ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Ես իմ ցավը տանեմ
18:00 16.09.2019

Ես իմ ցավը տանեմ

Հինգ տարբեր հետազոտություն ապացուցել է, որ մարդկանց շատ է դուր գալիս, երբ իրենք իրենց մասին են խոսում: Այսինքն՝ ոչ թե ինչ-որ մեկի պահարանի խրտվիլակի, այլ սեփական փորձի մասին: Դա տեղի է ունենում այն պարզ պատճառով, որ գլխուղեղում ակտիվանում է հաճույքի համար պատասխանատու մասը: Ասեմ ավելին՝ մի հետազոտության ժամանակ մարդիկ նույնիսկ հրաժարվում էին փողից հանուն նրա, որ խոսեն իրենք իրենց մասին:

Հասկացաք երևի, չենք դադարում փնտրել պատճառ, թե ինչու հեղափոխական իշխանությունները ընդամենը 1.5 տարի անց էլ չեն ուզում լսել ուրիշներին և անկախ կատարած սխալներից շարունակ խոսում են իրենք իրենց մասին՝ հիմնականում գովելով սեփական փորձառությունից բխող գրանցված հաջողությունները:

Մարդիկ Ամուլսարից են բողոքում, իսկ իշխանությունը ասում է՝ բայց ասֆալտապատումը չէ՞ որ աննախադեպ ծավալներով է արվում:

«Երևանը աղբի մեջ կորած է», - ասում են մարդիկ, իսկ իշխանությունը հակադարձում է, թե՝ նկատել եք, արտաքին պարտքը չենք ավելացրել:

Մարդիկ չեն ընդունում նախկին ռեժիմի պարագլուխների անպատժելիությունը և երկրից փախչելը, ինչպես նաև նրանց գործունեությանը գնահատական չտալը, իսկ իշխանությունը անդարդ դեմքով խոսում է բյուջետային մուտքերի ավելացման մասին, որը մեքենաների ներկրմամբ է նաև պայմանավորված ու արդեն հաջորդ տարի չի լինելու:

Ստացվում է, որ իշխանավորները հայտնվում են Պիգմալեոնի էֆեկտի տակ: Դա այն էֆեկտն է, երբ մարդը ինչ-որ բանում համոզված է ու միշտ փնտրում է դրա ապացույցները: 

Հեղափոխականները համոզված են, որ լեգիտիմ են ընտրվել, ու բոլորը պետք է իրենց սիրեն անվերապահորեն: Հետևաբար իրենք փնտրում են, համացանցում, թե կյանքում, միայն իրենց համար գժվողների փաստական հանգամանքները: 

Սիրում եմ հոգեբանությունը, սիրե՛ք և կարդացե՛ք նաև դուք, որպեսզի գտնեք հարցերի պատասխաններ:

«Զանգեզուր պրես»

18:00 16.09.2019

Ամենաշատ ընթերցվածները