ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Հայկական մշակույթի դեսպանի՝ Բիքֆայայից Գորիս նշանակալի այցը
18:00 17.09.2019

Հայկական մշակույթի դեսպանի՝ Բիքֆայայից Գորիս նշանակալի այցը

Լիբանանահայի մեկ այցը հայկական մշակույթի ու քաղաքների համագործակցության հեռանկարային մեկնարկի նոր հնարավորություն է տվել։ Լիբանանահայ, Բիքֆայայի քաղաքային խորհրդի անդամ Վահե Քալինջյանը 2018թ.առաջին անգամ այցելեց Գորիս:

Ընդամենը մեկ այցից՝ սիրելով Գորիսն ու տեղացիներին, հանդիպելով համայնքի ղեկավարին ու արժանանալով ջերմ ընդունելության՝ որոշեց, որ իր անձնական լուման պետք է ունենա կոլորիտային քաղաքի զարգացման գործում և ներդրում ունենա իր քաղաքում հայկականի ճանաչելիության բարձրացման գործում: Վահե Քալինջյանի՝ Գորիսում գնած առանձնատանը, որը ձեռարվեստի կենտրոն է լինելու, նաև՝ Գորիսին հատուկ կոլորիտով հյուրատուն, այժմ հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում:

Բարերարի գործը, սակայն, այսքանով չավարտվեց. Բիքֆայայի խորհրդարանի ազգությամբ հայ միակ ներկայացուցիչը նպատակ էր դրել՝ Հայաստանի ու հայկական հարուստ մշակույթի մասին Բիքֆայայի ամեն անկյունում պետք է իմանան: Կարճ ժամանակում Բիքֆայայում Վահե Քալինջյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց «Հմայիչ Հայաստանը Բիքֆայայում» խորագրով փառատոն, որին պարոն Քալինջյանի հրավերքով և հովանավորությամբ Գորիսի Կանանց զարգացման ռեսուրս կենտրոն հիմնադրամի ներկայացուցիչները ևս իրենց գործընկեր կազմակերպությունների հետ մասնակցություն ունեցան:

Շուրջ մեկ շաբաթ Բիքֆայայի կենտրոնոմ ներկայացվեց հայկական մշակույթի հարուստ ժառանգության մի մասը՝ մետաքսագործ գորգեր, հայ վարպետների ձեռքի աշխատանքներ, հայկական ժողովրդական երգ-երաժշտություն, նաև Գորիսի ստեղծագործ կանանց ձեռքի աշխատանքները՝ կարպետագործությունից մինչև հուշանվերների պատրաստում-ցուցադրություն-վաճառք: Բիքֆայայի քաղաքապետը՝ տիկին Նիկոլ Գըմայիլին, ոչ միայն իր քաղաքում սիրով հյուրընկալեց Գորիսից ժամանած պատվիրակությանը, այլև անձամբ էր փառատոնին Գորիսի տաղավարը ներկայացնում իր քաղաքի բնակիչներին: Այն, ինչ հասցրել էր իմանալ Գորիսի մասին, սիրով պատմում էր բնակիչներին, գորիսեցի կանանց ձեռքի աշխատանքները վաճառում:

Տիկին Գըմայիլին պատրաստվում է շուտով այցելել Գորիս: Այսպիսով, լիբանանահայի հայրենասիրությունը, նվիրվածությունը, Գորիսի ու գորիսեցիների ջերմ ընդունելությունը հիմք հանդիսացան, որ Բիքֆայան ճանաչի նաև Հայաստանի ամենակոլորիտային քաղաքներից մեկը, բարեկամական կապերի հիմք ստեղծվի և տնտեսական ծրագրերի մեկնարկ տրվի: Վահե Քալինջյանի ընդամենը մեկ այցը, քաղաքի ջերմ ընդունելությունը, Գորիսը սիրելու հանգամանքը, երկու քաղաքների համագործակցության կամուրջ կապելու հիմնական նախադրյալներն էին:

Գորիսի կանանց զարգացման ռեսուրս կենտրոն

18:00 17.09.2019

Ամենաշատ ընթերցվածները