ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Ամուլսարը ճապոնական Կոկուրոն է
16:00 03.09.2019

Ամուլսարը ճապոնական Կոկուրոն է

1945թ. օգոստոսի 9-ին ճապոնական Կոկուրո քաղաքի բախտը բերեց, որ երկինքը ամպամած էր: Այդ պատճառով ամերիկյան ռմբարկուն, որը պատրաստվում էր ի սկզբանե երկրորդ ատոմային ռումբը նետել այս քաղաքի վրա, փոխեց որոշումը և նետեց պահեստային տարբերակով ընտրված Նագասակիի վրա: Այդ օրվանից Ճապոնիայում ծնվեց ասույթ՝ ունենալ Կոկուրոյի բախտ, այսինքն՝ բախտ, որի մասին դու նույնիսկ տեղյակ էլ չես, բայց ունես: 

Օգոստոսի 29-ին կառավարության և «Էլարդ» լիբանանյան ընկերության միջև կայացած տեսակոնֆերանսը տեղի ունեցավ վարչապետի պատահական ցանկության շնորհիվ: Այդ ընկերությունը եկել էր Հայաստան, իր գործն արել գնացել էր, և մեծ հաշվով նոր զրույցի կարիք չկար: Եզրակացությունը վարչապետի օգնականները ու խորհրդատուները, ինչպես նաև քննչական խմբի ղեկավար, գնդապետ Իվանյանը արդեն հրամցրել էին վարչապետին որպես դրական: Սակայն Ամուլսարի կոկուրոյան բախտը բերեց, վարչապետը այդ կոնֆերանսին տվեց մի շարք տրամաբանական հարցեր, ինչից հետո պարզ դարձավ, որ նրան ակնհայտորեն մոլորեցնում էին մեկուկես տարի շարունակ:

Ամեն ինչ վերագրել կոկուրոյան բախտին՝ արդարացի չի լինի իհարկե, հենց այդ պատճառով մենք հիմա կվերլուծենք հետագա զարգացումները՝ հաշվի առնելով «կոկուրո» և ոչ այնքան «կոկուրո» հանգամանքները:

Քննչական մարմինների վեթինգ

Անցած շաբաթվա սկանդալը, կարող ենք ասել՝ ներկա իշխանությունների առաջին պաշտոնական կոռուպցիոն սկանդալը, Ամուլսարի քննության ղեկավար գնդապետ Իվանյանի և նախկին բնապահպանության նախարար Գրիգորյանի արյունակցական կապն էր: Քննչականի պետ Իվանյանը չէր կարող ոչ մի կերպ մեղադրել իր հորեղբոր տղա նախկին նախարարին, որը ժամանակին «Լիդիան Արմենիա» ընկերության թույլտվությունն էր տվել: Ու այս աչառու վերաբերմունքի մասին իմացանք շատ պատահական՝ մամուլից: Ամուլսարի հանքի ակնհայտ ջատագովներին հաջողվեց 1 տարուց ավելի երկրի ղեկավարին հիմարի տեղ դնել, մինչև հայ հասարակության կոկուրոյան ամպերը բացվեցին, և թաքնված ճշմարտության վրա արև ընկավ:

Հեղափոխական իշխանությունները ակնհայտ ձախողել են քննչական մարմինների բարեփոխումները, կամ ավելի ճիշտ, չսկսելով այդ բարեփոխումները՝ նրանք խայտառակվեցին բոլորիս աչքի առաջ: Հնարավոր է՝ այս հոդվածը տպվելու օրը Նիկոլ Փաշինյանին մեջքից հարվածած մարդկանց մի մասը արդեն ազատված լինի զբաղեցրած պաշտոններից, սակայն դա չի ազատի մեր իշխանություններին նմանատիպ հարվածներից, եթե նրանք լրջորեն չվերանայեն ապիկար քննիչներին, որոնք ուղղորդվում են միայն կոռուպցիոն կապերով, այլ ոչ երբեք արհեստավարժ գիտելիքներով: Հին մտածելակերպով հին քննիչները չեն կարող երեք լեզվով ստուգել և վերստուգել օտարերկրյա ընկերության մատուցած տեղեկատվությունը: Համացանցի առկայությունը դեռ չի նշանակում, որ քննիչները կարող են օգտագործել ի շահ մեր պետության, իսկ գրադարանային գրքերով այսօր մեծ հաջողությունների չես հասնի տեղեկատվական պատերազմի դարում: Եվ ուրեմն՝ քննչական մարմինների վեթինգը անխուսափելի է: Այն ոչ թե ասֆալտին փռելով է պետք իրականացնել, այլ մանրակրկիտ ու մասնագիտական մոտեցմամբ:

Մտերիմներին պատժելու արվեստը

Համաշխարհային պատմությունը ուսումնասիրելով՝ հասկանում ես, որ մեծ հաջողությունների հասնում են միայն այն ղեկավարները, որոնք ի վիճակի են պատժել յուրայիններին, բարեկամներին, ընկերներին: Պետության ղեկավարը պետք է լավը լինի բոլորի համար, նույնիսկ թշնամիների և հակառակորդների: Իսկ բոլորի համար լավ ղեկավարը այլ տարբերակ չունի, քան արդարացի լինելը: Ամուլսարի հանքի ջատագովները կամ պարզապես ծախված մարդիկ են, կամ անուղղակի շահեր ունեցողներ են, և դրանք պետք է օր առաջ հեռացվեն պետական կառավարման համակարգից: Չեն կարող միայն անձնական շահերով երկրի ղեկավարին մոլորության մեջ գցող մարդիկ մնալ ու վայելել իշխանությունը: Եթե մնան, կմոտեցնեն հեղափոխականների իշխանության վախճանը: 

Նիկոլ Փաշինյանի խնդիրը այն է, որ ինքը չի հասկացել, թե ով էր ինքը, երբ եկել է իշխանության: Եթե դու չգիտես՝ դու ով ես, իշխանությունը ինքն է ցույց տալիս՝ դու ով ես ժամանակի ընթացքում:

Իրապես պատմական շրջանում ենք ապրում, քանզի ամեն րոպե սպասում ենք, թե վարչապետը կթռցնի՞ խաբեբա վեզիրների գլուխները, թե՞ կփորձի հերթական 15-20 տոկոս վարկանիշի հաշվին ծածկադմփոց անել այս կոռուպցիոն սկանդալը:

Մտերիմին պատժելը հեշտ բան չէ, համաձայն եմ, բայց եթե այդ արվեստին չես տիրապետում, ապա նույնիսկ սեփական կնիկն ու երեխաներն են նստում գլխիդ, ոտքերը գցում ներքև ու կրունկներով կրծքիդ հարվածելով՝ քեզ հրահանգներ տալիս տեղին և անտեղի:

Տարբերակ չկա, կամ Փաշինյանը դառնում է իրական առաջնորդ և ճիշտ վերլուծելով իրավիճակը՝ հրաժարվում է ինքնախաբեությունից՝ համապատասխանաբար պատժելով յուրայիններին, կամ յուրայինները վերջնականապես քանդում են հեղափոխության հիմքը և տապալում իր իշխանությունը:

Վերահսկողության բացակայություն

Պետական ապարատի աշխատունակության և մեթոդաբանության մասին ես ոչ միայն որպես լրագրող ծանոթ եմ ներսից: Օրինակ՝ մի մասնավոր ընկերությունում, որտեղ ես աշխատում եմ, 3 մլն դրամ արժեցող համակարգչի գնումը տևում է մեկ օր, իսկ մեկ այլ՝ պետական հիմնարկում, որտեղ ես կրկին աշխատում եմ, մեկ ֆոտոխցիկի գնումը, որն արժե 300 000 դրամ, տևում է 8 ամիս: Մեկ օր և ութ ամիս, սա պարզապես ժամկետների խայտառակ տարբերություն չէ, սա մտածելակերպի, աշխարհայացքների, ընկալման, ըմբռնման, վերլուծության, տրամաբանության տարբերություն է: Մեր սիրելի վարչապետին սրանով են խաբում, ասում են. «Պարո՛ն վարչապետ, չենք կարող մեկ օրում անել, ընթացակարգերը, օրենքները այնպես են, որ մի ութ ամիս պետք է տևի»: Փաշինյանը չունի պետական կառավարման փորձ, նա ստիպված հավատում է այսպիսի բաներ ասող ստահակներին: Ինչու՞ են այս մարդիկ ստահակ, որովհետև խլում են մեզնից ժամանակ, որը էլ երբեք հետ չես բերի:

Արդյո՞ք քայլականները կարողացել են ստեղծել գեթ մեկ ինստիտուտ 1  տարի 2 ամսում, որը ի վիճակի կլինի վերահսկել նախկին համակարգին հլու-հլազանդ ծառայող մարդկանց և նրանց կառույցները: Իհարկե ոչ, ամռանը Ազգային ժողովը խիղճը հանգիստ գնաց հանգստանալու, փոխանակ բազմաթիվ կարևոր օրենսդրական բացեր վերացներ, որ արդեն մի ստվար զանգված հեռանար պետական համակարգից՝ հասկանալով, որ իր կոռումպացված ղեկավարման ժամանակաշրջանի աստղը մարել է:

Ասողին լսող է պետք, անողին էլ՝ խելք ու աշխատանքային փորձ: Կոկուրոյի բախտը լավ բան է, բայց ամեն օր ու ամեն ժամ չի աշխատի, հավանականության տեսությամբ և դառը հայկական փորձառությամբ եմ ասում:

Արման Սուլեյմանյան

16:00 03.09.2019

Ամենաշատ ընթերցվածները