ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Ամենաակտիվը՝ Սյունիքը, ամենապասիվը՝ Արագածոտնը
17:00 16.09.2019

Ամենաակտիվը՝ Սյունիքը, ամենապասիվը՝ Արագածոտնը

«Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» ծրագրի շրջանակում Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը 2016-2019 թվականներին իրականացնում է մի քանի օրենքներով նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների պարտադիր գործառույթների մշտադիտարկում։ Մշտադիտարկման նպատակը օրենսդրությամբ սահմանված ՏԻՄ-երի թափանցիկության, հաշվետվողականության և տեղական ինքնակառավարման հանրային մասնակցության մակարդակի և որակի բարձրացումն է։ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղանը նշում է, որ Սյունիքի մարզի արդյունքները մյուս մարզերի համեմատ  ավելի բարձր են. «Ամենաանպատասխանատուն տեղեկատվության ազատության մասով տարիներ շարունակ  եղել և մնում են Արագածոտնի, Արմավիրի մարզերը,  երբեմն նաև իրար հետ մրցում են վերջին տեղի համար։ Բացի դրանից՝ մի քանի մարզերում համայնքապետերը հավաքականության մեջ շատ ալարկոտ են, հավես չունեն, կարծես օրենքի պահանջը իրենց չի վերաբերում, մյուս մարզերում՝ Լոռի, Սյունիք, Շիրակ, Կոտայք, անհամեմատ ակտիվ են»։

Հանրապետության բոլոր 502 համայնքի ղեկավարներին հղված հարցումներին պատասխանել էր 216 ղեկավար, որոնցից միայն 138-ն է այս կամ այն չափով պատասխանել հանրային քննարկումների վերաբերյալ հարցերին։  216 համայնքի ղեկավարներից միայն 145-ն է նշել, որ իրենց համայնքում կա ավագանու նստավայր, իսկ ավագանու նիստերի կամ հանրային քննարկումների անցկացման սրահ  ունի 126 համայնք։

Ծրագրի ղեկավարի խոսքով՝ հանրային քննարկման հարցով 4 տարվա ընթացքում ակտիվացում նկատվել է․ «Եթե նախկինում հանրային լսումները անտեսված էին, կազմակերպում չկար, ձևական մի բան էր, հիմա սկսել են ավելի որակով և պատասխանատվությամբ կազմակերպել։ Ավագանու նիստերի մասնակցության առումով նախկինում զարմանում էին, որ գյուղի բնակիչը կարող է ներկա լինել, հիմա այլևս չեն զարմանում, հասկանում են, որ պետք է նստատեղեր հատկացնել, որ քաղաքացիները տեսնեն, թե իրենց տեղական իշխանությունը ինչպես է որոշում կայացնում։ Փաստաթղթերի հրապարակման, ինտերնետի և տեխնոլոգիաների առաջընթացով պայմանավորված անհամեմատ մեծ ծավալով են հրապարակվում տեղեկությունները, և օրենքի պահանջը այս մասով գրեթե ամբողջությամբ կատարվում է», - նշեց Լևոն Բարսեղյանը։

2019 թվականին մշտադիտարկման հարցումներին օրենքով սահմանված ժամկետում պատասխանել է համայնքապետերի 34,6 տոկոսը, ինչը մոտ 11 տոկոսով ավելին է, քան 2018թ․ էր։ Մշտադիտարկման արդյունքները և համայնքներից ստացված առաջարկությունները կներկայացվեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։

Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը շատ է կարևորում նման դիտարկումները։ Ասում է, որ սա հնարավորություն  է բոլոր համայնքների համար տեսնելու, թե հանրապետության մակարդակում ցուցանիշների ինչպիսի արդյունքներ ունենք․«Այս բանավեճը հնարավորություն է տալիս, որ մենք ընթացքում արձանագրենք այն խնդիրները, որոնք աշխատանքի ժամանակ են վեր հանվում և՛ քաղաքացիական հասարակության, և՛ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցելով ու փորձենք վեր հանված խնդիրներին լուծում տալ»։

Նարե Խաչատրյան

17:00 16.09.2019

Ամենաշատ ընթերցվածները