ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Աշակերտների տեղավորման խնդիրը՝ նախարարության և մարզպետարանի ուշադրության կենտրոնում
15:00 06.09.2019

Աշակերտների տեղավորման խնդիրը՝ նախարարության և մարզպետարանի ուշադրության կենտրոնում

Սեպտեմբերի 5-ին Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանի հետ այցելել է Գորիս՝ ուսումնասիրելու քաղաքի Ակսել Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցի հիմնանորոգմամբ պայմանավորված՝ այդ կրթօջախի աշակերտների տեղավորման խնդիրը։

Նշենք, որ Գորիսի թիվ 1 ավագ դպրոցում կատարվող շինաշխատանքները, որոնք իրականացվում են Համաշխարհային բանկի միջոցներով, կտեւեն 2 տարի․ բացի հիմնանորոգումից, կկառուցվի նաեւ 1 նոր մասնաշենք (դպրոցի վերջնական տեսքը՝ այս նյութին կցված լուսանկարի մակետում)։

Դպրոցի տարրական՝ 1-4-րդ դասարանները տեղափոխվել են Գորիսի Սերո Խանզադյանի անվան թիվ 6 հիմնական դպրոց եւ դաս են պարապում նորմալ պայմաններում։

Միջին եւ ավագ դասարանները տեղափոխվել են Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցի չօգտագործվող մասնաշենք․ 5-9-րդ դասարանները դաս են պարապում այս շենքի դասասենյակներում, խնդիրը 10-12-րդ դասարանցիների համար տարածքն է, քանի որ նրանց դասերն այժմ միջանցքներում են կազմակերպվում։

Մարզպետարանի եւ նախարարության պատասխանատուները եղել են այս 2 դպրոցներում, նաեւ շրջել ու Գորիսում դիտարկել են որոշ կառույցներ՝ ավագ դասարանների աշակերտների տեղավորման հարցը քննարկելու համար։ (Հիշեցնենք, որ ավագ դպրոցները նախարարության ենթակայության են, հանրակրթականները՝ մարզպետարանի)։

Գորիս աշխատանքային այցի շրջանակում Մերի Գանդալյանը եղավ նաեւ Որոտանի եւ Վերիշենի միջնակարգ դպրոցներում՝ ծանոթանալով դրանց պայմաններին ու առկա խնդիրներին։

Աղբյուր՝ Սյունիքի մարզպետարան

15:00 06.09.2019

Ամենաշատ ընթերցվածները