ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Ազատամարտի ակունքներում
17:00 07.09.2019

Ազատամարտի ակունքներում

Խորեն Պավլուշայի Հարությունյան

Կենսագրական 

Հետախույզը ծնվել է 1969թ․ Կապանում, հանքագործ Պավլուշայի և օտար լեզուների ուսուցչուհի Կլարա Աղամիրովայի բազմազավակ ընտանիքում։ Տան փոքրն է, ունի չորս քույր։ Ավարտել է Կապանի շինարարական տեխնիկումը։ Այժմ աշխատում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ում, անտառ-կուլտուրաների ինժեներ է։ «Ազատամարտ» կոմիտեի նախագահն է։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Վատ պայմաններով, բայց հայրենիքի համար

1988-ին զորակոչվում է բանակ՝ Չիտա քաղաք։ Երկու տարի ծառայում է պահեստներում։ Տարածաշրջանում կենտրոնական պահեստներն այնտեղ էին։ Ծառայությունն ավարտելուց հետո որոշ ժամանակ մնում է Չիտայում, տուն ուներ, ուզում էր հիմնավորվել, ծնողներին էլ տանել այնտեղ, սակայն վերջիններս չհամաձայնեցին։

Հայրը տեղեկացրեց, որ Հայաստանում կռիվն արդեն սկսվել է, թողնել ու գնալ չի կարող։ Ուստի ինքը Չիտայից եկավ հայրենիք։ «Վերադառնալուց հետո մոտ երկու տարի տարբեր աշխատանքներով եմ զբաղվել։ Սկզբում շինարարությունում էի աշխատում, որպես բանվոր, ապա Կապանի հիվանդանոցում, որպես վարորդ։ 1992-ի ապրիլի 24-ին Կապանի տարածաշրջանը սկսեցին տարբեր ուղղություններով հրետակոծել։ Ամսի 25-ին գնացինք երկրապահ՝ զինվորագրվելու։ Դրանից հետո հայտնեցին, որ կամավորներից գումարտակ է ստեղծվում, և միացա այդ շարքերին»։ Խորեն Հարությունյանը սահման էր գնում երեք օրը մեկ, Փայլասար։ Հիշում է՝ ցուրտ էր ու հաց չկար, հինգ օր միայն մածուն են կերել ու ջուր խմել։ Մածունը քնեցնում է, իսկ իրենք իրավունք չունեին քնելու։ 

«Սա ամենավատ տեղերից մեկն էր, քանի որ թուրքերը պարբերաբար, գիշեր-ցերեկ կրակ էին բացում այդ ուղղությամբ։ Սկզբնական շրջանում մեր գումարտակում երկու հոգի էին համարվում հետախույզ, բայց քանի որ հաճախակի թշնամու տարածք էի մտնում, իմանում խրամատների տեղերը, ինչ զենք են օգտագործում, առաջարկ եղավ անցնել հետախուզական ջոկատ, ես էլ համաձայնեցի»։

Խորեն Հարությունյանի խոսքով՝ եթե հետախուզական ջոկատը մտնում է հակառակորդի տարածք ու արդյունք չի տալիս, պետք է անմիջապես այլ գործողություններ չձեռնարկել կամ ունենալ այլ ծրագիր։ Հետախուզության էին գնում հիմնականում  լուսադեմին, ժամը 3-6-ի սահմաններում։ Դրանք  քնի լավագույն ժամերն են։  «Խառը ու բարդ ժամանակներ էին, մի կողմից՝ ցուրտ, մյուսից՝ ուտելիքի պակաս։ Այսօրվա պես հիշում եմ, մի անգամ հետախուզության ժամանակ  այնքան էինք սառչել, որ ընկերս մեկ զուգագուլպայի դիմաց պատրաստ էր ամբողջ ունեցվածքը տալ։ Իսկ իմ մատները վնասվելուց ու սառնությունից իրար էին կպել։ Եվ հատկանշական է, որ այս ամենի միջով անցնելուց հետո մեր հաղորդածը արդյունք է ունեցել»։

Հետախույզը պատմում է, որ երբ գնացել էին նոր դիրքեր ստեղծելու, այդ օրերին եղանակն իրենն անում էր, որպեսզի չմրսեին, ստիպված խրամատներ էին քանդում։ Իսկ դա էլ ունենում էր իր ոչ ցանկալի հետևանքները․ ձեռքներին կոշտուկներ էին առաջանում։ «Հաճախ էր պատահում, երբ մարտի դաշտում այս ու այնտեղ ընկած զոհվածների մարմնի մասերը հավաքում էինք ու ուղարկում Կապան։ Սահմռկեցուցիչ այս տեսարանները երբեմն հաղթահարում էինք նաև ժպիտով ու կատակներով։ Ուրիշ ելք չկար, կռվել ու հաղթել էր պետք»։

Իհարկե, այն ժամանակ կար զենք-զինամթերքի պակաս։ Դրանք ձեռք էին բերում հակառակորդից․ նրանց զենքն իրենց իսկ դեմ էին օգտագործում։ «Մեզանից մի հոգու կասկածում էինք, քանի որ Ադրբեջանից եկած տղա էր։ Լեզվին լավ տիրապետում էր, բացի դրանից՝ ինքնակամ գնում էր հետախուզության, թուրքերի հետ զրուցում, դրա համար նրան կասկածում էինք։  Հետո վերլուծեցինք․ եթե նա գալիս ու մանրամասն տեղեկացնում է հակառակորդի մասին, մեզ դավաճանել ուղղակի չէր կարող։ Ցավոք, այդ տղան զոհվեց»։  

Ապրիլյան քառօրյային՝ կրկին մարտի դաշտում 

«Հայրենիքի համար կռվելը, պայքարելը, ի վերջո զոհվելը պատիվ է, միակ կորուստը հայրենիքի կորուստն է, ուստի ապրիլին կրկին գնացի կռվի, այլ կերպ լինել չէր կարող։ Մենք այնտեղ կարևոր առաքելություն ունեինք՝ լինել շարքային 18-ամյա զինվորի կողքին, սատարել ու համարձակություն ներշնչել։ Սկզբնական շրջանում նրանք մի փոքր վախվորած էին, բայց սթափեցրինք։ Մինչև անգամ, երբ մի քանի քայլ առաջ էինք ուզում գնալ, բարձրաձայնում էին, որ հիմա իրենք են պատրաստ առաջ գնալու»։

Հետախույզի խոսքով՝ բոլոր ժամանակներում էլ բացթողումներ ու սխալներ են լինում։ Ապրիլյանի ժամանակ կային տղաներ՝ պատռված կիսաճտքավորներով, լաթերով։ Կազմակերպչական սխալներ կային, հրամանատարական կազմի թուլություն էր զգացվում։ Խմբեր կային, որ կիսատ-պռատ էին հագնված, ոչ հավուր պատշաճի։ Բայց միաժամանակ կային նաև կազմակերպված զորամիավորումներ։ Առհասարակ, ամեն ինչ կախված է հրամանատարի  կազմակերպվածությունից։ «Կարևոր է, որ համապատասխան գիտելիքներ ունենա հրամանատարը, բայց ավելի կարևոր է, որ ճիշտ ղեկավարել իմանա ու իրավիճակին համապատասխան հրամաններ արձակի։ Հրամանատարները պետք է լինեն առաջնորդներ»։

Անուշ Միրզոյան

17:00 07.09.2019

Ամենաշատ ընթերցվածները