ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Պայմանագիր Աստծո՞ հետ
16:00 10.09.2019

Պայմանագիր Աստծո՞ հետ

ՀՀ կառավարությանը ներկայացված հրատապ լուծում պահանջողների շարքում ընդգրկվել էր Կապանի բազմաբնակարան շենքերի տանիքների խնդիրը։ Այս ամռանը, ի վերջո, սկսվեց 22 խարխուլ տանիքի նորոգման աշխատանքը։

Կապանի առաջին իննհարկանին նույնպես նորոգվողների ցանկում էր։ Բնակիչների ուրախությանը չափ չկար, երբ հուլիսի 11-ին գործը սկսվեց․ «Վերջապես կազատվենք կաթոցներից, մարդավարի կապրենք», - մտածեցին բնակիչները։

«Առաջին բրիգադը, որ եկավ, արագ քանդեց հին տանիքը, տղաները շատ պարտաճանաչ էին, ու գործն էլ շատ մեծ թափով ընթանում էր», - պատմում է իններորդ հարկում բնակվող Արշալույս Հարությունյանը։ Սակայն նրա և մյուս մուտքերի վերջին հարկերում բնակվողների ուրախությունը կարճ տևեց։

Սեպտեմբերը սկսվեց սովորականից առատ ու պարբերական տեղումներով։ Իսկ տանիքի նորոգման աշխատանքներն էլ դեռ չեն ավարտվել, հազիվ 40 տոկոսն է իրականացվել։ Կիսաբաց երկնքի տակ մնացած բնակիչները սեպտեմբերի 7-ին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով զգալի վնաս են կրել․ ջուրը լցվել է բնակարաններ։ «Մայիսին եմ տանս նորոգման աշխատանքը ավարտել ու, կարելի է ասել, չհասցրի վայելել։ Ժամանակակից ձևերով նորոգել եմ՝ մտածելով, որ շուտով տանիքն էլ կսարքեն, ու կաթոցներին վերջ կտրվի, բայց արի ու տես, որ թե՛ տանիքի, թե՛ բնակարանի նորոգումը փորձանք դարձավ։ Մոտ 15 հազար դոլարի ծախսն էլ մի քանի ժամվա մեջ «ջրվեց»», - սրտնեղած պատմում է տուժած բնակիչ Արմեն Հովհաննիսյանը։

Նունե Բաբայանի խոսքով, ում բնակարանը նույնպես հայտնվել է կաթոցների տակ, դժգոհեց, որ շինարարների օգտագործած փայտը անորակ է, նորոգվող տանիքը երկար չի ծառայի։ «Եթե մեկ տարի հետո սկսեն կաթոցներ, մենք դարձյալ պետք  է գնանք  ու դիմենք կամ մարզպետարան, կամ համայնքապետարան, բնականաբար, մեզ էլ կասեն՝ ձեր շենքի տանիքը նոր է նորոգվել, այդ դեպքում ի՞նչ ենք անելու, չե՞ն ասելու՝ ինչու հետևողական չէիք», - ասում  է բնակչուհին։

Ամբողջ գիշերը բնակարաններ լցվող ջրի հետ կռիվ տված բնակիչները իրենց դժգոհությունը արտահայտեցին նաև շինարարությունը իրականացնող «Գազկոմշին» ՍՊԸ աշխղեկ Երվանդ Մելքոնյանին։ Նրա խոսքով՝ հասկանում է բնակիչների բողոքը․ «Մարդիկ վնաս են կրել, և մենք ընդունում ենք, բայց ինչ կարող եմ ասել, ոչ մեկ Աստծո հետ պայմանագիր չէր կնքել, չէինք կարող կանխատեսել անձրևներ, ֆորսմաժորային իրավիճակ է։ Առաջիկա երեք-չորս օրերը, հենց եղանակը բացվեց, ծածկը կխփենք, հետո մեր ընկերության ներկայացուցիչները, մարզային ու քաղաքային իշխանությունների հետ միասին ձևավորված հանձնաժողովի անդամները կծանոթանան իրավիճակին, պատճառված վնասները կուսումնասիրեն․․․», -  ասաց Երվանդ Մելքոնյանը։

Մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանի վստահեցմամբ՝ շինարարական կազմակերպության հետ ստորագրված պայմանագրում կա կետ, որով ընկերությունը պարտավոր է իրենց մեղքով առաջացած վնասները փոխհատուցել։ «Եթե շինարարը խախտի այս կետը ու փոխհատուցում չտրամադրի, մենք՝ որպես պետության կողմ, չենք ստորագրելու հանձնման-ընդունման ակտը», - ասաց մարզպետի տեղակալը։

Նելլի Միրզախանյան

16:00 10.09.2019

Ամենաշատ ընթերցվածները