ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Երկու օր հյուսիսում
17:00 01.09.2019

Երկու օր հյուսիսում

Երբ իմացավ՝ Սյունիքից եմ, հանդիմանանքը կրկնապատկվեց

Մի քանի օր առաջ Շիրակի մարզում էինք: Գնացել էինք սահմանամերձ գյուղեր մարդկանց առօրյային ծանոթանալու, խնդիրները վեր հանելու: Մի քանի գյուղ գնալուց հետո տպավորություն էր՝ կարծես մարդիկ դեռևս 90-ականներում են ապրում, երբ մթերք ու կենցաղային իրեր գնելու համար հարկավոր է մի քանի կիլոմետր անցնել հասնել կողքի քաղաք, կամ ջուր խմելու, անասուններին ջուր տալու տալու համար ստիպված պետք է ջրհորից ջուր հանել: Իսկ գյուղերում, որտեղ այցելել ենք, ամենաշատը  10  կամ 12 ընտանիք է ապրում: Օրինակ՝ Բարձրաշեն գյուղում, որը սահմանակից է Թուրքիային, ընդամենը 6 ընտանիք է ապրում:

Երբ մտանք գյուղ, դրսում, պատի տակ նստած շնից բացի, շնչավոր մեկին չտեսանք մինչև բիդոնների չխչխկոցը լսելը: Պայծառ տատն էր՝ գյուղի հավատարիմ բնակիչներից մեկը: Գլուխը կախ, բիդոնը շալակած, դույլը ձեռքին՝ բարձրանում էր ջրհորից ջուր բերելու: Մինչև մոտեցանք, նա մի երկու անգամ արդեն ջրերը դատարկել էր տաշտի մեջ՝ ուր որ է հանդից ծարավ վերադարձող անասունների համար: Երբ մոտեցանք, աչքի տակով հանդիմանական հայացքով նայեց ինձ ու հարցրեց ՝ որտեղից եմ, ասացի՝ Սյունիքի մարզից: Հանդիմանական հայացքն ավելի կրկնապատկվեց, փորձեցի հասկանալ ինչու,  պատասխանեց. «պարզ է, աղջի՛կ ջան, դու ինչըխ կըպատգերացնիս՝ ոնց ենք ապրում»: 

Որևէ բան չասացի, մոտեցա ու փորձեցի ջրհորից ջուր հանել, երկու անգամ դժվարությամբ դույլը հանեցի հորի միջից, ձեռքերս քշտեցի ու բռով ջուր խմեցի: Պայծառ տատը նայեց, ծիծաղեց ու սկսեց խոսել իր ոչ այնքան հեշտ և չտարբերվող առօրյայի մասին: Նրա խոսքով՝ երկար ժամանակ որևէ խնդրով ոչ ոք չի հետաքրքրվել:

«Գյուղի համար կենսական խնդիրներից, կեցության առաջնային հարցերից բացի՝ ճանապարհների վերանորոգման խնդիր կա: Գոնե վերանորոգելու դեպքում կողքի գյուղ հասնելը փոքր-ինչ կհեշտանա», - ասում է Պայծառ տատը:

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի խոսքով՝ թեև նախկինում այս հարցերի լուծման համար նույնիսկ քայլեր չեն կատարվել, բայց հիմա փորձում են քիչ-քիչ դրական տեղաշարժեր գրանցել: Նախատեսվում է որոշ համայնքներում խճի հանքեր ունենալ: Համայնքը, ունենալով սեփական խճի հանք, այդ ռեսուրսը կօգտագործի ապահով և հարթ ճանապարհներ կառուցելու համար:

Բնակիչներն այս մասին ոչինչ չգիտեն, միակ բանը, որ ցանկանում են, հնարավորինս շուտ իրենց հոգսերը փոքր-ինչ թեթևացնելն է:

Դժվարությունը նպատակին հասնելուն չի խանգարի, եթե ցանկություն կա

Հաջորդ կանգառներից մեկը Ջրաձոր համայնքն էր: Երբ մտանք գյուղ, առաջինը, որ աչքի զարնեց, ոչ բարվոք վիճակում գտնվող տներն էին: Բնակիչների մեծ մասն ապրում է տնակներում,  ոչ անվտանգ  և սեյսմիկ անկայուն վիճակում: Մարդիկ երկար տարիներ է՝ հույսով են, որ Կապսի ջրամբարի վերակառուցումը կբարելավի կյանքը, կթեթևացնի հոգսերը: Սակայն, ինչպես կողքի տներից մեկի բնակչուհին ասաց, 30 տարուց ավելի հարս է այստեղ, բայց ջրամբարի կառուցման մասին միայն լսում է՝ առանց որևէ գործնական քայլ տեսնելու:

Ջրամբարի կառուցման գաղափարը դեռ խորհրդային տարիներից է եկել: Այն ժամանակ նախատեսվում էր Կապսի ջրամբարի միջոցով Ախուրյանից հոսող ջուրը Մարալիկով հասցնել Թալին:  Արդեն բավականին երկար տարիներ են անցել, բայց սայլը տեղից չի շարժվել: Ջրաձորի բնակիչներն էլ երկար ժամանակ հույսով սպասում են ջրամբարի կառուցմանը, որը վերջապես կկանխորոշի գյուղում մնալու իրենց հետագա ճակատագիրը: Սպասումները շատերին քաղաք է տարել, շատերն էլ պարզապես հնարավոր պայմաններ են ստեղծել գոյատևելու համար։

«Ջրամբարի կառուցումը և ընդհանրապես ջրային ռեսուրսների կառավարումը Հայաստանի թիվ 1 ռազմավարական առաջնահերթություններից մեկը պետք է  լինի, - ասում է մարզպետը՝ նշելով, - հատկապես Կապսի ջրամբարի առումով մեծ գործ ունենք անելու՝ հաշվի առնելով, որ դեռևս Խորհրդային Միության տարիներին ջրամբարի վրա բավականին աշխատանք է կատարվել»:

Գյուղի անկայուն վիճակը, սակայն, բոլորին չէ, որ հուսախաբ է արել: Նույնիսկ նման պայմաններում մարդիկ մեծ նպատակներ ու երազանքներ ունեն: Ջրաձորի անունը միայն գյուղի խնդիրների առիթով չէ, որ հիշատակվել է լրատվամիջոցներում: Այն, շնորհիվ գյուղի երիտասարդներից Երվանդի, մեկ անգամ չէ, որ հայտնվել է ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում: Իսկ առիթը երիտասարդի վազքի մրցույթներում գրանցած հաջողություններն ու հաղթանակներն են:

Գյուղի տներից մեկը մտնելուն պես բնակիչներից մեկը մեզ ուղեկցեց Երվանդենց տուն՝ ճանապարհին  հպարտությամբ պատմելով տղայի հաջողությունների մասին: Երբ հասանք, տանը ոչ ոք չկար, մի փոքր դրսում սպասեցինք, մինչև որ տնեցիք եկան: Գնացել էին հանդում աշխատելու, երբ իրենց օրվա գրաֆիկը խախտելով, տուն կանչեցինք:

Գալուն պես հրավիրեցին տուն, տեղավորվեցինք տան նախասրահի փոքրիկ բազմոցին և սկսեցինք զրուցել: Խոսում էինք բոլորի հետ, իրար հերթ չտալով, կարծես երկար ժամանակ է՝ ճանաչում ենք միմյանց: Երվանդը պատմում էր իր կարիերայի, հաջողությունների մասին, թե ինչպես 17 տարեկանում առաջին մրցույթն ունեցավ, ինչ ձախողումներ եղան: Իսկ հայրն ու մայրը հպարտությամբ հետևում էին՝ ընթացքում լրացնելով Երվանդին, ով ոչ բոլոր հաղթանակների մասին էր պատմում՝ համարելով, որ դրանք այնքան էլ մեծ հաջողություններ չեն, հաղթանակները դեռ առջևում են:

Դժվարությունների մասին համեստորեն լռում էր, իհարկե, դրանք տեսանելի էին: Գյուղում չունենալով համապատասխան վայր իր սպորտային հմտությունները զարգացնելու համար՝ Երվանդը ստիպված է դժվարանցանելի ճանապարհներով, հաճախ նաև երթուղայինում կանգնած հասնել քաղաք՝ մարզչի հետ աշխատելու:

«Դժվարությունները շատ են, բայց եթե մարդ ցանկանում է, անպայման հասնում է հաջողության, -ասում է մայրը՝ տիկին Թամարան՝ նշելով, - նույնիսկ նման պայմաններում հնարավոր է նպատակին հասնել, միայն թե ցանկություն է պետք»:

Մինչ Երվանդը պատմում էր իր մրցումների մասին, մայրը սենյակից մի պայուսակ բերեց, որտեղ որդու մեդալներն ու պարգևներն էին, որոնք այնքան շատ էին, որ նույնիսկ սեղանը չբավականացրեց ամբողջը տեղավորելուն: Իսկ մրցանակները տարբեր տեղերից էին, Հայաստանում և Վրաստանում տեղի ունեցած մարաթոններից սկսած մինչև Մերձբալթյան երկրներ: Վերջին ելույթը Մալթայում էր, որտեղից Երվանդը ոսկե մեդալով է վերադարձել: Իսկ Եվրոպայի փոքր պետությունների մարզիկների առաջնությունում չեմպիոնի տիտղոսին է արժանացել:

Սպորտն իրեն շատ պետություններ է տարել: Սակայն անկեղծանում է՝ իր գյուղը ոչ մի վայրի հետ համեմատել չի կարող։ «Էստեղ քուկդ է ամեն ինչ, մի քիչըմ դժվար է պայմաններն էստեղ, բայց ոչ մի տեղի հետ համեմատել չեմ կարող», - ասում է Երվանդը՝ հույս հայտնելով, որ մի օր գյուղը ոտքի կկանգնի, և ջրամբարն էլ վերջապես կվերակառուցվի:

Այժմ, բացի ջրամբարի կառուցումից, գլխավոր նպատակը 2020 թվականի օլիմպիադային մասնակցելն է: Իսկ նպատակին հասնելու համար ամեն օր է աշխատում, սակայն հանդում աշխատող հորը  օգնելուց հետո միայն:

Նորա Հայրապետյան

17:00 01.09.2019

Ամենաշատ ընթերցվածները