ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Աֆրիկյան ժանտա՞խտ, թե՞ այլ հիվանդություն
19:00 05.09.2019

Աֆրիկյան ժանտա՞խտ, թե՞ այլ հիվանդություն

Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրում սատկել է 209 խոզ։ Բնակիչների խոսքով՝ խոզերի անկումը  օգոստոսի 1-ից է սկսվել։

«Գյուղում արդեն  լուրեր կային, որ վարակ կա, առավոտյան գնացի գոմ, որ խոզերին կեր տամ, մայր խոզը չմոտեցավ։ Հետո ականջները կարմրեցին, ու կենդանիները սկսեցին հերթով սատկել», -  ասաց Քարահունջի բնակիչ Սյուզաննա Ավագյանը՝ հավելելով, որ ընդհանուր 10 խոզի կորուստ ունեցավ։

Երբ անկումը սկսեց ինտենսիվ բնույթ կրել, անասնատերերը տեղեկացրին  վարչական ղեկավար Լուսինե Ավետյանին․ «Մտածում էինք, որ կարող է և թունավորվել են, քանի որ խոզը հիվանդությունների նկատմամբ զգայուն կենդանի է և պետք է փակ պահվածքով պահվի, հետո տեսանք, որ գնալով շատանում է անկումը, որոշեցինք դիմել անասնաբույժին։ Բնակիչները խոզերին պահում էին եկամուտ ստանալու համար, բայց փոխարենը վնաս կրեցին։ Մեկը վարկով է վերցրել, մեկը՝ պարտքով։ Նրանք ակնկալում են փոխհատուցում, բայց չեմ կարծում․․․»։

Գորիսի համայնքապետարանը օգոստոսի 19-ին  է ստացել ահազանգը։  Գյուղատնտեսության և հողօգտագործման բաժնի պետ Արմեն Ավետիսյանի խոսքով՝ համաճարակաբանի և «Անասնաբուժսանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսսանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի Սյունիքի մարզային կենտրոնի պետ Կամո Սարգսյանի  հետ գնացել է գյուղ, արձանագրել անկումը, տեղում վերցրել դեռ չանկած խոզի ներքին օրգաններից նմուշներ և  ուղարկել փորձաքննության․ «Համայնքի միջոցների հաշվին 20 լ ֆորմալին ձեռք բերեցինք և դրանով ախտահանեցինք ոչ միայն այն գոմերը, որտեղ անկած խոզեր են եղել, այլև նրանք, որտեղ դեռ անկում չի եղել»։

Անփութության հետևանքով

Դեպքի վերաբերյալ մի քանի վարկած է շրջանառվում։ Մարդկանց մի մասը նշում է, որ անկման պատճառը կերն է, մինչդեռ գյուղի բնակիչ Սամվել Ավագյանը, ով երկար տարիներ  զբաղվում է խոզաբուծությամբ, հավաստիացնում է՝ խոզերի անկումը կերից չի կարող լինել․ «Մարդ կա, ասում է՝ կերից է եղել, բայց ես իմ դաշտի կերն եմ տալիս։ Պետական կեր չեմ էլ առել, որ ասեմ՝ դրանից է, այնպես որ կերից չի կարող լինել»։

Համագյուղացի Վալերի Մանուչարյանն էլ ավելի շատ հակված է հավատալու աֆրիկյան ժանտախտ հիվանդության առկայությանը։ Ըստ նրա՝ վարակի նախանշանները՝ կերից հրաժարվելը, մարմնի  սևանալը, թուլությունը, վկայում են այդ հիվանդության մասին։ Ոմանք էլ ասացին, որ մորթելիս շրջապատում ահավոր հոտ է տարածվել․ «Գյուղացին չի կարող նման ինֆորմացիայի տիրապետել կամ պատկերացում ունենալ այդ հիվանդության մասին։ Անասնաբույժից ենք ճշտել, որ այդ նախանշանները  ավելի բնորոշ են աֆրիկյան ժանտախտին․ մեկ օրվա մեջ խոզի մարմինը սկզբից ականջներից սկսում է սևանալ, ու այդ ողջ ընթացքում նա չի ուտում։ Մասնագետն էլ, իր պատճառներն ունենալով, չի բարձրաձայնում խնդրի մասին։ Խոզերին ընդհանրապես փակի տակ ենք պահել, միայն կերակրելու նպատակով ենք ներս ու դուրս արել»։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի պետ Արթուր Խաչատրյանը համոզված է, որ ժամանակին համապատասխան միջոցառումներ իրականացնելու և փակ տարածությունում պահելու դեպքում հնարավորինս կխուսափեին նման դեպքերից․ «2009 թվականից, երբ Սյունիքում արձանագրվել է աֆրիկյան ժանտախտ, մենք անընդհատ հորդորում էինք անասնատերերին, որ  խոզերին պետք է պահել փակ տարածքում, բայց նրանք չեն լսում, հանում են կերակրելու գոմի բակում, հետո նշում, որ փակի տակ են պահել․ մինչդեռ դա ազատ պահվածք է»։ 

Ոչինչ չասող փորձաքննության արդյունքները

Օգոստոսի 20-ին հանրապետական անասնաբուժսանիտարական և բուսսանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ-ից եկել է փորձաքննության արձանագրությունը, որը գյուղացիների համար անհասկանալի  է մինչև այսօր։ Այնտեղ մասնավորապես նշված էր․ 1 գլուխ չորս ամսական խոզի ներքին օրգաններից վերցված նմուշները չեն հետազոտվել խոզերի դասական ժանտախտ հիվանդության նկատմամբ՝ համապատասխան ախտորոշիչ հավաքածուների բացակայության պատճառով․ «Մենք շունչներս պահած սպասում էինք պատասխանի,  թե ինչն էր անկման պատճառը, բայց ո՛չ հերքեցին, ո՛չ  էլ հաստատեցին», - ասաց Վալերի Մանուչարյանը։

Կարծես  փորձաքննության երկրորդ արդյունքը ավելի հստակ էր․ «Մանրէաբանական հետազոտությամբ ներկայացված նմուշներում չեն հայտնաբերվել պաստերելյոզի և անաէրոբային ինֆեկցիայի հարուցիչներ»։

«Գյուղացին  այսօր պետության կողմից պատվիրակված իրականացնում է մեկ հիվանդության՝ դասական ժանտախտի պատվաստում, դրանից բացի՝ պետք է իրականացնի պաստերելյոզի, պարատիֆի, աղիքային ինֆեկցիաների, էնդոպարազիտների և էկտոպարազիտների դեմ պատվաստումներ, բայց երբ հարցնում ես, պատասխանում են, որ չեն ուզում անել», - ասում է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի պետ Արթուր Խաչատրյանը։

Օդում կախված, բայց թեմայի մեջ

Այս թեմայի հետ կապված զրուցեցինք նաև մարզում անասնաբուժական ծառայություններ մատուցող ՊՈԱԿ-ի Սյունիքի մարզային կենտրոնի պետ Կամո Սարգսյանի հետ, ով նշեց, որ իրենք էկոնոմիկայի նախարարությունից ծանուցում են ստացել,  որ մինչև օգոստոսի 5-ը կառույցը լուծարվելու է։ Այդ ժամկետն անցավ, առայժմ լուծարային հանձնաժողով չի կազմվել, և կառույցի ճակատագիրը  մնում է անորոշ։ Չնայած դրան, փորձել է իր հերթին աջակցել գյուղացիներին․ «Քարահունջ բնակավայրի անկած խոզերի թեմայով զրուցեցի լաբորատորիայի պետի հետ, ով նշեց, որ ոչ մի հիվանդություն էլ չկա։ Խոզերը պետք է պահվեն փակ պահվածքով, մանավանդ անտառամոտ գյուղերում, որտեղ վայրի խոզեր են շրջում, կենդանիները 100 տոկոսով կարող են վարակվել, չգիտեմ ինչ հիվանդությամբ, բայց կվարակվեն»։

Կամո Սարգսյանի խոսքով՝ դեպքեր արձանագրվել են միայն Քարահունջում և Հարթաշենում։ Արդեն մի քանի օր է՝ Քարահունջում անկումներ չկան․ «Ընդհանուր Գորիսի տարածաշրջանի 3 համայնքում էլ պետպատվերի շրջանակում բոլոր պատվաստումները՝ սիբիրախտ, դաբաղ, բրյուցելոզ, էմկար, կատարվել են, բացի խշխշան պալարից, դա էլ այն պատճառով, որ վակցինան ուշ ենք ստացել։ Իսկ աֆրիկյան ժանտախտի դեմ որևէ վակցինա կամ դեղամիջոց չկա»։

Ո՞վ է մեղավորը

Անասնատերերը, սկզբնական շրջանում չիմանալով, թե ինչից են սատկում կենդանիները, ինչ միջոցներ պետք է ձեռնարկեն հետագա խնդիրներից խուսափելու համար, անկած խոզերին լցրել են մոտակա գետը,  այգիներն ու դաշտը։

«Սատկածները տանում էի տարածքից հեռու թաղում, հետո իմացա, որ պետք է էքսկավատորով ծածկեն գերեզմանատեղիում, բայց արդեն ուշ էր», - ասաց անասնատեր Սամվել Ավագյանը։   

Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետ Գագիկ Խաչատրյանը ասաց, որ Գորիս համայնքում անասնաբույժների ինստիտուտը չի կայացել։ Կա միայն մեկ անասնաբույժ, ով միայն պետպատվերի միջոցառումներն է իրականացնում։ Նրա հավաստմամբ՝ եթե համայնքային անասնաբույժը  տեղում լիներ, շուտ կարձագանքեր և կվերահսկեր խոզերի անկումը․ «Յուրաքանչյուր բնակավայր  պետք է իր անասնագերեզմանը ունենա,  նորմերին համապատասխան կառուցված, և ամբողջ համայնքի տարածքի անկումները պետք է հավաքվեն այդտեղ։ Ցավոք սրտի, մեզ մոտ չկա այդ մշակույթը, և յուրաքանչյուր գյուղացի իր սատկած կենդանին կթաղի որտեղ ասես, միայն իր տարածքից հեռու լինի։ Բնակավայրի վարչական ղեկավարը պարտավոր էր վերահսկել նաև նման  կարգի խնդիրները»։ 

Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և հողօգտագործման բաժնի պետ Արմեն Ավետիսյանը նշում է՝ համայնքապետարանը օգոստոսի 19-ին ահազանգ ստանալուց հետո է համապատասխան միջոցներ ձեռնարկել՝  խոզերին առանձնացված գերեզմանատեղիում թաղելու համար․

«Երբ գնացինք, տեսանք, որ գյուղացիների մի մասը  արդեն թաղել է սատկած կենդանիներին։ Բնակավայրի վարչական ղեկավարը, ցավոք, մեզ ուշ է տեղեկացրել, երբ իմացանք, խնդրին անմիջապես լուծում տվեցինք։ Իհարկե սխալ է, որ լցրել են գետը, դաշտը, անթույլատրելի է, պետք է վերահսկվեր։ Եթե շուտ լիներ ահազանգը, սա չէր լինի»։

«Անկած խոզերը, որոնք ծածկված են հողով, այս պահին վտանգ չեն ներկայացնում», - ընդգծեց Գագիկ Խաչատրյանը՝ նշելով, որ հողը մեկ սմ չեն լցրել, որ անձրևից բացվի, առնվազն մեկ մետր հող է լցվել, հեշտ չէ նրա բացվելը․ «Ընդհանրապես անկումները 70-80 սմ չափով պետք է ծածկվեն, որպեսզի միկրոբները դուրս չգան հողի երես։ Խնդիրը ստեղծում է գյուղացին, սպասում, որ լուծումը տա իշխանությունը, այդպես չի կարելի։ Գյուղացին էլ պարտականություններ ունի։ Ոռոգման ջրի հետ նույնպես, չեմ կարծում, որ խնդիր առաջանա, քանի որ հողում հազար ու մի պրոցեսներ են կատարվում»։

Այս պահին բաց դիակներ չկան, խոզերի  նոր անկում էլ չի արձանագրվել,  տեղեկացնում է մարզպետարանի  գյուղատնտեսության բաժնի պետը և հավելում, որ չպետք է  սպասել,  որ դանակը հասնի ոսկորին, հետո միայն բարձրաձայնել խնդիրը։ Իսկ ինչ վերաբերում է մսի օգտագործմանը, սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վստահեցնում է՝ ամեն ինչ հսկողության տակ է, իսկ բնակիչներին հորդորում՝ խանութներից գնել միայն պիտակավորում ունեցող միս։

Նարե Խաչատրյան

19:00 05.09.2019

Ամենաշատ ընթերցվածները