ԱՎԵԼԻՆ

Մամուլ

«Ազնավուրն իմ սրտում»
18:00 10.09.2019

«Ազնավուրն իմ սրտում»

Համերգ-ներկայացում Քաջարանում

«Իմ  ճանապարհը  հեշտ ու հանգիստ չի եղել: Շատ դառնություններ եմ ճաշակել այդ ճանապարհին՝ երեսիս փակված դռներ, հեգնանքով ու արհամարհանքով լի ժպիտներ, կատակի տակ քողարկված չարախոսություններ. «Մի՛ համառեք», «Ոչինչ չունենք ձեզ համար », «Թողեք ձեր հասցեն, կգրենք»… Այս  և նման այլ արտահայտություններ: Ես ճաշակել եմ այդ բոլորը:

Շատերի նման կուլ եմ տվել թուքս, զսպել եմ արցունքներս  ու կուչ եկել….

….Կասկածն ու հուսահատությունը, չհասկացված լինելու ու բախտ չունենալու զգացողությունը հաճախ են գետնել ինձ: Բայց ցավս թաքցրել եմ, քաշվել եմ պատյանիս մեջ և ուժ հավաքել դիմանալու, պաշտպանվելու համար»:

Աշխարհահռչակ ֆրանսահայ երգիչ, երգահան ու կինոդերասան, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի վերոնշյալ խոհերով մեկնարկեց Կապանի մշակույթի կենտրոնի նախաձեռնած «Ազնավուրն իմ սրտում»  համերգ-ներկայացումը Քաջարանում՝ անմոռանալի երեկո պարգևելով հանդիսատեսին:

2019թ․ հունիսից Կապանի մշակութի կենտրոնի նախաձեռնությամբ մեկնարկել է «Քեզ համար, Կապան» համահայկական մարաթոնը, որի նպատակն է բազմաբովանդակ միջոցառումներով նպաստել մարզի մշակութային կյանքի ակտիվացմանը:

Նախագծի հեղինակը՝ Կապանի մշակույթի կենտրոնի տնօրեն, տարբեր երաժշտական նախագծերի մասնակից, 2018թ․ «Նոր ալիք» միջազգային երաժշտական մրցույթում ՀՀ պատվիրակ Գևորգ Հարությունյանն է: Նա պատմեց, որ մեկնարկից հետո ֆինանսավորման համար դիմումներ են ուղարկել տարբեր ուղղություններով: Արագ արձագանքել են Կապան և Քաջարան խոշորացված համայնքների ղեկավարները, նաև՝ անհատներ, ովքեր ևս օգնել են նախագիծը իրականություն դարձնել:

«Բայց բերկրանքը բազմապատկվեց, երբ մարաթոնին միացավ «ԶՊՄԿ» ՓԲ ընկերությունը՝ հատկացնելով  13.000 000  ՀՀ  դրամ», - պատմում է Գ. Հարությունյանը, ով, նաև օգտվելով առիթից, Կապանի մշակութի կենտրոնի ողջ կոլեկտիվի անունից խորին շնորհակալություն հայտնեց ձեռնարկությանը, գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովին՝ աջակցության համար:

«Միջոցառման թեման պատահական չէր ընտրված. 2019թ․ լրացավ Շառլ Ազնավուրի 95, Թումանյանի 150-ամյակները, իսկ սեպտեմբերի 26-ին կտոնենք Կոմիտասի 150-ամյակը, ուստի մտածեցինք, որ ավելի հարմար է մարաթոնի շրջանակում կազմակերպվող միջոցառումները նվիրված լինեն վերոնշյալ հայ մեծերին. ևս մեկ առիթ նրանց հիշելու, մեծարելու համար», - մեկնաբանեց նա:  Ծրագիրը կավարտենք սեպտեմբերի 26-ին «Իմ հոգում Կոմիտաս» համերգ-ներկայացմամբ:

Ընտրված էին աշխարհահռչակ շանսոնյեի երգացանկից առավել շատ սիրված և պահանջված  ստեղծագործություններ, որոնք հնչեցին երեք լեզվով՝ հայերեն, ֆրանսերեն և անգլերեն:

Սցենարի հեղինակ Մարգարիտա Մանուկյանի խոսքով՝ ձգտել են խուսափել օտարալեզու տեքստերը հայատառ գրելու և սովորելու ձևից, արդյունքում՝ կատարողները գիտեն բավական քանակությամբ ֆրանսերեն բառեր, իսկ առավել հմուտները մյուսներին օգնել են կատարելագործվել, երգերի բաշխումներն արվել են՝ հաշվի առնելով նախասիրություններն ու, բնականաբար, ձայնային տվյալները:

Բեմում ստեղծել  էին ֆրանսիական կոլորիտ՝ կատարումների ներքո համապատասխան հանդերձանքով արտիստները հանդիսատեսին տեղափոխում էին ազնավուրյան աշխարհ, հնչում էին վարպետի մտքերն ու խոհերը՝ կյանքի, սիրո, ապրած տարիների մասին, և այն մասին, թե ինչն է կարևորել նա կյանքում, ում է պարտական եղել, արխիվային կադրերն էլ կրկնապատկում էին տպավորությունները:

Հանդիսատեսի խոսքով՝ երեկոն անջնջելի տպավորություններ հաղորդեց, ինչպես նաև օգնեց ճանաչել մեր կողքին ապրող շնորհաշատ կատարողներին: Կատարված մեծածավալ աշխատանքի և նվիրման համար ունկնդիրը շնորհակալ էր…

Ի դեպ, Ազնավուրի կյանքի մանրամասները, մտքերն ու ցայտուն իրադարձությունները, աշխատանքային և անձնական լուսանկարները տեղ են գտել 1976թ․  հրատարակված «Ազնավուրը Ազնավուրի մասին» ինքնակենսագրական գրքում, որի միջոցով հաղորդակից ենք դառնում նրա  հույզերին ու մտածմունքներին, մի արվեստագետի կյանքի պատմության, ում ունկնդիր հասարակությունը երկար տարիներ չի ընդունել, սակայն նա  համառորեն պայքարել է…

Մեջբերումներ գրքից …

Ի վերջո, դժվար կյանքս ու ապրած սերերս են, որ ինձ դարձրին այն, ինչ կամ ու համարձակվում եմ ասել, թող ինքնագովություն չթվա, ես ինձ դուր եմ գալիս․․․

Ելույթս ունեցավ այն ավարտը, ինչ տենչում ու սպասում էի այդքան տարիների դժվարությունների, նվաստացումների ու բոլոր տեսակի թշնամիների միջով: …Այո՛, այդ երեկո մինչ կուլիսներում սերն էր սպասում ինձ, ես նվաճեցի Փարիզը...

Շառլ Ազնավուր

Լիլիթ Իսրայելյան

18:00 10.09.2019

Ամենաշատ ընթերցվածները