ԱՎԵԼԻՆ

Արցախ

Աշխարհասփյուռ հայությունը տոնում է Արցախի Հանրապետության անկախության 28-ամյակը
13:00 02.09.2019

Աշխարհասփյուռ հայությունը տոնում է Արցախի Հանրապետության անկախության 28-ամյակը

Արցախի Հանրապետությունը 28 տարեկան է. 1991թ. սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ) նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում:

Այդպիսով, իրականացվեց մի իրավունք, որն արտացոլված էր այն ժամանակ գործող օրենսդրության մեջ, մասնավորապես 1990թ. ապրիլի 3-ին ընդունված օրենքը, որը նախատեսում էր ազգային ինքնավարություններին իրավունք տրամադրել ինքնուրույն կերպով որոշելու սեփական պետաիրավական կարգավիճակը՝ ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու դեպքում:

1991թ. դեկտեմբեր 10-ին, Խորհրդային Միության պաշտոնական անկումից ընդամենը մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում անցկացվեց հանրաքվե, որի ընթացքում ազգաբնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը, արտահայտվեց Ադրբեջանից լրիվ անկախանալու օգտին: Դրան հետևած խորհրդարանական ընտրություններում ընտրվեց ԼՂՀ խորհրդարան, որն էլ կազմեց առաջին կառավարությունը: Անկախ ԼՂՀ կառավարությունը իր պարտականությունների իրականացմանն անցավ բացարձակ շրջափակման և նրան հետևած Ադրբեջանի ռազմական ագրեսիայի պայմաններում:

Ստեղծված իրավիճակում Բաքվի պատասխան գործողությունները չուշացան։ 1991 թ. սեպտեմբերի 25-ին Շուշիից առաջին անգամ «Ալազան» տիպի հրթիռներով ռմբակոծվեց Ստեփանակերտը: Մեկնարկեց արցախյան ազատամարտը։ Պատերազմի հորձանուտում ձևավորվեց հայկական բանակը, որը կարողացավ ապահովել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը։

Ադրբեջանի խնդրանքով 1994թ-ի մայիսի 12-ին ստորագրվում է հրադադարի մասին փաստաթուղթը Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների կողմից:

Անկախությունից 15 տարի անց կրկին սեպտեմբերի 2-ին  համաժողովրդական հանրաքվեի միջոցով արցախցիներն ընդունեցին պետության ու հասարակության հիմնական օրենքը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությունը:

Յուրաքանչյուր տարի սեպտեմբերի 2-ին Արցախում տոնական միջոցառումներ են անցկացվում տոնի առիթով: Արցախի Հանրապետության անկախության հռչակման 28-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությունների շրջանակում սեպտեմբերի 2-ին՝ ժամը 11:30-ից 14:00-ն Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում կազմակերպվելու է ռազմական տեխնիկայի և սպառազինության ցուցահանդես, որի ժամանակ ներկայացվելու են նաև սեփական արտադրության նոր զինանմուշների ցուցադրություն: «Վերածննդի» հրապարակում բացազատվելու է դաշտային խոհանոց՝ համերկրացիներին և հյուրերին հնարավորություն ընձեռելով համտեսել  զինվորական ճաշ:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

13:00 02.09.2019