ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Դավիթբեկը առաջին անգամ նշեց իր օրը
18:00 04.09.2019

Դավիթբեկը առաջին անգամ նշեց իր օրը

Պատմական ակնարկ

Դավիթբեկ գյուղը գտնվում է Կապան խոշորացված համայնքի կազմում, մարզկենտրոնից 25 կմ հյուսիս-արևելք։ Այն պայմանականորեն բաժանված է մի քանի շրջանների՝ վերին, ներքին, Ենգիջյա: Դավիթբեկի մոտակայքում՝ անտառի եզրին՝ 1700 մ բարձրության վրա, գտնվում էին Կարմրաքար (Ղզլդաշ) հանգստյան տունը և ամառանոցը, որ ակտիվ գործունեություն էին ծավալել խորհրդային տարիներին: Հանգստյան տնից 3-4 կմ հյուսիս-արևմուտք կա ավերված եկեղեցի Բերդիկ ունունով և Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Բերդիկ (Բիրդիք) գյուղի ավերակները: Կանգուն են պարիսպների խոշոր և անտաշ քարերով շարված հիմնապատերը: Ենթադրվում է, որ դա Բաղքի Անդոկաբերդն է, որը, ըստ Օրբելյանի, պաշտպանական դեր է կատարել 7-12-րդ դդ։

Գյուղը Դավիթբեկ է վերանվանվել 1949թ․: Ըստ որոշ հեղինակների՝ գյուղը հիմնադրվել է 18-րդ դարի երկրորդ կեսին Ղարաբաղի Հիլից գյուղից եկած մի քանի ընտանիքների կողմից։ 19-րդ դարում այստեղ են եկել ընտանիքներ նաև Տախից, Պարսկաստանի Ղարադաղից։

1919-1921թթ․ գյուղը հիմնականում շրջապատված էր թուրքերով, որոնց հետ ընդհարումներ են եղել:

1879թ․ Դավիթբեկում է ծնվել ազգային-ազատագրական և քաղաքական գործիչ, առաջին հանրապետության հիմնադիրներից Արամ Մանուկյանը: Սակայն նրանց ընտանիքը գյուղից տեղափոխվել է Շուշի, երբ Արամը դեռ փոքր էր:

Գյուղը մասնակցել է նաև հայ-ադրբեջանական պատերազմին՝ հրետակոծվելով դեռևս 1992 թվականի հունվարից, որից վնասվեցին գյուղի որոշ տներ։

Գյուղի տոնը նաև տարեկան հաշվետվություն կլինի

Եվ այսպես սեպտեմբերի 2-ին Դավիթբեկում տոնական մթնոլորտում ազդարարվեց նոր ավանդույթի սկիզբը։ Այսուհետ այդ օրը կնշվի որպես գյուղի օր։ Ինչպես միջոցառման կազմակերպիչներն են ասում, օրը պատահական չի ընտրվել։ 1993թ․ այդ օրերին դադարեց գյուղի ուղղությամբ հրետակոծությունը, քանի որ հարևանությամբ գտնվող տարածքները ազատագրվեցին թշնամուց։

«Գյուղը 250 տարուց ավելի պատմություն ունի։ Մեր նպատակը տոնը ավանդույթ դարձնելն է, ինչը գյուղացիներին համախմբելու լավագույն տարբերակներից է։ Սա առաջին քայլն էր, մնում է շարունակականությունը ապահովենք», - նշում է կազմակերպիչներից Վահագն Մովսիսյանը։

Առավոտյան միջոցառումը սկսվեց Կապանի տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Վահան քահանա Հեբոյանի մատուցած օրհնության կարգով։ Այնուհետև ծաղկադրում կատարվեց Հայրենական պատերազմում և Արցախյան գոյամարտում զոհվածների հուշարձանին։ Սրանից հետո Սուրբ Գայանե եկեցեղու բակը հանձնվեց գյուղի միջնակարգ դպրոցի սաներին, ովքեր մշակութային գեղեցիկ համարներով օրվան տոնական շունչ հաղորդեցին։

Ինչպես մեզ տեղեկացրեց Դավիթբեկի վարչական ղեկավար Բենիկ Պողոսյանը, այս պահի դրությամբ գյուղում մշտական բնակվում է 450-ից ավելի մարդ, այս տարի արդեն մեկ նորածնի ճիչ է լսվել գյուղում։ «Եթե ասեմ գյուղից արտագաղթ կա, ճիշտ չի լինի։ Այս պահին կայուն վիճակ է, ո՛չ ներգաղթում են, ո՛չ էլ արտագաղթում։ Որպես առաջին անգամ նշված տոն, պետք է ասեմ, որ միջոցառումը ստացվեց, մնում է բոլորս ցանկանանք, որ այն ավանդական դառնա», - ասաց վարչական ղեկավարը։

Գյուղի դպրոցի նախկին տնօրեն, երկարամյա մանկավարժ Գրիշա Գաբրիելյանը նշեց, որ օրվա ընտրությունը երկու խորհուրդ ունի։ Նախ՝ այդ օրերին գյուղը ազատագրվեց շրջափակումից, և երկրորդ՝ այդ շրջանում գյուղ են գալիս ուսանողները, դրսում բնակվող համագյուղացիները։ «Ինձ համար տոնի ամենամեծ խորհուրդը պայմանավորվածությունն է, ըստ որի՝ բացի տոնական լինելուց, այն նաև տարեկան հաշվետվության օրվա վերածենք։ Ամեն տարի հավաքվելով՝ ամփոփենք կատարած աշխատանքները, քննարկենք հետագա անելիքները։ Ինչու չէ, սա նաև հնարավորություն է, որպեսզի գյուղի բարեկարգման աշխատանքներում ներգրավենք նաև ոչ գյուղաբնակ ձեռներեցներին, մարդկանց, ովքեր հնարավորության սահմաններում կաջակցեն տարբեր խնդիրներ լուծելու համար։ Եվ, ի վերջո, պետք է ստեղծվի նաև գյուղի պատմությունը, նշանավոր դավիթբեկցիների գործը չպետք է մոռացվի», - ասաց Գ․Գաբրիելյանը։ Նա նաև նշեց, թե այս միջոցառման ընթացքում հատկապես որ խնդիրների լուծումը կարևորվեց՝ գերեզմանոցի բարեկարգում, ձորակներից աղբի հեռացում, դպրոցի, մանկապարտեզի որոշակի վերանորոգում, գույքի թարմացում․․․ 

Զրուցակիցս կարևորեց նաև դպրոցի աշակերտների ակտիվությունը, ստեղծագործական միտքը։ Տոնական օրը նշանավորվեց նաև Դավիթբեկի հիմնի կատարմամբ, այն է՝ դպրոցի ներկայիս տնօրեն Վրեժ Բալայանի՝ գյուղի մասին խրամատում գրված երգը, որը դարձավ հիմն։

Գրիշա Գաբրիելյանը շտապեց նաև ասել, որ տարին գյուղի համար այլ առումով էլ է «խորհրդանշական»․ դպրոցում, մանկապարտեզում, բուժական ոլորտում սերնդափոխություն է տեղի ունեցել։ Այժմ այդ կառույցներում աշխատում են երիտասարդներ, ովքեր իրենց հետ թարմ շունչ են բերել։ Նշենք, որ միջոցառման ժամանակ մեծարվեցին նաև գյուղի երախտավորները։

Այս ամենին ավելացնենք նաև, որ տոնական միջոցառմանը մասնակցեց Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը։ 

Արմինե Հարությունյան

18:00 04.09.2019

Ամենաշատ ընթերցվածները