ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Բարեգործությունը անուն ունի
15:00 05.09.2019

Բարեգործությունը անուն ունի

Բարեգործությունը կարող է նվազեցնել աղքատության շեմը: Փորձելով հաստատել այդ արտահայտությունը՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան սեպտեմբերի 5-ը հռչակեց որպես Բարեգործության միջազգային օր: 

Այսօր ամբողջ աշխարհում բարեգործական կազմակերպությունները մեծ նշանակություն ունեն խոցելի խմբերի խնդիրների լուծման հարցում: Բարեգործական կազմակերպությունը համախոհների միավորում է, ովքեր շահույթ չեն հետապնդում: Բարեգործությամբ զբաղվում են նաև հասարակական կազմակերպությունները, որոնց թիվը ամբողջ աշխարհում հասնում է 10 մլն-ի: Միջազգային բարեգործական կազմակերպություններից բացի՝ լինում են նաև ազգային, մարզային և տեղական: 

Կապանը բացառություն չէ այդ հարցում։ Այստեղ նույնպես գործում են հասարակական-բարեգործական կազմակերպություններ: Նրանցից մեկը՝ «Յուլյան», որի հիմնադիրն է Ռիտա Դավթյանը, զբաղվում է հատուկ կարիքավոր երեխաների և նրանց ընտանիքների աջակցությամբ: Վերջին ծրագրերից մեկը, որը իրականացվել էր, ամառային հանգստի կազմակերպումն էր, որի մասնակից երեխաները ոչ միայն հաճելի ժամանց ունեցան, այլև ամրապնդեցին դպրոցում ստացած գիտելիքները: Ծրագրի վերջում բոլոր ընտանիքները ստացան արժեքավոր նվերներ կենցաղային տեխնիկայի և կահույքի տեսքով: 

Մյուս կրթական-հասարակական կազմակերպությունը՝ «Երազանքի հետքերովը», նույնպես ծավալում է բարեգործական գործունեություն՝ հանգանակությունների և հովանավորների աջակցությամբ իրականացնելով ծրագրեր՝ ուղղված խոցելի խմբերի երեխաների առօրյայի կազմակերպմանը և նյութական օգնությանը՝ հագուստի, գրենական պիտույքների տեսքով: 

Առհասարակ ամբողջ աշխարհում բարեգործությամբ են զբաղվում նաև հայտնի դերասանները, քաղաքական գործիչները: 

Օրինակ՝ դերասան Կիանու Ռիվզը իր հասույթի խոշոր մասը փոխանցում է քաղցկեղով հիվանդների աջակցման հիմնադրամներին: Դիմել այդպիսի քայլի նա որոշել է այն պահից, երբ իմացել է, որ իր քույրը նույնպես հիվանդ է քաղցկեղով: 

Իսկ Լեոնարդո դի Կապրիոն, ով ամենաբարձր վարձատրվող դերասաններից է, եկել է այն եզրակացության, որ գումարը չի կարող մարդուն երջանկացնել: 1998թ. բարեգործական ֆոնդ է հիմնել, որը աշխարհի 30 կազմակերպության համար հանգանակել է 15 մլն ԱՄՆ դոլար: 

2001թ.-ից էլ բարեգործությամբ է զբաղվում Անջելինա Ջոլին։ Դերարասանուհին բարեգործության մասին ասել է․ «Այն պահից, երբ ես սկսեցի բարեգործությամբ զբաղվել, կինոաստղ լինելու իմ դերը ինձ անսահման հիմար սկսեց թվալ»: 

Անի Գրիգորյան

15:00 05.09.2019

Ամենաշատ ընթերցվածները