ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Երազանքը ում ուր կտանի
16:00 06.09.2019

Երազանքը ում ուր կտանի

Կապանի թիվ երկու ավագ դպրոցի շրջանավարտ Աննա Թադևոսյանի համար բժիշկ դառնալը մանկության երազանք էր։ Պատմում է, որ տարիների հետ այդ երազանքը նպատակ դարձավ։ Սկսեց լավ սովորել նախ հիմնական, ապա՝ ավագ դպրոցում։ Երբ տեղափոխվեց ավագ դպրոց, ընտրեց բնագիտական ուղղությունը և սկսեց խորությամբ ուսումնասիրել քիմիա և կենսաբանություն առարկաները։ Այսօր արդեն Աննան հասնում է իր նպատակին՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանող է։ «Մասնագիտություն ընտրելիս հաշվի եմ առել այն փաստը, որ հետագայում կարողանամ աշխատանք գտնել։ Շատ է նպաստել այն, որ մայրիկս նույնպես այդ բնագավառում է, ինչպես նաև մարդկանց օգնելու ցանկությունս է մեծ։ Կոնկրետ մանկաբարձ-գինեկոլոգի մասնագիտություն եմ ընտրել, չնայած երկմտում եմ։ Չի բացառվում, որ սովորելու տարիներին միտքս փոխեմ և ընտրեմ օնկոլոգի մասնագիտություն, դեռ ժամանակ շատ ունեմ», - պատմում է բժշկականի առաջին կուրսի ուսանողուհին։

Համալսարան է ընդունվել բարձր միավորներով։ Կենսաբանությունից ստացել է 19,5 միավոր, իսկ քիմիայից՝ 19,25։ Ընդհանուր առմամբ  38,75-ով առաջին հայտով ընդունվել է իր նախընտրած բուժական գործ ֆակուլտետը։ Ասում է՝ ձգտելու է ուսման վերջին տարիները անցկացնել արտասահմանում։  Պատճառը մեկն է՝ բժշկությունը այնտեղ ավելի զարգացած է, ցանկանում է իսկական պրոֆեսիոնալ մասնագետ դառնալ, տիրապետել ժամանակակից բժշկության նորագույն մեթոդներին․ «Մեկ բարձունքը հաղթահարել եմ, հիմա էլ, երբ գնում եմ նպատակս իրագործելու, այլ երազանք ունեմ, սեփական կլինիկա բացել, բայց իմ կլինիկան կլինի բարեգործական, այնտեղ կբժշկվեն այն մարդիկ, ովքեր գումար չունեն»։  

Աննայի համար անվճար ընդունվելը սկզբունքային հարց էր։ Ուրախ է, որ կարողացավ արդարացնել  առաջին հերթին իր սպասելիքները, երկրորդը՝ մայրիկի և եղբոր։ Հույս ունի, որ համալսարանական տարիներին էլ չի հիասթափեցնի և կարդարացնի նրանց սպասելիքները՝ գերազանց սովորելով։

Ոմանք մասնագիտություն ընտրում են ծնողների թելադրանքով, ոմանք մանկությունից են երազում  դառնալ ուսուցիչ ու բժիշկ, մյուսներն էլ այսպես կոչված նորաձև մասնագիտություններ են ընտրում։ 2018-2019 ուսումնական տարում Սյունիքում դպրոցը ավարտեց 972 աշակերտ։ Բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթությունը շարունակելու ցանկություն էր հայտնել 599-ը։ Մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանի խոսքով՝  599 աշակերտից 484-ը առաջին դիմում-հայտով է ընդունվել։ Անվճար հիմունքներով ընդունվել է 121 աշակերտ, վճարովի՝ 363-ը։ «Սյունեցի շրջանավարտները հիմնականում նախապատվությունը տալիս են Երևանի պետական համալսարանին, հաջորդ տեղում բժշկական համալսարանն է, այնուհետև տնտեսագիտականը, լեզվաբանականը, ապա մանկավարժականը», - ասում է Մերի Գանդալյանը։

Նելլի Միրզախանյան

 

 

16:00 06.09.2019

Ամենաշատ ընթերցվածները