ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Անդառնալի դառնությունը
14:00 11.09.2019

Անդառնալի դառնությունը

Օրերս վարչապետը ուղիղ եթերում կրկին փորձեց ամփոփել Ամուլսարի հանքի խնդիրը: Միանգամից պարզ դարձավ, որ գոյություն ունի դիրքորոշում, որի մասին Նիկոլ Փաշինյանը դեռ չի բարձրաձայնում, սակայն նրա խոսքը անուղղակիորեն ապացուցում է, որ ճակատամարտը սարի համար դեռ առջևում է, և հանքի լոբբիստները ուղղակի թայմ աութ են վերցրել մինչ 2020-ի ապրիլը: Որո՞նք են անուղղակի ապացույցները առ այն, որ հանքը, այնուամենայնիվ, ուզում են շահագործել: Քննչական խմբի ղեկավար Իվանյանին ակնհայտ չեն պատժելու նրա համար, որ ինքը ակնհայտորեն քննությունը վարել է շահագրգռված: Զրո փորձառությամբ օֆշորային ընկերության լեգենդը առ այն, որ ոչ մի կտոր հող, ոչ մի լիտր ջուր և ոչ մի շունչ օդ չի աղտոտվելու, մեր վարչապետին հույս ու հավատ են ներշնչում:

Ցուցակը կարելի է շարունակել, բայց ակնհայտ է, որ մեր վարչապետը հանքարդյունահանման մասին ճիշտ այնքան գիտելիք ունի, որքան մենք բոլորս 500 լուսատարի հեռավորության վրա գտնվող որևիցե մոլորակի մասին: Ահա թե ինչու է կարևոր դպրոցում լավ սովորել քիմիա և ֆիզիկա: Այս երկու առարկայի օրենքները ոչ մի կերպ չեն ենթարկվում որևիցե կառավարության կամ վարչապետի որոշումներին կամ քմահաճույքներին: Ինչ-որ մեկը պետք է այս դառը ճշմարտությունը զեկուցի Նիկոլ Փաշինյանին, սակայն այդ մարդը չկա նրա շրջապատում, իսկ շրջապատից դուրս մարդկանց վերջինս չի լսում: 

Չխորանալով բազմաթիվ նրբությունների մեջ՝ ասեմ միայն մեկ բան․ ցանկացած հանքի շահագործում նպաստում է անդառնալի քիմիական և ֆիզիկական գործընթացների: Ընդհանրապես անդառնալի բառի ընկալումը շատ կարևոր է: Կան սխալներ, որոնք կարելի է շտկել, իսկ կան այնպիսիք, որ անդառնալի են: Օրինակ՝ մարդու մահը, ինչպես որ սարի մակաբացումը, անդառնալի են: Առաջինի պարագայում գերեզմանի բացումը, իսկ երկրորդի պարագայում՝ նորից հողով ծածկելը, զգալի արդյունքներ չեն տալիս:

«Զանգեզուր պրես»

14:00 11.09.2019

Ամենաշատ ընթերցվածները