ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Հեղափոխությունը օգտագործում է մեր վախերը
15:00 18.09.2019

Հեղափոխությունը օգտագործում է մեր վախերը

Նկատե՞լ եք, որ հեղափոխությունը օգտագործում է մեր վախերը: Նիկոլ Փաշինյանը և ընկերները մտածում ու ասում են. «Ժողովուրդ ջան, մտածելակերպդ փոխի՛ր, շենացրու՛ մեր երկիրը, հարստացի՛ր ու մեզ հարստացրու՛: Իսկ եթե չանես, նախկինները կգան ու ձեզ նորից կթալանեն»: Իսկ ժողովուրդն էլ հույսը դրել է վարչապետի կախարդական փայտիկի վրա, որ վերջինս հարուստներից գումարները կվերադարձնի ու իրենց կհարստացնի: Ում «ցնցող» գաղափարախոսությունը կհաղթի, ցույց կտա ժամանակը, բայց եկեք կենտրոնանանք մեր վախերի և նրա վրա, թե ինչպես է իշխանությունը դա օգտագործում կամ փորձում օգտագործել:

Եթե ոչ ես, ապա ո՞վ

Բոլոր ժամանակների բոլոր իշխանությունների բառապաշարում եղել է և կա հետևյալ արտահայտությունը. «Մենք մեծամասնություն ենք, մենք ընտրված ենք, հետևաբար ձեր փոխարեն կլուծենք բոլոր հարցերն ու խնդիրները, քանի որ ձեզնից լավ ենք հասկանում ամեն ինչ»: Այսպիսի տոնայնությամբ էին խոսում հանրապետականները Ազգային ժողովի ամբիոնից, այդպես են խոսում նաև հեղափոխականները: Թերևս սա է այն հիմնական պատճառը, որ շատ մարդիկ քաղաքականությունը համարում են հարամ մի բան, որտեղ ընդհանրապես պետք չէ ներքաշվել, քանի որ կմխտռվես ամբողջությամբ: Թե՛ ՀՀԿ-ի օրոք ընդդիմությունը մեխի գլուխ էր, թե՛ հիմա: Ո՛չ նախկինները, ո՛չ էլ ներկաները չեն խոստովանում, որ Ազգային ժողովի պարզ մեծամասնությունը միտված է միայն իշխանությանը լճացնելու, այլ ոչ երբեք՝ փոխզսպող, դեմոկրատական կառավարման գործիքակազմ ստեղծելու: «Եթե ոչ ես, ապա ո՞վ» հավերժական ֆրազ-զենքը չի դադարում օգտագործվել սեփական ժողովրդի դեմ: Յուրօրինակ վախ բռնելու հնարք է: Խոստովանում եմ, այն աշխատել է և աշխատում է ցայսօր շատերի մոտ: Ուղղակի հիշեցնեմ, որ Սերժ Սարգսյանի օրոք նույնպես չէինք պատկերացնում, որ նրան հնարավոր է փոխարինել:

Վախի անատոմիա

Այն ժամանակ վահրամբաղդասարյաններն ու արմենաշոտյանները խոստովանում էին, որ անկախ գոյություն ունեցող խնդիրներից Արցախի հարցը դամոկլյան սրի պես կախված է մեզ վրա, և մենք պետք է ներենք իրենց ապաշնորհությունը տարատեսակ հարցերում: 2016-ի ապրիլյան պատերազմից հետո մենք հասկացանք, որ Արցախի բոբոն ընդամենը վախի օգտագործման տեխնոլոգիա էր, որը անընդհատ մեր դեմ օգտագործվում էր: Իրենց կոռումպացված կառավարման պատճառով էր, որ այդքան տղաներ զոհվեցին: Միայն դրանից հետո սկսվեց դեպի դիրքեր նորմալ ճանապարհների շինարարությունը և այլն: Բայց դա չէ կարևորը, կարևորը այն է, որ 2016-ի ապրիլից հետո մարդիկ ընկալեցին սեփական հիմար վախի զգացողությունը հնարավոր պատերազմից, որը պարզապես շանս էր տալիս ոչ ընդունելի մարդկանց զբաղեցնել պաշտոններ:

Հեղափոխականները դեռ կարիք էլ չունեն առանձնապես նոր «բոբոներ» հորինելու, քանի որ ամբողջապես տապալված ժողովրդի դեմ նախկինների օգտագործած վախի գաղափարախոսությունը հիմա էլ աշխատում է անխափան: Այդ նույն բանակի որոշ զորամասերի սննդի հարցերը լուծելով՝ ներկա իշխանությունը իրեն հոյակապ է զգում: Նույնիսկ այն հանգամանքը, որ բանակում սպանված կամ ինքնասպանություն գործած զինվորների ծնողները չեն հանդարտվում, չի փչացնում ընդհանուր տրամադրությունը․ չէ՞ որ դրանք էլ տեղի են ունեցել նախկինների օրոք:

Չնայած կա մի վախի տեխնոլոգիա, որը մեր դեմ օգտագործում են: Այն կոչվում է. «Հիմա ի՞նչ, ուզում եք նախկինները վերադառնան, որ մեր ղադրը վերջապես իմանա՞ք»: Խոստովանեմ, որ այս համաժողովրդական վախը իրոք որ լավագույնն է, եթե, իհարկե, կարելի է վախերի մեջ այդպիսի գնահատականներ սահմանել: Այս վախի տեխնոլոգիան օգտագործելը շատ բարոյական չէ, բայց միևնույն ժամանակ պետք է լրիվ ապուշ լինես, եթե չունենաս այն քո իշխանական, պաշտպանողական զինանոցում: Այն իսկապես հզորագույն խաղաթուղթ է: 

Նայենք օրինակով.

- Ինչու՞ նախկին օլիգարխները ձեզ մուծվեցին միլիոններ, սակայն այդպես էլ չհասկացանք՝ որքան են թալանել ընդհանուր առմամբ:

- Հիմա ի՞նչ, ուզում եք նախկինները վերադառնան, որ մեր ղադրը վերջապես իմանա՞ք:

- Ինչու՞ տապալեցիք Ամուլսարի հետազոտությունը ու անիմաստ 400 000 դոլար տվեցիք մի լիբանանյան ընկերության, որը այդպես էլ պատասխանատվություն չվերցրեց իր վրա:

- Հիմա ի՞նչ, ուզում եք նախկինները վերադառնան, որ մեր ղադրը վերջապես իմանա՞ք: 

- Ինչու՞ չեք ազատվում ապաշնորհ կադրերից, որոնք առաջին հերթին հենց Ձեզ են խայտառակում: Այդ հիմարներով ինչպե՞ս զարգացնենք մեր երկիրը:

- Հիմա ի՞նչ, ուզում եք նախկինները վերադառնան, որ մեր ղադրը վերջապես իմանա՞ք:

Զգում եք չէ՞, որքան հիասքանչ գործիք է, որը ամբողջապես հիմնված է մեր նախկինների առջև ունեցած վախի վրա: Չօգտագործելը կրակ ու պատիժ կարող է լինել, սակայն օգտագործելն էլ պատիվ չի բերում:

Իշխանության վախը

Իհարկե, մենք երբեք չէինք ունենա այսպիսի հիմար իրավիճակ, եթե օրվա իշխանությունը չունենար սեփական վախեր: Վաղուց ապացուցված բան է, որ բռնությամբ զբաղվում են հիմնականում այն մարդիկ, ովքեր ենթարկվել են բռնության նախկինում: Վախեցնելը միանշանակ բխում է իշխանությունների սեփական վախերից: Նախկինների օրոք դա կոռուպցիոն սխեմաների փլուզումն էր և գումարի հոսքերից զրկվելը: Ներկաներն էլ վախենում են կորցնել վերևից իրենց գլխին ընկած անկայուն իշխանությունը, որը մենք տվեցինք սիրով իրենց, սակայն դեռ շատ ու շատ հարցեր ունենք, որոնք հեղափոխականները թողել են անպատասխան: Իսկ խնդիրը այնտեղ է, որ հենց ուզենանք այդ հարցերից մեկը բարձրաձայնել, ապա մեր երկխոսության ինչ-որ մի փուլից լսվելու է մեր դեմ օգտագործվող, անպարտելի և մեր վախի վրա հիմնված արտահայտությունը.

- Հիմա ի՞նչ, ուզում եք նախկինները վերադառնան, որ մեր ղադրը վերջապես իմանա՞ք: 

Արման Սուլեյմանյան

15:00 18.09.2019

Ամենաշատ ընթերցվածները