ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Իլոն Մասկը բացատրեց, թե ինչու ավանդական դպրոցները «անօգուտ են»
12:00 08.09.2019

Իլոն Մասկը բացատրեց, թե ինչու ավանդական դպրոցները «անօգուտ են»

Նրա աշխատակիցները բարձրագույն կրթություն չունե՛ն

«Իլոն Մասկի համար ուսումը անընդհատ գործընթաց է ամբողջ կյանքում, և նա անխոնջ ապացուցում է դա իր օրինակով», - գրում է Truth Theory կայքը։

Ամերիկացի ձեռնարկատերը կարողություն է ստեղծել PayPal վճարումների ծառայությամբ, ապա ուշադրությունը ուղղել դեպի էլեկտրամոբիլները և բազմակի օգտագործման հրթիռները։

SpaceX-ը առաջին մասնավոր ընկերությունն է, որ բազմակի օգտագործման հրթիռների կանոնավոր արձակումը դարձրել է նորմ

Tesla էլեկտրամոբիլները նվաճում են համաշխարհային շուկան, իսկ Մասկը արդեն մշակում է նոր նախագծեր մաքուր էներգետիկայի ոլորտում։

Իլոն Մասկը ավանդական ուսմանը ատելությամբ է վերաբերվում։ Ահա թե ինչ սկզբունքով է առաջարկում առաջնորդվել ուսուցիչներին։

1․ Ուսման կապը գործնականի հետ

Մաթեմատիկական աբստրակտ խնդիրների և հավասարումների լուծումը կոնկրետ օգուտ չի բերում․ դպրոցականները չեն հասկանում, թե դա իրենց ինչին է պետք, և այդ պատճառով ոչինչ չեն հիշում, համարում է Իլոն Մասկը։

«Երեխաներին ուղղակի նետում են մաթեմատիկայի մեջ։ Նրանք չեն հասկանում՝ ինչի համար պիտի լուծեն այդ տարօրինակ խնդիրները։ Իսկ մեր ուղեղը հարմարվել է ցրել այն ինֆորմացիան, որը իրեն թվում է ոչ պետքական», - բացատրում է Մասկը։

Դրա փոխարեն Մասկը առաջարկում է ֆիզիկան կամ մաթեմատիկան ուսումնասիրել գործնականում, օրինակ, ուսումնասիրելով շարժիչները կամ ստեղծելով արբանյակներ։

«Փորձելով լուծել կոնկրետ հիմնախնդիր՝ երեխաները կհասկանան, թե դա ինչի համար է պետք։ Դրա շնորհիվ նրանց մեջ առաջանում է մոտիվացիա, նրանք ձգտելու են սովորել և գիտելիքներ ձեռք բերել ինքնուրույն», - պնդում է Մասկը։

2․ Երեխաներին սովորեցրեք լուծել հիմնախնդիրները, ոչ թե գործածել գործիքներ

«Հարկավոր է կարգաբերել խափանված շարժիչը։ Ստանդարտ մոտեցման դեպքում սկզբում բացատրում են, թե ինչ են պտուտակահանն ու դարձակը և ինչի համար են պետք։ Ես համարում եմ, որ շատ ավելի արդյունավետ է երեխային շարժիչ տալ և խնդրել նրան՝ մասերի բաժանել, այն ժամանակ ինքը կհասկանա, թե գործիքները ինչի համար են»։

3․ Երեխայի հետաքրքրասիրությունը ամեն ինչից վեր է

«Ոմանք սիրում են մաթեմատիկան, մյուսները՝ լեզուներ կամ երաժշտություն։ Շատ ավելի տրամաբանական է ուսումնական ծրագիրը կազմել այն բանի վրա, ինչ տվյալ պահին հետաքրքրում է երեխային, ոչ թե պարտադրել նրան նախապես գրված ծրագիրը»։

4․ Հարկավոր է հրաժարվել թեստերից․ դրանք անարդյունավետ են

«Այդ ապուշ թեստերը վերջնականապես սպանել են ամերիկյան կրթությունը։ Ելի և Հարվարդի շրջանավարտները չեն կարողանում հաշվել անկյունային արագությունը կամ պտտման մոմենտը, նրանք միայն կարողանում են գիծ քաշել պատասխանի տարբերակի տակ»։

5․ Գիտելիքները պատկերացրեք որպես իմաստաբանական ծառ

«Կարևոր է գիտելիքները դիտել որպես իմաստաբանական ծառ։ Սկզբում ըմբռնեք հիմնարար սկզբունքները․ դրանք ձեր ծառի բունն են և մեծ ճյուղերը։ Միայն հետո անցեք տերևներին (մանրամասներին)։ Թե չէ՝ դրանք կախված մնալու տեղ չեն ունենա»։

Ավելի պարզ․ մի՛ խորացեք առարկայի մեջ, քանի դեռ չեք յուրացրել հիմնական հասկացությունների համակարգը՝ գլխավոր գաղափարները և առարկայի վիճելի հարցերը։

Իլոն Մասկը կտրականապես դեմ է բարձրագույն կրթությանը։ Նա առաջարկում է կենտրոնանալ հիմնարար կրթության վրա

«Ես խորհուրդ չեմ տալիս բուհ։ Բուհի աստիճանը պիտանի չէ, դա վատ գաղափար է։ Բուհի ծրագրերում սովորեցնում են ոչ այն։ Այնտեղ մարդկանց չեն սովորեցնում մտածել։ Ընդսմին, ինչքան հեղինակավոր դասընթաց, այնքան ավելի վատ։ Որովհետև այնտեղ մարդկանց վարժեցնում են այն մտքին, թե նրանք հատուկ են, որից հետո նրանք անընդունակ են դառնում ընկալելու հետադարձ կապը և անաչառ վերլուծելու սեփական սխալները։

Ես գործի եմ ընդունում ավելի շուտ ի հեճուկս գիտական աստիճանի, ոչ թե դրա շնորհիվ։ Իմ ընկերությունների բարձրագույն ղեկավարությունում բուհական կրթությամբ շատ քիչ մարդիկ կան»։

Ֆիզիկան, Մասկի կարծիքով, բոլորին է պետք։ Այն օգնում է ուղեղը դնել իր տեղը

«Եթե դուք նույնիսկ չեք ուզում ուսումից հետո աշխատել որպես ֆիզիկոս, ապա այդպիսի կրթությունը շատ օգտակար է։ Այնպես որ՝ ես խորհուրդ եմ տալիս ֆիզիկան ուսումնասիրել որպես հիմք, այնուհետև անցնել հնարավորինս շատ տարբեր կիրառական ինժեներական դասընթացներ, որպեսզի կողմոնորոշվեք ձեզ համար ամենահետաքրքիր ուղղության ընտրության հարցում։

Չպիտի անտեսել արվեստը և հումանիտար գիտությունները, հատկապես պատմությունը։ Եվ վատ չէր լինի ուսումնասիրել մի քանի տնտեսագիտական առարկա թեկուզ այն բանի համար, որ կարողանաք կողմնորոշվել տերմինաբանության մեջ»։

Թարգմանությունը՝ Սլավիկ Նավասարդյանի

12:00 08.09.2019

Ամենաշատ ընթերցվածները