ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Որոշե՞լ ենք ինչպիսի պետություն լինել
16:00 12.09.2019

Որոշե՞լ ենք ինչպիսի պետություն լինել

Ամուլսարը շարունակում է մնալ օրակարգային հարց։ Ծրագիրը ի՞նչ վտանգավոր ռիսկեր է ենթադրում։ Օգուտներն ու վնասներն արդյո՞ք համեմատելի են։ Թեմայի շուրջ զրուցել ենք կառավարման փորձագետ Սերոբ Անտինյանի հետ։ 

«Պատկերացրեք՝ մեկը ձեզ առաջարկում է ձեր երեխաների ննջասենյակում թունավոր միջատների եկամտաբեր լաբորատորիա դնել, ապակեպատել։ Հավաստիացնում են, որ կկառավարվեն բոլոր ռիսկերը, որպեսզի այդ միջատները չվնասեն երեխաներին։ Ինչպե՞ս դուք կվերաբերվեք սրան, ինչպե՞ս կվերաբերվի բանական մարդը»։

Սերոբ Անտինյանի խոսքով՝ շատ կարևոր և առանցքային է հարցի արժեքը։ Հարկ է հասկանալ հարցի արժեքը և գնահատել, որից հետո կշեռքի նժարին դնել օգուտներն ու վնասները ռիսկերի անկառավարելի դառնալու դեպքում․ «Կշեռքի մի նժարին դրված է տնտեսական զարգացումը, ասել է թե՝ ներդրումներ, որոշակի ֆինանսական հոսքեր, որոնք, այնուհանդերձ, չափելի են որոշակի դրամական արտահայտությամբ։ Մյուս նժարին Սևանի ավազանն է, մեր քաղցրահամ ջրերի պաշարները, վերջին հաշվով՝ սերունդների առողջությունը, Ջերմուկի առողջարանային գոտու հնարավոր կորուստը կամ առնվազն բրենդի խաթարումը։ Ստացվում է, որ այս երկու բևեռներն անհամեմատելի են․ վնասները չափելի չեն այն օգուտների հետ, որոնք կունենանք հանքի շահագործման պարագայում»։

Փորձագետի խոսքով՝ եթե խորամուխ լինենք ռիսկերի գնահատման հարցում, ապա կընկնենք ծուղակի մեջ, քանի որ բաց կթողնենք առանցքայինը՝ հարցի արժեքը․ ի՞նչ արժե այս հարցն ընդհանրապես մեր երկրի, մասնավորապես տարածաշրջանի համար։ Հետևաբար առաջարկները՝ հանրաքվեի միջոցով հարցին լուծում տալու, բավականին հիմնավոր են։ «Մենք փորձում ենք ամեն ինչին տալ գումարային արտահայտություն, բայց որևէ մեկը հաշվարկե՞լ է, թե ինչ արժե Ջերմուկին՝ որպես առողջարանի, հասցված վնասը։ Դիցուք մենք կառավարում ենք բոլոր ռիսկերը, բայց եթե մի տուրիստ ուզում է գալ Ջերմուկում հանգստանալ և իմանում է, որ հանք է շահագործվում, այդ դեպքում, որքան էլ մենք նրան համոզենք, որ ռիսկերը կառավարելի են, նա արդյո՞ք կգա Ջերմուկ, չի գա»։

Սերոբ Անտինյանը հարց է առաջադրում՝ ինչպե՞ս պետք է հաղթահարենք այդ բրենդին հասցված վնասը․ չէ՞ որ մարդիկ տարիներով հսկայական գումարներ են ծախսել այդ բրենդը, պատիվը ձեռք բերելու համար, և ահա գրչի թեթև հարվածով այդ ամենը փորձում են հօդս ցնդեցնել։ Փորձագետի կարծիքով՝ բավարարվել միայն ռիսկերի գնահատումով՝ անբավարար է, մակերեսային  ու հատվածական․ «Այս խնդիրն ավելի լայն է։ Արդյո՞ք հանքարդյունաբերությունը այն ոլորտն է, որ Հայաստանում պետք է գործի և գոյություն ունենա։ Խոսքը ընդհանրապես հանքարդյունաբերության մասին չէ, քանի որ ունենք աղի, քարի և այլ մեխանիկական հանքեր, այլ՝ մետաղակորզիչ հանքերին, որոնց դեպքում թունավոր ռեակտիվներ են օգտագործվում, որոնց արդյունքում էլ առաջանում են այդ պոչամբարները։ Ես հակված եմ խնդիրը դիտարկելու այս համատեքստում։ Իմ խորին համոզմունքն է, որ մեր երկիրը պետք է և ունի այդ հնարավորությունները՝  տնտեսական զարգացման  այլընտրանքներ փնտրելու, ոչ թե կառչած մնալու հանքերից»։

Ս․Անտինյանը նշում է, որ հանքարդյունաբերությունը, ըստ էության, տնտեսական հետադիմական ճյուղ է։ Որևէ զարգացած երկիր իր տնտեսական ապագան չի կառուցում հանքարդյունաբերության վրա։ Լուրեր են շրջում այն մասին, որ հանքը չշահագործելու պարագայում արտաքին ներդրումներ չեն լինի։ Այս առթիվ փորձագետն ասում է․ «Շատ է խոսվում դրա մասին, բայց ոչ ոք չի խոսում, որ հայաստանյան ներքին շուկայում կա ներդրումների ահռելի պոտենցիալ։ Կան հաշվարկներ, որ այդ գումարը տատանվում է 7 միլիարդի շուրջ։ Եթե այդ գումարը մտնի մեր տնտեսության մեջ, դա մեծ օգուտ կլինի։ Այսինքն՝ ներդրումների թեման պետք չէ փնտրել Ամուլսարի թեմայի շուրջ»։

Արդյո՞ք Ամուլսարի վերաբերյալ պետությունը որոշակի կարծիք ունի։ «Որքանով կարողանում եմ հետևել ներքաղաքական զարգացումներին այս խնդրի շուրջ ու կառավարության դիրքորոշմանը, նայելով վերջին տեսակապը նաև «Էլարդի» փորձագետների հետ, կարծում եմ, պետությունը դեռ վերջնական կարծիք չունի։ Բայց լիահույս եմ, որ քաղաքական որոշում կայացնելուց առաջ նկատի կառնվեն բոլոր այս հանգամանքները։ Հարցը կդիտարկվի իրապես լայն կոնտեքստում՝ հարցի արժեքի կոնտեքստում։ Ոչ միայն հայացքը կսևեռվի տնտեսության ու բնապահպանության, այլև վերջին հաշվով երկրի տեսլականի ու ռազմավարության վրա։ Հիմա մենք մեզ պիտի հարց տանք և պատասխանենք այդ հարցին՝ ինչպիսի՞ երկիր ենք ուզում լինել՝ զարգացա՞ծ, որտեղ բնությունը գերակա արժեք է, թե՞ գնալ հետ՝ 18-19-րդ դարեր, և հույսը դնել միայն հանքարդյունաբերության վրա», - խոսքը եզրափակեց Սերոբ Անտինյանը։

Անուշ Միրզոյան

16:00 12.09.2019

Ամենաշատ ընթերցվածները