ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Իմ երեխան չի ուզում ուտել
16:00 13.09.2019

Իմ երեխան չի ուզում ուտել

Ասում են՝ երեխան պետք է շատ ուտի, որ շուտ մեծանա, - այս միֆը տարածված է շատ ծնողների շրջանում, որն էլ խնդիրներ է առաջացնում թե՛ իրենց, թե՛ երեխաների համար: Բոլոր ծնողները, որպես կանոն, ցանկանում են, որ իրենց երեխան ախորժակով ուտի նախաճաշի, ճաշի և ընթրիքի իր չափաբաժինը և, ինչու ոչ, նաև հավելյալ բաժին պահանջի:

«Իմ երեխան հաց չի ուտում, ինչպե՞ս ստիպել նրան ուտել», - ծնողների մեծամասնության համար այս հարցը առաջնայիններից է: Շատ երեխաներ օրվա մեծ մասը անց են կացնում «ափսեի առաջ», իսկ ավելի կոնկրետ՝ ծնողների հետ պայքարելով ափսեի մեջ գտնվող ուտելիքի դեմ: Երեխաները, ովքեր քիչ են ուտում, հաճախ առաջացնում են անհանգստություն ծնողների շրջանում, քանի որ չեն արդարացնում այն սպասելիքները, որոնք ծնողները ունեն նրանց սնվելու հետ կապված:  Եթե երեխային ստիպողաբար են կերակրում, դա նրա մեջ ձևավորում է սխալ սնուցողական վարքագիծ, և հետագայում հիմնական խնդիրները կապված են լինում ոչ թե կոնկրետ սննդի տեսակի կամ ախորժակի բացակայության հետ, այլ տհաճ զգացողությունների:

Ինչու՞ երեխան չի ցանկանում ուտել

Բժշկուհի Էվելինա Հարությունյանը նշում է, որ տեսակետը, թե երեխան շատ քիչ է ուտում, կարող է լինել ծնողի սուբյեկտիվ կարծիքը: «Օրինակ, եթե մեկ տարեկան երեխան օրվա մեջ ուտում է 100 գրամ ապուր, փոքրիկ կտոր բանան և մի քանի գդալ կաթնաշոռ, դա օրական չափաբաժնի համար նորմալ է: Բայց շատ դեպքերում ծնողները այս ցուցանիշից դժգոհ են լինում՝ նշելով, որ շրջապատում նույն տարիքի երեխաները ուտում են ավելի շատ, քան իրենց երեխան: Պետք է հիշել, որ բոլոր մարդիկ տարբեր են՝ անկախ տարիքից: Եթե փոքրիկը (խոսքը մեկ տարեկանից մեծ երեխաների մասին է), նորմալ զարգանում է, ինչպես և իր հասակակիցները, իրեն շատ լավ է զգում, բայց ուտում է իր հասակակիցներից քիչ, անհանգստանալու կարիք չկա: Նման դեպքում նյութափոխանակությունն այնպիսին է, որ երեխային բավարար է սննդարար նյութերի այն քանակը, որ ուտելիքի միջոցով է ստանում: Բայց երբեմն երեխաները նույնիսկ այդ չափաբաժնից քիչ են ուտում, այս դեպքում երևույթը անվանվում է քչակերություն:

Քչակեր երեխաների ծնողները փորձում են կերակրել երեխային «ինչով պատահի», միայն թե ուտի: Այստեղ օգնության են հասնում կարտոֆիլ ֆրին, լապշան, չիպսերը և քաղցրավենիքը, ինչը սիրում են բոլոր երեխաները: Իհարկե, թվարկածները չեն համարվում լիարժեք սնունդ:  Երեխայի սննդակարգում անպայման պետք է լինեն սննդային բոլոր հիմնական խմբերը՝ ածխաջրեր, ճարպեր, սպիտակուցներ, ինչպես նաև հիմնական վիտամիններ և հանքանյութեր՝ կալցիում, ֆոսֆոր, մագնեզիում, նատրիում, յոդ և այլն: Ստանալ օրգանիզմի համար կարևոր այս բաղադրիչները միայն կարտոֆիլ ֆրիի կամ մնացածի օգնությամբ, իհարկե, անհնար է: Մանկական սննդացանկը իր մեջ անպայման պետք է ներառի ձուկ, միս, մրգեր և բանջարեղեն: Երեխայի սննդացանկը պետք է լինի բազմազան: 1 տարեկանից հետո երեխան պետք է ուտի ընտանեկան սեղանից գրեթե ամեն բան և  զգա բոլոր համերը։

Այստեղ էլ մի խնդիր կա. երբ երեխային սովորեցնում են որևէ ուտելիքի, նա մյուս սննդատեսակները չի ուզում ուտել: Դրա համար պետք է տալ թե՛ բուսական,  թե՛ կենդանական սպիտակուցներ պարունակող ուտելիք, քաղցրավենիք, բայց քիչ, որը բավարարում է գլյուկոզայի պահանջները: Մնում է հասկանալ ինչպես  անել, որ երեխան ուտի այս մթերքները առանց բացասական վերաբերմունքի: Փորձեք երեխայի հետ խանութ գնալ, և ինքը ընտրի ձուկ կամ, օրինակ, բանջարեղեն: Այս դեպքում երեխան իրեն հասուն մարդ կզգա, քանի  որ ինքն է ընտրել իր ընթրիքը և հաճույքով կուտի: Եթե ցանկանում եք, որ երեխան սկսի ուտել բանջարեղեն, ինքներդ սկսեք ուտել, քանի որ սեփական փորձով ցույց տալը լավագույն միջոցն է, քան ստիպելը կամ «սպառնալը»: Համաձայնեք երեխայի որոշ համային նախասիրությունների հետ, օրինակ՝ երեխան կարող է պարզապես չսիրել ձկնեղեն, և դա փոխել հնարավոր չէ, քանի որ որոշ համային սովորույթներ մեզ մոտ ձևավորվում են նախածննդյան շրջանում», - նշում է բժիշկը:

Այն պահին, երբ երեխաները ուտել չեն ուզում, ծնողներին օգնության են հասնում հեռուստացույցը, մուլտֆիլմերը կամ բջջայինը: Այս բոլոր շեղիչ միջոցները որոշ ժամանակ օգնում են ծնողներին երեխաների կերակրման հարցում, բայց այսպիսով ձևավորվում է հեռուստացույց-սնունդ մնայուն կապը: Շեղող հանգամանքները երեխայի սնվելու ընթացքում առաջացնում են մշտական քաղցի զգացողություն, քանի որ ուտելիս նրա գիտակցականը ուղղված է այլ երևույթի: Սա էլ դառնում է սննդի չափաբաժնի ավելացման, հետևաբար նաև գիրացման պատճառ:

Հարկավոր է խստիվ հետևել սննդակարգի ռեժիմին և սնվելու ժամերի միջակայքում երեխային ոչինչ չտալ, այդ թվում և հյութ, անգամ ջուր: Նման պարագայում երեխան ախորժակով կսկսի ճաշել: Աշխատեք, որ ուտելիքը ախորժելի տեսք ունենա, երեխայի համար գնեք գեղեցիկ և հարմար սպասք, սեղանը գեղեցիկ տեսքի բերեք: Ծնողներին խորհուրդ է տրվում փոխել  երեխայի սնուցման վարքագիծը, որը պահանջում է որոշակի ժամանակ և ջանքեր: Պետք է սնուցումը կարողանալ կազմակերպել  համբերատար և հոգատար ձևով: Հատկապես սկզբնական շրջանում  կարող  է բավականին բարդ լինել, որովհետև երեխաները չեն ուզում ուտել, սակայն ստիպել միանշանակ չի կարելի: Այսինքն՝ սնունդ ստանալու ժամանակահատվածը երեխայի համար պետք է լինի հաճելի, և ոչ թե մեկ-երկու օրերի, այլ ժամանակի ընթացքում հնարավոր է լինում երեխայի մեջ ճիշտ սնուցման վարքագիծ ձևավորել, և հետագայում՝ մեծ տարիքում, երեխաները սննդի հետ կապված խնդիրներ չեն ունենում։

Սոնա Օհանջանյան

16:00 13.09.2019

Ամենաշատ ընթերցվածները