ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Մենթալ թվաբանությու՞ն, թե՞ մտածողություն
14:00 14.09.2019

Մենթալ թվաբանությու՞ն, թե՞ մտածողություն

Գումարում, հանում, բազմապատկում և բաժանում առանց հաշվիչի․ այս ամենը՝ միայն մենթալ թվաբանությամբ։ Ճապոնական հաշվարկի այս մեթոդը լայն տարածում ունի նաև Հայաստանում։  Արդեն 3 տարի է՝ «Աբակ» առաջին մենթալ թվաբանության ակադեմիան գործում է ոչ միայն Երևանում, այլև մարզերում։  

Ծրագրի առավելությունը

Մենթալ թվաբանությունը ուղեղը մարզելու և ուղեղի աջ և ձախ կիսագնդերը միաժամանակ զարգացնելու յուրահատուկ ծրագիր է։ Այն ձևավորում է այնպիսի ունակություններ, ինչպիսիք են՝ հաշվիչից ու համակարգչից արագ հաշվումը, լսողական և տեսողական հիշողության, կենտրոնացման, վերլուծական մտածողության, տրամաբանության շարունակական զարգացման ապահովումը։ Աբակ-հաշվիչ սարքի գնդիկների միջոցով հաշվարկը վարժեցնում է վայրկյանների ընթացքում մաթեմատիկական գործողություններ անել, նախ՝ պարզ գումարում ու հանում, հետո՝ բաժանում ու բազմապատկում։

Մենթալ թվաբանության կենտրոնը արդեն մի քանի ամիս է՝ նաև Կապանում է գործում, որտեղ երեխաները սովորում են արագ հաշվելու ու միտքը մարզելու գաղտնիքը․ «Շատացել է «Աբակ» հաճախողների թիվը։ Երեխաները մեկը մյուսին տեղեկացնում են, որ Կապանում կա նման կենտրոն, որտեղ կարճ ժամանակում կարողանում ես արագ  և հեշտությամբ հաշվարկներ անել», - ասաց «Աբակ» մենթալ թվաբանության ակադեմիայի կապանյան մասնաճյուղի մարզիչ Շաքե Հարությունյանը։

Ի դեպ, տեղեկացնենք, որ «Աբակի» յուրաքանչյուր մասնաճյուղ 100-ից ոչ պակաս սան ունի։

Ակադեմիայի համահիմնադիր Դիանա Հովհաննիսյանը նշում է՝ ծնողները դժգոհում են, որ երեխան  մաթեմատիկայից թույլ է, և բերում են մենթալ թվաբանություն սովորելու։ Կամ էլ հակառակն են ասում՝ մաթեմատիկայից ուժեղ է, ուզում են գիտելիքները խորացնել․ «Աշխատում ենք թվերով, հաշվարկներ  անում, անկախ նրանից՝ երեխան փայլում է մենթալ թվաբանությամբ, թե ոչ, մեր նպատակը ուղեղը մարզելն է, ինչը շատ լավ է ստացվում մեզ մոտ»։

Աննա Աբրահամյանի երեխան 4 տարեկան է, հաճախում է մանկապարտեզ։ Ասում է՝ դաստիարակը բողոքեց, որ երեխան դժվարանում է հաշվել․ «Երեխաս գրատախտակի մոտ գնալ խուսափում էր, թվերը չէր ճանաչում, լսել էի «Աբակի» մասին, որոշեցի տանել։ Ուրախ եմ՝ այսօր ազատորեն կարողանում է գրել, հաշվել։ Սկզբից մտածում էի, որ կխանգարի մաթեմատիկային, բայց հետո հասկացա, որ չի կարող խանգարել, կարևորը այն է, որ հիմա երեխաս չի դժվարանում հաշվել»։

Արժե՞ գնալ մենթալի

Մեթոդը ներազդում է երեխայի աջ կիսագնդի վրա։ Դրան զուգահեռ երեխաները ստանում են ավելի լավ տեսողական և լսողական հիշողություն, զարգանում են նրանց պատկերացումները։ Նախկին մաթեմատիկայի ուսուցիչ Գարեգին Միքայելյանը կարծում է, որ մենթալ թվաբանությունը մաթեմատիկային չի խանգարում․ «Եթե «Աբակը» զարգացնում է աջ և ձախ կիսագնդերը, ապա այդ դեպքում ուզում եմ հասկանալ, թե դպրոցական մյուս առարկաները ինչն են զարգացնում, սխալ մոտեցում է ասել, թե զարգացնում է այս կամ այն կիսագունդը»։

Այնուամենայնիվ, Կապանի N 6 հիմնական դպրոցի 4-րդ դասարանի աշակերտուհի Կատրինը ոգևորությամբ է հաճախում մենթալ թվաբանության պարապմունքների։ Ասում է՝ դպրոցում «Աբակը» շատ է օգնում իրեն․ «Երբ որևէ մաթեմատիկական խնդիր չեմ կարողանում լուծել, հիշում եմ Աբակը կամ հետս տանում եմ դպրոց, և խնդիրը արագ լուծում է ստանում»։

«Ինչքան տեխնիկան զարգանում է, այնքան քիչ ենք օգտվում մեր ուղեղի հնարավորություններից, նախկինում մենք մեր ծանոթների, բարեկամների, հարազատների  հեռախոսահամարները հիշում էինք անգիր, իսկ այսօր բացում ենք հեռախոսը, սեղմում անվան վրա․ դա այդքան էլ լավ չէ։ «Աբակը» հնարավորություն է տալիս ուղեղը մարզելու միջոցով հիշողությունը լավացնել», - ասաց Հայաստանում «Աբակ» առաջին մենթալ թվաբանության ակադեմիայի համահիմնադիր Դիանա Հովհաննիսյանը՝ հավելելով, որ  ի սկզբանե երեխաներին բացատրում են,  որ այստեղ գլխավորապես մտածում են ուղեղը զարգացնելու մասին։

Մաթեմատիկայի նախկին ուսուցիչ Գարեգին Միքայելյանի երկու թոռն էլ, թեև հաճույքով են գնում «Աբակի», այնուամենայնիվ ինքը, թերթելով գիրքը, հասկացել է, որ ճիշտ չէ մենթալ թվաբանություն անվանումը։ Նախընտրելի է գործածել «մենթալ մտածողություն» բառակապակցությունը․ «Հանրահաշվի արմատը թվաբանությունն է, մենթալ թվաբանության արմատը ո՞րն է, պարզ չէ։ Կան մաթեմատիկական տեսություններ, ինչպիսիք են՝ լաբիրինթների, խաղերի, թելերի, գրաֆների, ասույթների, որոնք զարգացնում են տրամաբանությունը, բայց վստահ կարող եմ ասել, որ  ոչ ոք տեղյակ չէ․ այն, ինչը լավ գովազդվում է, դա էլ ընտրում են մարդիկ», - ասաց Գարեգին Միքայելյանը՝ եզրափակելով իր խոսքը, որ չարժե ընկնել նորաձևության հետևից, ծնողները պետք է հասկանան, որ երեխաներին հարկավոր է պարապմունքի ուղարկել միայն այն դեպքում, եթե կարիք կա»։ 

Նարե Խաչատրյան

14:00 14.09.2019

Ամենաշատ ընթերցվածները