ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Տուգանք նվազագույն աշխատավարձի 500-ապատիկի չափով՝ սերիալում բռնության տեսարանի համար
15:00 13.09.2019

Տուգանք նվազագույն աշխատավարձի 500-ապատիկի չափով՝ սերիալում բռնության տեսարանի համար

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն, ուսումնասիրելով «Արմենիա TV» կողմից հեռարձակված «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալի 2019 թ. օգոստոսի 22-ի եթերում բռնության, կտտանքների ենթարկելու տեսարանները, տուգանել է ընկերությանը՝  նվազագույն աշխատավարձի 500-ապատիկի չափով։ Վերոնշյալ հատվածում տղամարդը փորձում էր մկրատով կտրել կնոջ քիթը։ Այս մասին տեղեկացնում է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան։

Ըստ աղբյուրի՝ որոշման մեջ «Հանձնաժողովն ընդգծել է, որ առկա են բազմաթիվ հետազոտություններ, որոնք փաստում են, որ մեդիայում և հատկապես սերիալներում արտացոլած կանանց նկատմամբ խտրականությունն ու բռնությունը անմիջականորեն ազդում են հանրային կյանքում բռնության օջախների բռնկման և դրանց քանակի, ինչպես նաև դաժանության աստիճանի վրա և սերիալներում բռնության տեսարանների ավելացմանը զուգահեռ, ավելացել են նաև իրական բռնության դեպքերը:

Դա մենք տեսնում ենք նաև հայաստանյան իրականության մեջ, երբ կնասպանության դեպքերը ավելանում են։ Ուստի, ավելորդ է ասել, որ սերիալում տեղ գտած այդպիսի բռնության տեսարաններն ազդում են հասարակական, հատկապես երեխաների տրամադրության և առհասարակ կերպի վրա։ Հանձնաժողովը գտնում է, որ ընտանեկան բռնության հանդեպ անհանդուրժողականության ձևավորման հիմնական խոչընդոտներից մեկն էլ հենց սա է՝ առնականության վերաբերյալ պատկերացումներում կնոջ հանդեպ իշխանության բռնի դրսևորումն ընդունելի համարելու հանգամանքը: Տղամարդու կողմից նման ընկալումն ու դրանից բխող վերաբերմունքը հանգեցնում են նոր բռնությունների՝ բռնարարի մոտ ստեղծելով իր վարքի ու արարքների անպատժելիության ընկալում: Եվ այս ամենի հերթական օրինակը «Արմենիա Թի-ՎԻ» հեռուստածրագրի «Անհասցե ծնվածները» ամբողջ հեռուստասերիալն է, այլ ոչ թե միայն քննության առնված սերիան»:

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 15-րդ մասը սահմանում է. «15. Էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումները և սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերը, ինչպես նաև անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների եթեր հեռարձակումը ժամը 24.00-ից մինչև 6.00-ն ընկած ժամանակահատվածից դուրս, բացառությամբ բաժանորդային հեռարձակման` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով»:

Աղբյուրը՝ Panorama.am

15:00 13.09.2019

Ամենաշատ ընթերցվածները