ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Նախադպրոցական կրթության սևն ու սպիտակը Մեղրի համայնքում
14:00 13.09.2019

Նախադպրոցական կրթության սևն ու սպիտակը Մեղրի համայնքում

Որպես համայնքների միավորման արդյունավետության ևս մի ցուցիչ և Մեղրի համայնքի զարգացման հնգամյա ծրագրի ևս մեկ դրույթի իրագործում՝ օգոստոսի 30-ին Վարդանիձոր բնակավայրում բացվեց հիմնովին նոր մանկապարտեզ:

Այն կառուցվել է 2017 թվականի դեկտեմբերին  «Լիճքվազ-թեյ» ՓԲԸ-ի և Մեղրու համայնքապետարանի միջև կնքված սոցիալ-տնտեսական հուշագրի շրջանակում: Մանկապարտեզի շինարարության և գույքի վրա ծախսված գումարը՝ 37 մլն 203 հազ. 635 ՀՀ դրամ:

Վարդանիձոր բնակավայրում վերաբնակեցումից հետո նախադպրոցական կրթությունը իրականացվել է գյուղի դպրոցին կից կիսաքանդ շինությունում, ոչ բավարար պայմաններում: Ավելի ուշ, ինչպես մյուս գյուղական բնակավայրերում, գյուղապետարաններն ինքնապահպանման խնդիր են ունեցել, և գյուղի բյուջեն հնարավորություն չի տվել նոր շենքի և աշխատակազմի հիմնման, լիարժեք պահպանման, նախադպրոցական պատշաճ կրթության ապահովման համար:

2016 թվականի նոյեմբերին, երբ Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանն անցավ իր լիազորություններին՝ հասարակության տարբեր խմբերի հետ հանդիման շրջանակում հայտարարեց. «…Ես ինձ լիարժեք բավարարված կզգամ, եթե մինչև պաշտոնավարմանս ավարտը համայնքի բոլոր բնակավայրերն ապահովված լինեն նախադպրոցական պատշաճ կրթությամբ»:

Մանկապարտեզի բացման արարողությունը հանդիսավոր էր՝ ուրախ, գունեղ, հոգևոր հոր օրհնությամբ, մաղթանքներով և նվերներով, մուլտհերոսների զվարճալի խաղերով:

Նորակառույց մանկապարտեզը հանդիսանալու է Մեղրու մանկապարտեզի մասնաճյուղ (տնօրեն՝ Սյուզան Սարգսյան), նախատեսված է 20 երեխայի համար, կապահովի 6 աշխատատեղ: Մանկապարտեզ են հաճախում գյուղի 19 երեխա: Կարմիր ժապավենը կտրելու պատիվը տրվեց հենց գյուղի փոքրիկներին:

Մանկապարտեզի կառուցման թերի մասը բակային հատվածն է, որը շուտով կբարեկարգվի և կկանաչապատվի:

«Կարծում եմ՝ անկախ օրացույցից, այս օրը տոնական պետք է համարել Վարդանիձոր գյուղի և առահասարակ Մեղրի համայնքի յուրաքանչյուր բնակչի և առավելապես Մեղրի համայնքի ղեկավարի համար: Ես, ինչպես և  ցանկացած մարդ, ունենում եմ սեփական գործի համար բավարարվածության պահեր, ինձ համար պահը հենց այդպիսին է, որովհետև կյանքի է կոչվել մի ծրագիր, որ փայփայում էի խոշորացված համայնքի ղեկավար դառնալու առաջին օրերից: Ոգևորությունս մեծ է, որովհետև Վարդանիձորի մանկապարտեզի բացումը սոսկ հերթական կառույցի բացում չէ, սա գյուղապահպան ծրագրի կարևոր մաս է,  գրավական՝ գյուղի բնակչության հետագա աճի և զարգացման: Այսուհետ գյուղի երիտասարդ ընտանիքներից ոչ մեկը չպետք է մտածի, թե իր երեխան զրկված է նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորությունից, սա նաև ինչ-որ չափով գյուղի սոցիալական խնդիրների մեղմում է և նոր աշխատատեղերի առկայություն գյուղի բնակիչների համար: Հետագայում մենք նպատակ ունենք մանկապարտեզներ հիմնել համայնքի այլ գյուղերում ևս: Համոզված եմ՝ շնորհիվ կենտրոնացված կառավարման և կոլեկտիվի պրոֆեսիոնալիզմի Վարդանիձորի մանկապարտեզում ուսումնադաստիարակչական պրոցեսը լինելու է բարձր հիմքերի վրա և որևէ կերպ չի զիջելու  համայնքի մյուս մանկապարտեզներին», - նշեց համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանն իր շնորհավորական խոսքում:

Թեմայի շրջանակում հավելենք, որ այս օրերին Մեղրի քաղաքում մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողների շրջանում նկատվում է դժգոհություն: Օրեր անց կմեկնարկեն քաղաքի տիպային, վատթար վիճակում գտնվող մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները, որը կտևի մեկ տարի և ավելի: Մանկապարտեզի հիմնանորոգման համար նախատեսված ծրագրով սահմանված գումարը կազմում է մոտ 430 մլն ՀՀ դրամ, որից 152 մլն դրամը տրամադրում է «Իմ քայլը» հիմնադրամը, իսկ մնացածը՝ պետբյուջեի միջոցներով՝ 2019թ. սուբվենցիոն ծրագրով:

Խնդիր առաջացավ ավելի քան 200 երեխայի տեղավորման հետ կապված:

Լուծման հնարավոր տարբերակը մեկը եղավ՝ տեղավորել նախադպրոցական խմբի երեխաներին Մեղրի քաղաքի նախկին պոլիկլինիկայի շենք հանդիսացած շինությունում՝ նախակրթարանի ձևաչափով. չեն լինի սնունդ և քուն, ուսումնական պրոցեսը՝ երեք ժամ՝ 09:00-12:00:  Ծնողներն այդքան էլ գոհ չեն, մինչդեռ փոքրիկների սրտով է այս ամենը՝ չկա քուն, երկար չեն մնում մայրիկներից հեռու: Սանիտարահիգիենիկ վիճակը, վերահսկումը պատշաճորեն իրականացվում են: Հարակից Լեհվազ և Վարդանիձոր գյուղերի մանկապարտեզները կարողացել են ընդունել համապատասխանաբար 9 և 8  սան: Մեղրուց վերոնշյալ գյուղեր ամենօրյա երթով միջհամայնքային երթուղի է գործում՝ մինչև 7 տարեկանների համար անվճար:

Համայնքում այս պահին ավելի քան 120 երեխա չի հաճախի մանկապարտեզ, տեղերը սահմանափակ էին, նախապատվությունը տրվել է աշխատող ծնողների երեխաներին, մնացածները փոքր-ինչ դժգոհ են: Բայց կա ևս մեկ սփոփիչ հանգամանք. օրերս Մեղրի և Ագարակ քաղաքներում բացվել են մանկական ուսուցման զարգացման կենտրոններ, որտեղ էլ հնարավոր կլինի նախադպրոցական կրթություն իրականացնել:

Մեզ հետ զրույցում համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը նշեց, որ տեղյակ է ծնողների շրջանում առաջացած դժգոհությանը: Ինքն այս պահին սառնասրտորեն է մոտենում դրան, որովհետև առաջարկել և գտել է ամենաօպտիմալ և իրատեսական տարբերակը. «95 տարի շահագործվող մանկապարտեզի հիմնանորոգումը եղել է օրակարգային և առաջնային խնդիր, շենքի տանիքից կաթում էր, իսկ հիմքն էլ խոնավ էր ու ջրով պատված: Հիմա մենք աջակից ունենք և հետևողականորեն առաջ ենք գնում, պետք է մի քիչ էլ բնակիչները գոտեպնդվեն, դժվարություն կրեն, հարմարվեն: Այս պահին մենք՝ որպես պատասխանատու, գտել ենք ամենահարմար տարբերակը, որը ընտրություն չէր լավի ու վատի միջև», -նշեց համայնքապետը։

Համայնքի կայուն և համաչափ զարգացման համար նախատեսվում է հաջորդ երկու տարիներին մանկապարտեզ կառուցել նաև Շվանիձոր, Կարճևան, Ալվանք բնակավայրերում:

Մարիամ Ծատրյան

Լուսանկարները՝ meghrinews.com

14:00 13.09.2019

Ամենաշատ ընթերցվածները