ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Եթերից փոխանցվող ագրեսիան և նրա հետևանքները
14:00 07.09.2019

Եթերից փոխանցվող ագրեսիան և նրա հետևանքները

Ժամը 6-ը լրանալուն պես տանը բոլորը պետք է լուռ լինեն, քանի որ սկսվում են սերիալները` հնդկական, հայկական, բրազիլական: Շատերը կարծում են, որ հեռուստացույցի դիմաց օրվա մեջ մի քանի ժամ անցկացնելը պարզապես ժամանակ անցկացնելու և առօրյա հոգսերից կտրվելու մի ձև է՝ նույնիսկ չգիտակցելով, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ: Լրատվամիջոցները և հատկապես հեռուստատեսությունը մեծ կրթական և սոցիալական դեր ունեն հասարակության կյանքում:

Ներկայումս ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, հեռուստատեսությունն ունի լրատվամիջոցներից ամենամեծ լսարանը, հետևաբար` սոցիալական դիրքորոշումների ձևավորման հարցում ամենաազդեցիկ գործոններից է: 

Ժամանակին ԱՄՆ-ում շատ հայտնի «Տաքսիստ» ֆիլմում հերոսը սիրած աղջկա նկատմամբ իր սերն ապացուցելու համար խոստանում է որևէ քաղաքական գործչի սպանել: Ֆիլմի տարածումից որոշ ժամանակ անց՝ 1981 թվականին, ոմն Ջոն Հինքլի «Տաքսիստ» ֆիլմի հերոսուհու դերը խաղացած դերասանուհուն իր սերն ապացուցելու համար մահափորձ է կատարում ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի նկատմամբ և վիրավորում նրան: Հանցագործի թողած նամակն ու հոգեբուժական հետաքննությունն ապացուցել են, որ հանցագործությունն իրականացվել է ֆիլմի առաջացրած ֆանտազիաների ազդեցության տակ: Այս դեպքը կարճ ժամանակահատվածում մեդիայի առաջացրած ագրեսիայի բնորոշ օրինակներից է: 

Քանի որ հայաստանյան ընտանիքների մի մեծ հատված ամեն օր դիտում է հայկական սերիալներ, դրանք չեն կարող երեխաների և պատանիների շրջանում մշակութային ազդեցություն չունենալ անկախ նրանից` երեխաներն անձա՞մբ են դիտում, թե՞ ուղղակի տանը հեռուստացույցը միացված է, և ծնողներն են դիտում: Ամեն օր մեր շրջապատում տեսնում ենք, թե ինչպես հանրաճանաչ սերիալային հերոսների մտքերը, բառապաշարն ու պահվածքը դառնում են հանրային կրկնօրինակման առարկա, հատկապես երեխաների ու պատանիների մոտ: Այդ կրկնօրինակումները ի վերջո առաջ են բերում նաև վարքի, մտածելակերպի, արժեհամակարգի առավել խորքային փոփոխություններ:

Բացի ագրեսիա առաջացնելուց՝ հեռուստատեսությունը, հնարովի աշխարհի պատկեր ձևավորելով, մարդկանց ստիպում է հավատալ, որ հենց դա է իրականությունը:

Մեծ է մեդիայի ազդեցությունը հատկապես երեխաների և դեռահասների վրա: 

Ագրեսիվ նյութերի դիտման ժամանակ շատ կարևոր է նաև ծնողների կամ ընտանիքի մյուս անդամների արձագանքը: Եթե երեխաների ներկայությամբ ծնողները խրախուսում են ֆիլմում ցուցադրվող ագրեսիան, այդ դեպքում ագրեսիայի կրկնօրինակման հավանականությունը երեխայի կողմից ավելի մեծ է լինում, և ընդհակառակը, եթե ծնողները քննադատում են ագրեսիվ վարքը, ապա հնարավոր է` ագրեսիվ վարք չձևավորվի: Ֆիլմերը գրեթե ազդեցություն չեն ունենում հոգեպես հասուն, ամուր կամքի տեր անձանց վրա: 

Տրամաբանական է, որ հայկական ագրեսիվ ֆիլմերն ու հաղորդաշարերն առավել ուժեղ են ազդում հայ լսարանի վրա, քան արտասահմանյան ֆիլմերը, քանի որ ազդեցության գործոնն ու թիրախը նույն մշակույթի, լեզվի, սոցիալական արժեքները կրողն են, հետևաբար դրանք ավելի վտանգավոր են մեր հասարակության համար, քան նմանատիպ ոչ հայկական ֆիլմերն ու հաղորդումները: Սա, իհարկե, չի նշանակում, որ արտասահմանյան ագրեսիվ ֆիլմերը և այլ նյութեր մեր լսարանի վրա ազդեցություն չեն ունենում, պարզապես այս պարագայում խոսքն ավելի ուժեղ ազդեցության մասին է: Օրեցօր հեռուստաէկրաններին հայտնվում են առանձնակի դաժան տեսարաններով նոր ֆիլմեր և մուլտֆիլմեր: Հայկական սերիալները այսօր քարոզում են սպանություն, ընտանեկան բռնություն, դավաճանություն և այդ ամենը քողարկում փոքր սիրո պատմության ստվերում: 

Երեխաներին դաստիարակելու խնդիրը հրատապ է բոլոր ժամանակներում և բոլոր պետություններում: Այս գործում իրենց անփոխարինելի դերը ունեն նաև մուլտֆիլմերը, որոնք ձևավորում են երեխաների արժեհամակարգը։ Իսկ այսօր ամբողջ աշխարհում նույնիսկ մուլտֆիլմերն են շեղվել իրենց նպատակից: Դրանք ստեղծողները մտածում են ոչ թե երեխաների առողջ հոգեբանության, այլ սեփական բիզնեսի մասին:

Եվ ամենացավալին այն է, որ այս ոլորտը դեռ չի վերահսկում որևէ կառույց:

Սոնա Օհանջանյան

14:00 07.09.2019

Ամենաշատ ընթերցվածները