ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Յոլա գնալը պատուհաս դարձավ
17:00 18.09.2019

Յոլա գնալը պատուհաս դարձավ

ՀՀ ոստիկանությունը վերջերս հրապարակել է մի տեսանյութ, որտեղ նշվում է․ «Կապանի համայնքապետարանի «Մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոցի» ղեկավարը, ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, 2013թ.-ից մինչև 2018թ. մարզադպրոցում մարզիչ է հրամանագրել Կապանի համայնքապետարանի սպորտի բաժնի պետին, ով փաստացի աշխատանքի չի ներկայացել, սակայն նրա անվամբ դուրս է գրվել և հափշտակվել ընդհանուր 5 միլիոն 500 հազար դրամ»։

Փորձեցինք կապ հաստատել մարզադպրոցի նախկին տնօրեն Արթուր Բաղդասարյանի հետ, սակայն վերջինս հրաժարվեց մեզ հարցազրույց տալ, բայց մեզ հետ ունեցած խոսակցության ժամանակ ասաց, որ ինքը ենթակա մարդ է եղել, արել է այն, ինչ ասել են իրեն։ Զանգահարեցինք նաև Դավիթ Դավթյանին՝ աշխատանքի չգնացած, բայց աշխատավարձ ստացած մարզչին, վերջինս, սակայն, նույնպես չցանկացավ մեզ հարցազրույց տալ։

Ոստիկանության հրապարակած տեսանյութում ասվում է նաև հետևյալի մասին․ «Քննությանն այս պահին հայտնի տվյալներով մարզադպրոցի տնօրենի թույլտվությամբ մարզիչները սահմանված 500 դրամ վճարի փոխարեն 2014թ․-ից մինչև 2018թ. սաների ծնողներից հավաքագրել են 2000-ական դրամ և, ըստ նախնական տվյալների, խարդախությամբ հափշտակվել է ընդհանուր 13 միլիոն 500 հազար դրամ»։

Եղանք կառույցում և զրուցեցինք պատմության հետ առնչվող յոթ մարզչի հետ։ Վերջիններիս խոսքով՝ այնքան էլ հաճելի չէր դիմել այդ քայլին, բայց ստիպված են եղել։ Մարզիչ Սերգեյ Մինասյանի խոսքով՝ օրենքը խախտել ենք զուտ մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոցը պահելու համար, որը միակն է մարզում․ «Ես ունեմ երկու խումբ, մեկը՝ 6, մյուսը՝ 12 հոգանոց։ Սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին սաները լիարժեք գալիս են, խնդիր չի առաջանում։ Ահա նոյեմբերից սկսած մինչև մարտ երեխաները քիչ են լինում, մտնում եմ մարզադահլիճ և տեսնում, որ իմ դիմաց կանգնած է ընդամենը հինգ սան։ Այն մյուս երեխաների գումարը՝ 500-ական դրամ, ես եմ տալիս 2000-ականների հաշվին, եթե չի հերիքում, իմ գրպանից եմ դնում։ Իսկ եթե չդնեինք, կստանայինք կես դրույք աշխատավարձ, իսկ այս պահին ստանում եմ 62 հազար դրամ»:

Թևան Գևորգյանը նշում է՝ մշտապես աշխատել են անբավարար պայմաններում․ «Ջեռուցում չի եղել, մշտապես ջրերը տանիքից կաթել են մեր գլխին, բայց հանուն մարզադպրոցի, հանուն տաղանդավոր երեխաների եկել ենք ու աշխատել։ Հաճախում են նաև սոցիալապես անապահով երեխաներ, ազատամարտիկի երեխաներ, ովքեր վճարել չեն կարող, ստիպված մենք են վճարել»։ Մարզիչ Օլյա Դունաևսկայան իր խոսքում ընդգծում է, որ այն ժամանակ համայնքապետարանից իրենց ասել են, որ աշխատավարձերը բարձրացնել չեն կարող, իրենք թող յոլա գնան։ «Մենք այդ օրենքը խախտել ենք հանուն մասնագիտության, հանուն մարզադպրոցի։ Ծնողները դեմ չեն եղել երկու հազար դրամ վճարել, մենք ոչ ոքի չենք ստիպել։ Իսկ ինչ վերաբերում է նախկին տնօրեն Արթուր Բաղդասարյանին, ապա նա ընդամենը մտել է մեր դրության մեջ, սակայն այդ գումարներից ոչինչ չի վերցրել»։

Իսկ ինչպե՞ս են վերաբերվում ծնողներն այս ամենին։ Զգալի մասն առհասարակ չցանկացավ զրուցել այս թեմայի շուրջ։ Նշեցին, որ խնդրին տեղյակ են, մարզիչների դրության մեջ են մտել։ Միայն մեկ ծնող ցանկացավ զրուցել մեզ հետ, այն էլ առանց ինքնությունը բացահայտելու։ «Իմ երեխան այս կառույցի սան է արդեն երկու տարի, և այս տարիներին վճարել եմ ամսական երկու հազար դրամ, նախկինում չեմ իմացել, որ հինգ հարյուր է։ Իհարկե, լավ կլիներ, որ ասեին, ես կհասկանայի ու էլի երկու հազար կվճարեի, հիմա էլ հասկանում եմ նրանց, վատ պայմաններ են, իրենք էլ իմ երեխայի հետ լավ ու արդյունավետ են աշխատում։ Իհարկե, կշարունակեմ երեխայիս բերել պարապմունքների»։

Քանի որ մարզադպրոցը գործում է Կապանի համայնքապետարանի ենթակայությամբ, իսկ 2012-2018 թվականներին համայնքապետը Աշոտ Հայրապետյանն էր, նրա հետ ևս հեռախոսազրույց ունեցանք։ Վերջինս մեզ միայն տեղեկացրեց, որ խնդրին տիրապետում է այնքան, որքան ոստիկանության հրապարակած տեսանյութում է, իսկ առհասարակ որակում տալուց զերծ մնաց։ Նշենք, որ նախաքննությունը շարունակվում է։

Անուշ Միրզոյան

17:00 18.09.2019

Ամենաշատ ընթերցվածները