ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Սյունիքի 9 գյուղերի բնակիչների ունեցվածքը կարկուտն ու սելավը սրբել տարել են
18:00 11.09.2019

Սյունիքի 9 գյուղերի բնակիչների ունեցվածքը կարկուտն ու սելավը սրբել տարել են

Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի ինը գյուղերում սեպտեմբերի 7-ին տեղացած կարկուտն ու դրան հետևած հեղեղը մեծ վնասներ են հասցրել բնակիչներին։

Սյունիքի բնապահպանության և գյուղատնտեսության վարչության պետ Գագիկ Խաչատրյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, այսօր ստացել են հանձնաժողովի նախնական եզրակացությունը գյուղատնտեսության ոլորտում կրած վնասների վերաբերյալ։

20-30 րոպե տեղացած կարկուտը մեծ կորուստների պատճառ է դարձել հատկապես Նորաշենիկի ձորի գյուղերում՝ Անտառաշատում, Ներքին և Վերին Խոտանաներում, Նորաշենիկում, Բուրաստանում, Շրվենենցում և այլն։

Ավերվել են  ճանապարհներ, ցանքատարածություններ, ոչնչացել է բերքը, քանդվել են ենթակառուցվածքներ, վնասվել են տանիքներ, մեքենաները մնացել էին հեղեղի բերած հողաշերտի մեջ։

«Վնասվել են մոտ 4.3 հա լոբու ցանքատարածություններ, 2.1 հա կարտոֆիլի, 2 հա-ի չափով մյուս բանջարաբոստանային կուլտուրաների ցանքատարածություններն են,  ամբողջությամբ վնասվել են պտղատու այգիները։ Ծառերի ճյուղերն կարկուտը կոտրել է, լցրել գետնին, գետնին ընկած պտուղներն էլ սելավն է քշել տարել կամ ցեխածածկ դարձրել։ Մոտ 100 քմ չափով էլ տանիք է վնասվել, սատկել է 75 հավ»,- թվարկեց Գագիկ Խաչատրյանը։

Վարչության պետին ենթակա ոլորտում ընդհանուր վնասը կազմել է 21 մլն դրամ, մյուս վարչություններն ու բաժիններն էլ արձանգրում են վնասները։  Վնասվել են անասնագոմեր, շինություններ։

«Ըստ գյուղերի, բնակիչների վնասներն անուն ազգանունով գրված են։ Ցուցակներում մանրամասն նշված է, որ բնակչի ինչքան լոբին է վնասվել, ո՞ր ծառը, հատ-հատ ուսումնասիրել ենք»,-ասաց մարզպետարանի պաշտոնյան։

Մարզային հանձնաժողովի քննարկումից հետո վնասի չափը կուղարկվի տարածքային կառավարման նախարարություն։

Աղբյուր` Panorama.am

18:00 11.09.2019

Ամենաշատ ընթերցվածները