ոչ՝ գիշերել մեր տանը»:

Այսօր արդեն բոլորը գիտեն, որ Շինուհայրի 5-րդ փողոցում հետաքրքիր ռեստորան է բացվել: Սկզբնական շրջանում այցելուներ չկային, այսօր արդեն քիչ-քիչ գալիս են․ «Երբ բացեցի, բոլոր նրանք, ովքեր չէին հավատում, տեսնելուց հետո շատ զարմացան: Առաջիկայում ցանկանում եմ համագործակցել տուրիստական ընկերությունների հետ: Հուսով եմ՝ ամեն ինչ լավ կլինի: Ինչպես ասում են, եթե ի սրտե որևէ բան ես ցանկանում, ապա ամբողջ տիեզերքը նպաստում է դրա իրականացմանը»։ Անիի խոսքով՝ անգամ տատն էր դեմ, բայց երբ տեսավ, թե թոռնուհին ինչ աշխատանք է կատարում, միանգամից համաձայնեց։

Առաջիկայում նախատեսում է մնալ Շինուհայրում և ռեստորանը տան այգուց տեղափոխել առանձին հողատարածք, որը արդեն ձեռք է բերել։ Այն ավելի մոտ է ճոպանուղուն և ունի հրաշք տեսարան։

Նարե Խաչատրյան

Լուսանկարները՝ gastrovino.mediamax.am

14:00 01.09.2019

Ամենաշատ ընթերցվածները