ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Առաջին անգամ
16:00 11.09.2019

Առաջին անգամ

Վերջերս Երևանի «Դինամո» մարզադահլիճում կայացավ Հայաստանի թեքվանդոյի ֆեդերացիայի երիտասարդների առաջնությունը։ Մասնակցեց նաև քաջարանցի 16-ամյա Նիկոլայ Մանուկյանը և նվաճեց Հայաստանի չեմպիոնի տիտղոսը։ Սա Քաջարանի մարզական պատմության մեջ նոր էջ է․ քաղաքն ունեցավ առաջին չեմպիոնը այդ մարզաձևից:

«Շատ թեժ պայքար էր, մենամարտել եմ երեք ռաունդ, առաջինում հաղթեցի, երկրորդում պարտվեցի, իսկ երրորդում հաղթանակ տանելու հնարավորությունները իմն էին։ Միակ խնդիրն այն էր, որ հակառակորդս բարձրահասակ էր, հարվածներս լիովին չէին ստացվում։ Այս հաղթանակը ինձ շատ է պարտավորեցնում, ստիպում մտածել այլ բարձունքների մասին․ նպատակ ունեմ դառնալու Եվրոպայի ու աշխարհի չեմպիոն, որի համար մեծ ջանք, եռանդ ու աշխատասիրություն է հարկավոր», - ասաց Նիկոլայը։

Մարզիչ Գարեգին Ստեփանյանի խոսքով՝ երկու-երեք տարի է, ինչ պայքարում էին տիտղոսի համար, այս անգամ հաջողվեց, Նիկոլայն արդարացրեց իրեն։ «Այս ամենը տեղի ունեցավ համառ աշխատանքի, պարապմունքների շնորհիվ։  Կարևորն այն է, որ այսօր պայքարողի հոգեբանություն ու կամքի ուժ ունի»։

Նշենք, որ Նիկոլայ Մանուկյանը այս տարվա հոկտեմբերին կմասնակցի Իսպանիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը։ Մարզիկներին աջակցում է Քաջարանի համայնքապետարանը։

Անուշ Միրզոյան

16:00 11.09.2019

Ամենաշատ ընթերցվածները