ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Եվրոպա և «Եվրոպա»
16:00 15.09.2019

Եվրոպա և «Եվրոպա»

Հայտարարում ենք առաջինը, քայլում դեպի երկրորդը

Ձեռքի տակ վիճակագրական տվյալներ չունեմ։ Իմ վիճակագրությունը իմ տեսածն է, իրական մարդկանց իրական պատմությունը, լրատվադաշտը։

Թոռնիկը ընկերներին հայտնում է, որ իր տատիկն ու պապիկը թոշակներից խնայողություն են արել և բավական փող կուտակել (հավանաբար արժանավայել թաղման ծախս)։ Երկու օր անց ծերունիներին գտնում են սպանված․․․Սա Հայաստանում՝ մայրաքաղաք Երևանում, տեղի ունեցած իրական դեպք է, որի մասին շատերի հիշողությունը երևի թարմ է։ Բարոյականության կատարյալ անկում։

Ազատությու՞ն։ Ինչպիսի՞

Չեմ կարծում, թե կարող է գտնվել մի մարդ, որ չգնահատի ազատությունը։ Սա մարդու իրավունքների հռչակագրի գլխավոր հասկացություններից մեկն է։ Բայց արի ու տես, որ ամեն մեկը յուրովի է գնահատում համամարդկային այդ արժեքը։ Ի՞նչ ամեն մեկ, նույնիսկ ազգեր, պետություններ։

Խորհրդային փակ համակարգում անցյալ դարի 60-ականներից սկսած ավելացավ շփումը առաջատար Եվրոպայի հետ, որը, հարուստ մշակութային ժառանգություն ունենալուց բացի, աչքի էր ընկնում մարդակենտրոն պետական ապարատի կառուցումով։ Ծագող ժողովրդագրական խնդիրները լուծելու նպատակով Եվրոպան իր դռները բացեց աշխարհի առջև։ Այնտեղից, որտեղ արդեն Եվրոպա էր, այստեղ շատ քիչ մարդ վերաբնակվեց, հիմնական հոսքը հարավից ու արևելքից էր։ Այսպես սևացավ ու թխացավ Եվրոպան ու դարձավ «Եվրոպա»։ 

Բաժանի՛ր, որ տիրես

Եղածը քիչ էր, մոլորակի տիրակալներին դա չէր բավարարում լիարժեք տիրակալության համար, որովհետև երբեմն ըմբոստության ձայները ժամանակի ընթացքում հասանելի էին դառնում ավելի շատ մարդկանց, ինչը խախտում էր աշխարհի ուժեղների պլանները։ Եվ նրանք միանգամայն այլ՝ ազատության դրոշ բարձրացրած, սկսեցին խառնել մարդկանց մտքերը, պատերազմներ ու խառնաշփոթ ստեղծելով ամենուր․․․ Հետևանքը դարձավ այն, որ հատուկ կարգապահությամբ աչքի ընկնող գերմանացիների երկրում նորաբնակները օրը ցերեկով խմբերով ոտնձգություն են անում բնիկների կանանց ու աղջիկների նկատմամբ։

Մենք մոտենում ենք «Եվրոպային»

Ամուր ազգային ավանդույթներ ունեցող Հայաստանն այլևս չկա։ Տասնյակ տարիներ են անցել այն օրից, ինչ ռաբիս երաժշտությունը խորհրդային աղբատար մեքենայի վարորդի ձայնագրիչից փոխադրվել է հեռուստատեսություն, գրավել բարձրագույն իշխանության ներկայացուցիչների սրտերը, դարձել շոու բիզնեսի փողամոլության ուռկանը։ Իսկ սերունդը ընկալում է այն, ինչ տեսնում է։ Եթե «Օվերթոնի պատուհանի» սկզբունքով սատանան քեզ մատուցվում է որպես հրեշտակ, ապա այդպես էլ ընկալում ես ու դառնում վիթխարի կառույցի մի պտուտակը։

Նոր տեխնոլոգիաները, իհարկե, դյուրացրել են ամեն ինչ։ Ամեն ինչի մեջ են մտնում նաև խորթ բարքերը։ Հիմա ամեն դպրոցական խելախոս ունի, կոճակի մի թեթև սեղմումով ուր ասես կարող է հասնել, դիտել անբարոյականություն քարոզող տեսանյութեր։ Գիշերային «թիթեռնիկները» արդեն ցերեկով էլ են շրջագայում։ Լկտիությունը բացահայտ է դառնում․ ամենահին մասնագիտության կանայք սոցիալական ցանցերում «Անհատական մերսում» անվան տակ աներկյուղ մարմնավաճառության գովազդներ են տեղադրում․․․

Ինքնահաշվետվություն

Ահա այսպիսի բազմաշերտ հասարակություն ունենք մենք, որ դատարանի մուտք կարող է փակել, գողին ազնիվ մարդ համարել, հանցագործին՝ հերոս, պատեհապաշտին՝ հայրենասեր, իշխանությանը՝ անկարող։

Անմեղ աղջիկը կարող է մեկ տարվա ընթացքում դառնալ կատարյալ լիրբ, իսկ լիրբը «Օվերթոնի պատուհանում» բանտարկես էլ, կույս չի դառնա։ Եվ իշխանությունը չի կարող մեկ տարում բազմաշերտ հասարակության աչքի լույսը դառնալ, որքան էլ ուզենա, մանավանդ որ ամեն քաղաքացի իրեն աշխարհի ամենախելոք մարդն է համարում։ Բայց նա կարող է հաստատուն քայլերով, առանց շտապողականության մարդկանց իր հետևից տանել, փակել չարիքի ճանապարհը, մի խոսքով՝ դառնալ այնպիսի իշխանություն, որ քաղաքացիների համար այնքան լավ լինի, որ նրանք նույնիսկ չիմանան, թե գլխավոր աթոռը ով է զբաղեցնում։

Առհասարակ, յուրաքանչյուր մարդու համար ինքնահաշվետվության լավ ցուցիչ է ավետարանական պատգամը՝ մի՛ դատիր, որ չդատվես։ Հարկավոր է խորհել նաև թևավոր խոսքերի անսահմանափակ խորքերում, մասնավորապես՝ «Լռությունը ոսկի է», «Խոսքը թևեր ունի», «Ստի ոտքերը կարճ են»։

Շուռնուխապատում

Գորիսի տարածաշրջանի այս գյուղի անունը տարիներիս պատմության մեջ երկու անգամ է Հայաստանում լայնորեն հնչել։ Առաջինը հայ-ադրբեջանական հակամարտության սկզբնական փուլում էր, երբ, օգտվելով գյուղի մեկուսացվածությունից, ելուզակները հարձակումներ էին գործում նրա վրա։ Երկրորդ անգամ հնչեղ դարձավ վերջերս, երբ բախում կայացավ տեղի մի խումբ բնակիչների և իրենց «ազատամիտ» համարող հյուրերի միջև։ Եթե մենք շարունակենք ապրել այնպես, ինչպես մինչև հիմա, ապա շատ շուտով Հայաստանը կդառնա մի նոր «շուռնուխ», որում ներկայիս փոքրամասնությունը արդեն մեծամասնություն կլինի։

Մենք հայտարարում ենք՝ Եվրոպա, բայց քայլում դեպի «Եվրոպա»։ Ես տեղում մնալու կողմնակից եմ, իսկ դու՞ք․․․

Սլավիկ Նավասարդյան

16:00 15.09.2019

Ամենաշատ ընթերցվածները