ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Զոդի կամրջի ողբերգական ավտովթարի գործով մեղադրյալ Սողոմոն Հակոբյանի կալանքը կրկին երկարաձգվել է
17:00 06.09.2019

Զոդի կամրջի ողբերգական ավտովթարի գործով մեղադրյալ Սողոմոն Հակոբյանի կալանքը կրկին երկարաձգվել է

Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով կալանավորված Սողոմոն Հակոբյանի խափանման միջոց կալանքը կրկին երկարաձգվել է։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց մեղադրյալի պաշտպան Սեդա Սաֆարյանը։

Պաշտպանի խոսքով՝ իրենք համոզված են, որ իրենց մատնանշածը՝ վթարի եւ «Գազել»-ի հրդեհման պատճառահետեւանքային կապը բացակայում է․

«Իմ պաշտպանյալը նստած նայել է, թե վթարից հետո ոնց են մարդիկ շարժվում մեքենայի մեջ, որից բավականին ժամանակ, ասենք՝ տասը րոպե հետո, նոր հրդեհը բռնկվել է։ Կածում եմ, որ մի շարք մարմիններ պատասխանատու են դրա համար, այդ թվում՝ ԱԻՆ-ը։ Դա պետք է քննության առարկա դառնա, թե մեքենաներն ինչպիսի վառելիք են օգտագործում, որտեղ են տեղակայված գազի բալոնները, դրանք ապահովության տեսանկյունից եւ մարդականց համար վտանգ չե՞ն ներկայացնում, ինչո՞վ է բացատրվում, որ այս կարգի մեծածավալ վթար է եղել»,- ասաց Սաֆարյանը՝ հավելելով, որ իրեն հայտնի է դարձել, որ «Գազել»-ի շահագործումն ու տեխնիկական հսկողությունը նույն մարմինն է իրականացնում․

«Դա անթույլատրելի է, որովհետեւ այդտեղ մեքենայի տեխնիկական վիճակի հետ կապված արձանագրումներ դժվար թե լինեն, ինչը դիտավորությամբ չեն դարձնում քննության առարկա, շատ արագ դա վերագրեցին Սողոմոնին, ու այլեւս հետեւանքի կապակցությամբ ե՛ւ բուժկետերին, ե՛ւ շահագործող կազմակերպություններին որեւէ խնդրի առաջ չեն կանգնեցրել, մինչդեռ փաստաթղթեր են ձեռքբերվել, որ մոտ մի ժամ ԱԻՆ-ը համարյա բան չի արել»։

Սեդա Սաֆարյանն տեղեկացրեց, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը շարունակում է վատ մնալ․ «Մի կերպ թեւեւրից ընկած բերել են դատարան, մտահգություն ունենք, որ կարող են այդ վիճակում տանել «Դատապարտյալների հիվանդանոց», բայց այրվածքները խորն են, ոտքի կոտրվածք ունի, քայլել չի կարողանում»,- ասաց Սողոմոն Հակոբյանի պաշտպանը։

Հիշեցնենք՝ ողբերգական ավտովթարը տեղի էր ունեցել սույն թվականի հուլիսի 6-ին՝ Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 54-րդ կիլոմետրի հատվածում՝ Արարատի մարզի Արարատ քաղաքի Զոդի կամրջի վրա. բախվել էին «Գազել», «Տոյոտա Հիլուքս» եւ «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաները, ինչի արդյունքում հրդեհ էր բռնկվել «Գազել» մակնիշի ավտոմեքենայում, այնուհետեւ հրդեհը տարածվել էր «Տոյոտա Հիլուքս» մակնիշի եւ «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաներում: Ստացած այրվածքներից «Գազել»-ի վարորդը եւ 6 ուղեւորները մահացել էին: «Գազել»-ում գտնվող մյուս ուղեւորները, ինչպես նաեւ «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւորները՝ ընդհանուր թվով 11 մարդ, մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել էին բժշկական կենտրոններ:

Վթարից  ժամանակ անց ձերբակալվել, ապա կալանավորվել էր «Տոյոտա Հիլուքս»-ի վարորդ Սողոմոն Հակոբյանը։ Նա մեղադրվում է ՀՀ քր. օր. 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է 2 կամ ավելի մարդու մահ, պատժվում է ազատազրկմամբ՝ 4-10 տարի ժամկետով)։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սողոմոն Հակոբյանը ցուցմունք է տվել եւ ասել, որ վթարից հետո իր ոտքերը կոտրված են եղել, ինքն այդ վիճակում նստած բավականին բաներ է տեսել, ասել է, որ հրդեհը շատ փոքր էր եւ ակնհայտորեն կարելի էր «Գազելի» ուղեւորներին օգնել։

Աղբյուր՝ armtimes.com

17:00 06.09.2019

Ամենաշատ ընթերցվածները