ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Վ․Տերյան․ «Հոգևոր Հայաստան»
14:00 08.09.2019

Վ․Տերյան․ «Հոգևոր Հայաստան»

Հոդվածը գրվել է ավելի քան հարյուր տարի առաջ՝ 1914-ին, երբ բոլորը հույսերով լի հայացքներն ուղղել էին Արևմտյան Հայաստանին՝ սպասելով նրա ազատագրմանը։ Տերյանը շտապում էր զգուշացնել․ զուր են հույսերը, եթե ստեղծվելու է նյութական Հայաստան։ Հայության ջանքերը պետք է ուղղված լինեն մեկ գաղափարի՝ հոգևոր Հայաստանի կառուցմանը։ Նպատակը հստակ է, իրագործումը՝ դժվար։ Գաղափարը չի կորցրել հրատապությունը նաև մեր օրերում։

Ցարական Ռուսաստանի կազմում գտնվող Արևելյան Հայաստանում էլ ճնշումներն ու հալածանքներն անպակաս էին։ Ի վերջո, օտարն էր իշխում։ Իսկ ահա Տերյանի համար էականն այն չէր, թե որտեղ և ինչ սահմաններ է ունենալու Հայաստանը, այլ այն, թե ինչպիսի Հայաստան է ստեղծվելու։ Նյութական Հայաստանում ոստիկանը շարունակելու է կաշառք պահանջել կամ ծեծել։ Ուրեմն ի՞նչ նշանակություն ունի՝ հա՞յ է ոստիկանը, թե՞ օտարազգի։ Տերյանը թերահավատ է մեկ հարվածով, թեկուզ հերոսական ճիգով, ստեղծվելիք Հայաստանի հանդեպ։ Դա չի կարող լինել այն բաղձալի երկիրը, որը նա անվանում է հոգևոր Հայաստան։ Նա որևէ նշանակություն չի տալիս այն ազգին, որ միայն արտաքին սահմաններով է պահպանում իր ինքնությունը, մի ինքնություն, որ կարիք էլ չկա պահպանելու։ Իսկ ի՞նչ է հասկանում Տերյանը՝ հոգևոր Հայաստան ասելով․ «Դա այն կուլտուրան է, այն կուլտուրապես կազմակերպված ժողովուրդն է, որի գալուն մենք կուզեինք հավատալ»։ Նա մարդկանց համախմբումը ազգ դարձնող հոգևոր մղումին էր հավատում։

Ինքնության գլխավոր նշանը լեզուն է։ Եթե ֆրանսիացիների պես զորեղ ազգը ամեն կերպ աշխատում է պահպանել իր լեզուն, ապա մեզանում պատկերը անմխիթարական է։ Լեզուն արհամարհվածի կարգավիճակում է։ Օտարամոլությունը այսօր էլ, ցավոք, շարունակում է տարածել շոշափուկները։ Առևտրականը իր խանութի ցուցանակին գրում է «Food»: Եթե հանկարծ «Մթերք» գրի, ապրանքը չի ծախվի։ «Ինձ գրավում է դերասանի օրիգինալ խաղը»․ այսպես գրողն ու խոսողը կարծում է, որ եթե «օրիգինալի» փոխարեն օգտագործի «ինքնատիպ» բառը, ինքը խելացի չի երևա։ Մի խոսքով՝ այդպես էլ չստեղծվեց լեզվի պաշտամունք։

Ինքնության մյուս կարևոր նշանը դպրոցն է։ Իսկ ի՞նչ է կատարվում դպրոցներում։ Բարերարը կարող է դպրոցական շենք կառուցելու համար առատորեն ոսկի նվիրել, բայց երբեք չի մտածելու, թե ինչպիսի դպրոց է լինելու այդ շենքի մեջ։ Բարերարի պանծալի անունը ճակատին ոսկետառ փորագրված դպրոցներ շատ կարելի է տեսնել․ «Սակայն կգտնե՞ք արդյոք մի դպրոց, որ օրինակելի լիներ, կանգնած լիներ իր բարձրության վրա»։ Երևույթը Տերյանը անվանում է «շենքերի հայրենասիրություն», որի պատճառով է նաև մեռնում ու ավերվում հոգևոր Հայաստանը։ Ահա այդ մեռնող ու ավերված երկիրը կառուցելու համար համառ աշխատանք է պահանջվում․ «Անարյուն, բայց ազնիվ, գուցե ավելի դժվար, ավելի ահավոր զոհաբերում, քան արյունի զոհաբերումը»։

Ամեն ոք հայացքը ոչ միայն դեպի Վան կամ Էրզրում պիտի ուղղեր, այլև դեպի ներսը․ «Քննեցեք ձեր սիրտը և նայեցեք, թե կա՞ արդյոք այնտեղ հավատ, որով պիտի կենդանանա մեր այդ հոգևոր Հայաստանը, եթե չկա, ապա զուր են ձեր ջանքերը նյութական Հայաստանի համար։ Նա չի կենդանանա, նա հոգով միայն կարող  է կենդանի լինել»։

Տերյանը դատարկ խոսքեր է համարում մեր փոքր ազգ լինելու մասին ճառերը և օրինակ է բերում բելգիացիներին ու նորվեգացիներին․ «․․․Որպիսի՜ դյութական անուններ են դրանք, որքա՜ն սիրելի ոչ միայն իրենց՝ այդ երկրների զավակների, այլև մեզ և ուրիշների համար»։ Իհարկե, դա բոլորովին էլ չի նշանակում, թե պետք է կուրորեն ընդօրինակել ուրիշների փորձը։

Հոդվածը լույս տեսնելու ժամանակներից ի վեր շատ ջրեր են հոսել։ Բայց հոգևոր Հայաստանի գաղափարը այդպես էլ մնում է չիրագործված։ Խորհրդային պետությունը ինչ ուզում, մարդու հետ անում էր։ Մարդն էլ կարծես ասում էր․ «Ես էլ կապրեմ ինձ համար»։ 1991-ից հետո էլ շատ բան չփոխվեց։ Ներսում չփոխվեց։ Մարդը շարունակում է ապրել միայն իր համար։ Կարծես դեռ հայտնվելու է մի հրաշագործ ու փրկիչ ձեռք, որ մեզ ազգ է դարձնելու։ Այդպես մտածում են ծույլի հոգեբանություն ունեցողները։ Մինչդեռ հոգևոր Հայաստանի կառուցման ճանապարհին Տերյանը ակնկալում էր ամենօրյա ծանր ու տևական աշխատանք։ Բայց առայժմ չկա, չի ստեղծվել այն արժեքային համակարգը, որ մեր աչքի առաջ պիտի լինի միշտ և թույլ չտա գնալ փակուղի տանող ճանապարհով։

Արթուր Իսրայելյան     

14:00 08.09.2019

Ամենաշատ ընթերցվածները