ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Մեկ տարին անցավ
15:00 09.09.2019

Մեկ տարին անցավ

«Շատ կարևոր խնդիրներ ենք լուծելու, օրինակ, պետական կառավարման արդյունավետության խնդիրը». այսպիսի բառեր հնչեցին Նիկոլ Փաշինյանի շուրթերից մեկ տարուց մի քիչ ավելի առաջ՝ օգոստոսի 17-ի հանրահավաքում, երբ հեղափոխությունից հետո առաջին անգամ հնչեց ծրագրային ելույթ ռազմավարական առաջնահերթությունների մասին (նայեք YouTube-ում վարչապետի 1 ժամ 20 րոպե տևած ելույթն ու խոստումները)։ Կուզեի այս հոդվածում ամփոփել, թե ինչ ունենք և ինչ չունենք հեղափոխությունից հետո։ Մինչ օգոստոսի 17-ը հեղափոխական թոհուբոհը չի կարող հաշվարկվել ներկա իշխանությունների համար որպես ակտիվ պետականաշինության ժամանակաշրջան:

Ինչ է փոխվել անցած մեկ տարում

1․ Ընտրությունները չեն կեղծվում, ժողովուրդը իր կամքը ազատ արտահայտում է ընտրությունների միջոցով։

2․ Յուրաքանչյուրը ունի իր խոսքը ազատ և անվախ հնչեցնելու հնարավորություն։

3․ Չկան իշխանության կողմից սահմանված քվոտաներ, արգելքներ, արտոնություններ որևէ ապրանք ներկրելու, արտադրելու, վաճառելու կամ ցանկացած բիզնեսով զբաղվելու համար։

4․ Իրավապահ համակարգը, մեծ հաշվով, չի օգտագործվում որպես անհնազանդներին կամ ընդդիմախոսներին ճնշելու գործիք:

5․ Սկսվել է Մարտի մեկի գործի նոր քննություն․ Մարտի մեկի իրավական բացահայտումը և մեղավորներին պատասխանատվության ենթարկելը շատ կարևոր է Հայաստանի քաղաքացիների արժանապատվության վերականգնման, ինչպես նաև բռնությամբ իշխանությունը յուրացնելու փորձ այլևս թույլ չտալու համար։

6․ Փորձ է կատարվում կազմաքանդել կոռուպցիոն համակարգը, որը նախկին իշխանության ստեղծած միակ անխափան աշխատող համակարգն էր, մնացել են կոռուպցիայի և կաշառակերության տեղային դրսևորումները, որոնք նույնպես հաճախակիորեն բացահայտվում են։

7․ Էական քայլեր են արվում առողջապահության մատչելիությունը քաղաքացիների համար բարձրացնելու, ինչպես նաև որոշ քայլեր՝ ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ, մասնավորապես ասֆալտապատման ծավալները ակնառու են:

Ինչ չի արվել, որ պետք է արվեր

1․ Ազգային ժողովը, օրենքի մակարդակով, պաշտոնական գնահատական չի տվել նախորդ ռեժիմին, որի դեմ Հայաստանի քաղաքացիները դուրս են եկել հեղափոխության, չի գնահատվել իշխանության զավթման փաստը, որ տեղի է ունեցել Մարտի մեկով և կեղծված ընտրություններով, չեն որակվել այդ ռեժիմի քաղաքական հենարան հանդիսացող ՀՀԿ-ն և պարագլուխներ Ռ․Ք-ն ու Ս․Ս․՝ սրանից բխող քաղաքական և իրավական հետևանքներով: Սահմանադրական դատարանի ճգնաժամը վկա՝ վերոնշյալին:

2․ Որպես առաջին հետևանք չի իրականացվել անցումային արդարադատություն՝ վերականգնելու նախորդ ռեժիմի կողմից տասնյակ հազարավոր մարդկանց խախտված իրավունքները, հանրային համերաշխությունը և փոխհատուցելու վնասները: Օրինակ՝ բանակում տարօրինակ պայմաններում մահացած զինվորների ծնողների վիզը ցայսօր ծուռ է:

3. Մինչ օրս չբացահայտված են մնացել խոշոր կոռուպցիոն սխեմաներն ու դրանց հետևանքով պետությունից միլիոններ յուրացրած պաշտոնյաները, ընտրակեղծարարության, մարդկանց կյանքից զրկելու, բռնության ենթարկելու, առևանգելու, բանակից յուրացումների և նմանատիպ խոշոր, համակարգային հանցագործությունները (բացառությամբ 1-2 դեպքի): Օրինակ՝ միայն ցանկացած գերատեսչության գնումների ոլորտը ուսումնասիրելով՝ կարելի է մեծ արդյունքների հասնել:

4․ Չի լուծվել դատարանների անկախության հարցը, ակնհայտ քաղաքական շարժառիթներով վճիռներ ընդունած որևէ դատավոր չի պատժվել, որևէ քաղբանտարկյալ կամ այլ անմեղ դատապարտված չի արդարացվել։

5․ Վեթինգի կամ զտման կամ նույնիսկ բարեվարքության ստուգման որևէ պրոցես չի իրականացվել ոչ միայն դատական, այլև ընդհանրապես ողջ պետական համակարգում, ինչի պատճառով կասկածելի անցյալով շատ պաշտոնյաներ շարունակում են պաշտոն զբաղեցնել և որոշումներ կայացնել այսօր: Քննչական մարմինները, դատախազությունը ապիկատար են լուրջ մարտահրավերներին արձագանքելու առումով:

6․ Չկա մշակված որևէ մոտեցում արտոնյալ պայմանների բերումով հարստացածների և այդ հովանավորչական, խտրական քաղաքականության արդյունքում հնարավորություններից զրկված քաղաքացիների միջև արդարության և համերաշխության վերականգնման ուղղությամբ։ Որպես այդպիսի խնդիր լուծող քայլեր կարող էին լինել, օրինակ, պետության կողմից կրթական, ծնելիությունը խրախուսող և նմանատիպ հիմնադրամների ստեղծումը, որտեղ ամենամյա ինքնապարտավորված փոխանցումներ կանեին արտոնյալ հարստացածները, իսկ գումարները կօգտագործվեին արտերկրում երիտասարդների կրթության, ծնելիության խոշոր նպաստների համար։

7․ Չի ընդունվել խտրականության մասին օրենքը, և դանդաղում են պետության կողմից հասարակության համար խտրականությունից զուրկ, բոլորի հավասար իրավունքները պաշտպանող միջավայրի ստեղծումը, հավասարության արժեքների ջատագովումը։

8․ Չի իրականացվում կրթական ռեֆորմ, կրթական համակարգի բովանդակությունը մնում է նույնը, վերջերս նախարարության հաստատած դպրոցական առարկայացանկը կրկնում է նախորդի տրամաբանությունը, կրթական մեթոդները մնում են նույնը։

9․ Չի իրականացվում որևէ խոշոր ենթակառուցվածքային ծրագիր, ինչպես օրինակ, նոր օդակայանների, ճանապարհների, երկաթուղու կամ մետրոյի, դանդաղում է նոր տրանսպորտային համակարգի ստեղծումը, այն էլ միայն Երևանի մասշտաբով։

10․ Չունենք որևէ խոշոր բիզնես ներդրում, ինչպես կարող էր լինել, օրինակ, ազգային ավիափոխադրողի ստեղծումը, արդյունահանվող հանքանյութերի մշակող գործարաններ, արևային կամ քամու էլեկտրակայաններ, մեքենաշինական որևէ խոշոր ձեռնարկություն և այլն։

11. Կոռուպցիայի դեմ պայքարի հիմքերը և պատկերացումները բացակայում են: Այդպես էլ չհասկացանք օլիգարխ «Դոդի Գագոն» ինչպես դարձավ Նիկոլ Փաշինյանի համար ազնիվ գործարար: Կամ ինչ սկզբունքով են ձերբակալված անձինք միլիոններ վերադարձնում բյուջե և ինչպես են գրավով ազատ արձակվում: 

12. Կադրային քաղաքականությունը, մեծ հաշվով, տապալված է, քանի որ պատասխանատու պաշտոններում հայտնվում են միջակ կարողություններով մարդիկ, որոնք ընկալելի էին նախորդ իշխանության օրոք, բայց ոչ երբեք՝ հեղափոխությունից հետո:

13. Սկզբունքային խնդիրներում (օրինակ՝ Ամուլսար) ներկա իշխանությունները շատ լղոզված ու ծածուկ քաղաքականություն են վարում, որը միայն ծիծաղ է առաջացնում: Եթե Սերժ Սարգսյանին պետք էր վարագույրը քաշել, որպեսզի նա տեսնի 100 հազարավոր մարդկանց, ովքեր իրեն դեմ են, ապա Նիկոլ Փաշինյանը նույնպես պետք է քաշի վարագույրը, որպեսզի տեսնի ակնհայտ խնդրահարույց իրավիճակը: Այսինքն՝ անցած մեկ տարում այդպես էլ ոչ մի գործուն ինստիտուտ-մեխանիզմ, որը կծառայի ի փառս Հայաստանի, չստեղծվեց: Տպավորություն է, որ մանկապարտեզի դաստիարակի խնդրից մինչև Արցախի խնդիր լուծումներ է տալիս միայն վարչապետը:

Այս հոդվածը գրվել է շատ սուբյեկտիվ ընկալումների հիման վրա, որոնք այնպես չէ, որ շատ հեռու են օբյեկտիվ իրականությունից: Ներառված են սոցիալական ցանցերի օգտատերերի տարբեր կարծիքները: Ուրախ կլինենք, եթե դուք էլ ձեզ համար վերլուծեք անցած մեկ տարին և փորձեք առանձնացնել լավ ու վատ եղածն ու չեղածը և ուղարկել մեզ [email protected] էլեկտրոնային հասցեին: Միայն վերլուծական միտքը կօգնի մեզ օր առաջ կառուցել երազած երկիր:

Արման Սուլեյմանյան

15:00 09.09.2019

Ամենաշատ ընթերցվածները