ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Սուտն արժե 300․000 դրամ
16:00 17.09.2019

Սուտն արժե 300․000 դրամ

2018 թվականի հունիսի 14-ին` ժամը 19։17-ին, «Նոյյան Տապան» լրատվական կայքը հրապարակել է մի տեսանյութ, որտեղ մամլո ասուլիսով հանդես էր գալիս «Սյունաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանը։ Նա խոսքեր հասցեագրեց Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանին։ Մեջբերում ենք․

-«Վահե Հակոբյանը Սյունիքի մարզից տարած, չեմ ուզում ասել գողացած, թեև կարող եմ նաև էդպես ասել, այդ ամենը պետք է հետ բերի Սյունիք»,

- «Սմբատ Օրբելյանից բացի Լեռնիկ Պետրոսյան, գիտությունների դոկտոր պրոֆեսոր․ աշխատանքից հեռացնում են խաբելով»

- «Սյունիքի մարզպետը թույլ է տալիս իրեն խոսել երկրի, պետության ղեկավարի անունից ու պարզվում է՝ ստել է»,

- «Նախորդ անգամ պատմեցի Ձեզ Դարբաս գյուղի դպրոցի տնօրենի մասին, երկու անգամ հայտարարված մրցույթում, գործող օրենսդրության համաձայն հաղթող է ճանաչվել, բայց մարզպետը պայմանագիր չի կապել՝ ասելով, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը իմ համար չէ, չեմ ուզում քեզ հետ աշխատել, պայմանագիր չեմ կնքում»,

- «Մեզ շանտաժի ենթարկելու, վրեժ լուծելու նպատակով հունվարի վերջին իմ այդ հայտարարություններից հետո մեկ շաբաթվա մեջ մարզպետի հանձնարարությամբ, իր ենթակա դպրոցի տնօրեններով միանգամից մի քանի հաղորդումներ եղան ընդդեմ «Սյունյաց երկիր» թերթի, և մեկ շաբաթվա մեջ, շեշտում եմ, չորս կամ հինգ քրեական գործ հարուցվեց «Սյունյաց երկիր» թերթի դեմ»։

Նախկին մարզպետ Վահե Հակոբյանը զրպարտությունների ու վիրավորանքի համար դիմեց Երևանի ընդհանուր իրավասության դատարան։

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանի խոսքով՝ 2019թ․ սեպտեմբերի 6-ին դատարանը վճռեց․ Վահե Ալբերտի Հակոբյանի հայցն ընդդեմ Սամվել Լազրի Ալեքսանյանի և «Նոյյան տապան» ՍՊ ընկերության՝ զրպարտչական տեղեկությունները հերքելու, վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրելու, դատարանի վճռի եզրափակիչ մասը՝ www.noyan-tapan.am լրատվական կայքում հրապարակելու, վիրավորանքի և զրպարտության արդյունքում պատճառված ոչ գույքային վնասի փոխհատուցում վճարելու պահանջների մասին, բավարարել՝ մասնակի: Պարտավորեցնել Սամվել Լազրի Ալեքսանյանին և «Նոյյան տապան» ՍՊ ընկերությանը վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում  www.noyan-tapan.am լրատվական կայքում հրապարակել հերքում «Նոյյան տապան» ՍՊ ընկերության կայքում (www.noyan-tapan.am/am/news/255438) 2018թ. հունիսի 14-ին ժամը 19:17-ին հրապարակված տեսանյութում Վահե Ալբերտի Հակոբյանի վերաբերյալ ներկայացված վերոնշյալ հայտարարությունների մասով։ Սամվել Ալեքսանյանից հօգուտ Վահե Հակոբյանի բռնագանձել 300․000 ՀՀ դրամ։

Նշենք, որ վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ հրապարակման օրվանից մեկամսյա ժամկետում: Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին:

Ռոբերտ Հայրապետյանի խոսքով՝ եթե բողոքարկում չլինի, Վահե Հակոբյանը, ավանդույթի համաձայն, այդ գումարը կկրկնապատկի և կհատկացնի «Ջերմիկ անկյուն» երեխաների խնամքի կենտրոնին։ Իրավաբանը հավելում է՝ կան զրպարտության ու վիրավորանքի հիմքով մի շարք այլ դատական գործեր ևս, որոնք գտնվում են քննության փուլում։ «Մենք վստահ ենք, որ արդարադատությունը կկանգնի ճշտի կողքին, մենք հետևողական ենք այն տարատեսակ ԶԼՄ-ների հրապարակած հոդվածների կամ տեսանյութերի հանդեպ։ Յուրաքանչյուր արատավորող արտահայտություն, վիրավորական խոսք իր գնահատականը կստանա դատական ատյաններում։

Կապ հաստատեցինք նաև պատասխանող կողմ Սամվել Ալեքսանյանի հետ։ Վերջինս մեկնաբանություններ տալուց հրաժարվեց՝ նշելով, որ երկու օրից կհնչի իր խոսքը։

Անուշ Միրզոյան

16:00 17.09.2019

Ամենաշատ ընթերցվածները