ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Ջ․Դ․Սելինջեր․ «Փրկիչը տարեկանի արտում»
14:00 15.09.2019

Ջ․Դ․Սելինջեր․ «Փրկիչը տարեկանի արտում»

Մարդկանց պահվածքը շփոթեցնում ու հիասթափեցնում է տասնյոթամյա տղային։ Նա կարող է հայտնվել անդունդի հատակին, կարող է և անասելի ջանքերով դուրս գալ այդ վիճակից։ Ամերիկացի գրող Ջերոմ Դեյվիդ Սելինջերի «Փրկիչը տարեկանի արտում» վեպը տասնամյակներ շարունակ մնում է ընթերցողների հետաքրքրության առարկան։

Ավելի շատ կեղծավորությունն է հիասթափեցնում ու նույնիսկ զզվեցնում Հոլդըն Քոլֆիլդին Փենսիի դպրոցում։ Կեղծավոր են ուսուցիչները, կեղծավոր են և աշակերտները։ Համբավավոր շրջանավարտներից մեկը, որ թաղման բյուրոներ էր բացել ամբողջ երկրում ու ահագին փող աշխատել, ամեն տարի հանդիպում էր սովորողների հետ և ասում, որ անընդհատ խոսում է Հիսուսի հետ․ «Նույնիսկ երբ մեքենա է վարում։ Քիչ էր մնում մեռնեի։ Պատկերացրե՛ք, թե այդ կեղծավոր տականքն ինչպես  է փոխում մեքենայի արագությունը առաջինի ու միաժամանակ նրանից խնդրում, որ իրեն ևս մի քանի դիակ ուղարկի»։ Ահա հենց այդ դպրոցում է սովորում տասնյոթամյա հերոսը, որտեղից մի օր հեռացնում են։ Բացի անգլերենից՝ ձախողել էր բոլոր առարկաները։ Ընդ որում՝ դա առաջին հեռացումը չէր։

Դպրոցից դուրս էլ կյանքը ոչնչով չի կարող ուրախացնել նրան։ Նույն կեղծավորությունն է գիշերային ակումբում։ Ինչ-որ մեկը, անվերջ խոսելով, շոյում է ընկերուհուն, որը դիմադրության թույլ փորձեր է անում․ «Պատկերացնու՞մ եք՝ մեկին շոյում եք, ու միևնույն ժամանակ պատմում ինքնասպանություն գործած տղայի մասին։ Քիչ էր մնում մեռնեի»։

Նյու Յորքի գիշերային կյանքի զվարճությունները խորթ չեն Հոլդընին, բայց շուտով դրանք էլ են հիասթափեցնում։ Որոշում է զանգահարել ընկերուհիներից մեկին՝ Սելլիին, և նրա հետ ներկայացում դիտել։ Աղջիկը նրան թյուրիմացության մեջ էր գցել։ Շատ բան գիտեր թատրոնի, պիեսների ու գրականության մասին։ Բայց Հոլդընը շուտով պարզում է, որ նա խելացի չէ․ «Շատ ավելի վաղ կպարզեի, եթե մենք այդքան շատ չհամբուրվեինք։ Վատն այն է, որ միշտ կարծում եմ՝ բոլոր նրանք, ում հետ համբուրվում եմ, շատ խելացի են։ Մեկը մյուսի հետ ոչ մի կապ չունի․․․»։

Թատրոնում էլ կեղծավորների պակաս չկար։ Ընդմիջմանը հանդիսատեսները միմյանց հերթ չէին տալիս․ «Բոլորը ծխում էին ու խոսում ներկայացման մասին այնպես, որ մյուսները լսեին և իմանային՝ որքան խելացի են իրենք»։ Սելլիի ուշք ու միտքն էլ ավելի շատ իր արտաքին բարեմասնությունները ցուցադրելն էր։ Առաջարկում է սահադաշտ գնալ, որտեղ չմուշկների հետ մեկտեղ հետույքը հազիվ ծածկող կիսաշրջազգեստ էին տալիս։

Հոլդընը Սելլիին խոստովանում է, որ դպրոցն իրեն ոչինչ չի տալիս, ինքն ատում է նաև կյանքը Նյու Յորքում, որտեղ իշխում է փողի պաշտամունքը։ Աղջկան առաջարկում է թողնել ամեն ինչ ու իր հետ գնալ հեռու-հեռու, ապրել սեփական վաստակով։ Այս առաջարկությանը, բնականաբար, հետևում է մերժումը․«Ինչպե՞ս կարելի է նման բան անել»։  

Հոլդընը կարծես հենման ոչ մի կետ չունի։ Նույնիսկ իրենց ինտելեկտուալ համարող տղաների մեջ է եսասիրություն ու նախանձ նկատում։ Չեն ուզում ինտելեկտուալ զրույց վարել։ Երբ խոսում են, բոլորը պիտի լսեն, երբ լռում են, բոլորը պիտի լռեն։ Իսկ այդպիսի տղաներից մեկն ավելի հեռուն էր գնացել․ «Պահանջում էր, որ բոլորը ցրվեն իրենց սենյակներն ու քնեն, քանի որ ինքն արդեն խոսելիք չուներ։ Իրականում վախենում էր, որ ինչ-որ մեկն իրենից խելացի բան կասի։ Ուղղակի ծիծաղելի էր»։

Հոգնեցրել են ինտելեկտուալները։ Հոգնեցրել են նաև կանայք, ովքեր կարող են կինոթատրոնում ժամերով ֆիլմ դիտել և չլսել երեխային, որ ակնհայտորեն ձանձրացել ու զուգարան է ուզում․ «Վերցնենք տասը մարդու, որոնք հոնգուր-հոնգուր լալիս են ֆիլմեր դիտելիս, նրանցից ինը հաստատ սրիկա դուրս կգա։ Ազնիվ խոսք»։

Փաստաբան հոր մասնագիտությունն էլ չի գրավում․ «Այսինքն՝ վատ չէ, եթե միշտ փրկել են անմեղ մարդկանց կյանքը և այլն, բայց փաստաբանները երբեք դրանով չեն զբաղվում։ Նրանք միայն կարգին փող են աշխատում, գոլֆ են խաղում, բրիջ են խաղում, մեքենաներ են գնում, մարտինի են խմում ու թիթիզանում են»։

Ժխտման կիրքը հզոր է և կարող է իր ճանապարհին ավերածություններ գործել ու անդառնալի կորուստների պատճառ դառնալ։ Բայց Հոլդընին չի լքում նաև մարդկանց փրկելու գաղափարը։ Քրոջ՝ Ֆիբիի հետ հիշում է Ռոբերտ Բըրնսի բանաստեղծությունը՝ «Եթե մեկը տեսնի մյուսին տարեկանի արտում․․․»։ Պատկերացնում է տարեկանի արտ, որտեղ վազվզում են հազարավոր երեխաներ։ Իսկ ինքը կանգնած է ժայռի եզրին և ստիպված է բռնել նրանց, որ չընկնեն․ «Իմ գործը միայն դա է։ Ես փրկիչ եմ տարեկանի արտում։ Գիտեմ՝ խենթություն է, բայց միակ բանն է, որ կուզեի անել»։

Միայն թե ուրիշներին փրկելուց առաջ Հոլդընը պետք  է հոգ տանի իր մասին, կարգի բերի մտքերը։ Ի՞նչ է անելու։ Նախ որոշում է հեռանալ տնից։ Այդ մասին հայտնում է միայն սիրելի քրոջը՝ տասնամյա Ֆիբիին։ Քույրը մտադիր է հետևել եղբորը։ Գուցե նրա վճռականությունն էր պատճառը, որ Հոլդընը հետ է կանգնում տնից անվերադարձ հեռանալու մտքից։ Նա պետք է հանգստանա և կրկին սովորի։ Ճիշտ է, արդեն ուրիշ դպրոցում։ Ի վերջո, անհուսալիորեն կորածի մեկը չէ։ Քրոջ հանդեպ սերը, Շեքսպիրը, Թոմաս Հարդին թերևս դառնան այն հենարանները, որոնք կօգնեն ամուր կառչելու կյանքից, հաղթահարելու անհատակ անդունդի ձգողականությունը։

Արթուր Իսրայելյան      

14:00 15.09.2019

Ամենաշատ ընթերցվածները