ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Թերթելով անցյալի էջերը (մաս 1)
18:00 19.09.2019

Թերթելով անցյալի էջերը (մաս 1)

Ագարակի զորամասը նշեց կազմավորման 26-ամյակը: Պատմությունը, մարտական ուղին

Օրեր առաջ Ագարակի զորամասը նշեց կազմավորման 26-ամյակը: Ներկա էին բարձրաստիճան հյուրեր, մարզային իշխանության տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ, ազատամարտիկներ։

Լինելով սահմանամերձ ժողովուրդ՝ այստեղ՝ հարավում, լավ են հասկանում բանակի ու զինվորի դերը երկրի սահմանների անձեռնմխելիության ու պաշտպանության խնդրում, և պատահական չէ, որ ցանկացած մեղրեցի մեծագույն հարգանքով է վերաբերվում հայոց բանակում ծառայող զինվորին ու սպային՝ պատրաստակամ աջակցելու բոլոր հարցերում։ Ավագները փաստում են, որ շնորհիվ Ագարակում տեղակայված զորամասի՝ քաղաքում փոխվել է մթնոլորտը, ագարակցին դարձել է զինվորին ու բանակին ավելի մոտ, ավելի սթափ, ավելի զգոն։ Ագարակը, լեռնագործների քաղաք լինելուց զատ, դարձել է նաև զինվորական քաղաք:

Զորամասում ամիսներ առաջ զինծառայողների անհնազանդության, զորամասը լքելու և դրան հետևած իրադարձությունների առիթով հարուցված քրեական գործով մեղադրանք առաջադրվելուց հետո զորամասի հրամկազմում փոփոխություններ են եղել: Նորանշանակ հրամանատար, գնդապետ Արգամ Գևորգյանը հասցրել է կարճ ժամանկահատվածում վայելել զինվորների, զինվորականների և նաև ագարակցիների համակրանքը:

Ագարակի զորամասը հաղթանակած հայոց բանակի հիմնասյուներից մեկն է, որը պատերազմական ողջ ժամանակաշրջանում ՀՀ և ԼՂՀ սահմանամերձ տարբեր շրջաններում մասնակցել և իր ուսերին է կրել ազատագրական պայքարի ծանր, բայց և պատվավոր բեռը․ 1991թ. օգոստոսի 8-ին ազատագրվեց Նյուվադի գյուղը, 1992թ. օգոստոսի 16-17-ի համառ մարտերում ազատագրվեց Խոշլիդաղ բարձունքը, 1993թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ազատագրվեց Զանգելանի շրջանի Սար Բարթազը, 1994-ի հունվար-մայիս ամիսներին գունդը մասնակցել է Արցախի պաշտպանության համար մղված լայնածավալ մարտական գործողություններին՝ Հորադիզի, Ֆիզուլու և Աղդամի ուղղություններով: 1990թ․ հոկտեմբերի 18-ին կազմավորվեց Հատուկ գնդի Մեղրու 5-րդ վաշտը (հրամանատար՝ Ղևոնդ Հովհաննիսյան)։ 1992թ․ վաշտը վերանվանվեց սահմանապահ պարետատան (հրամանատար՝ Ղևոնդ Հովհաննիսյան)։ ՀՀ ՊՆ N հրամանով 1993թ․ հունվարի 1-ից սահմանապահ պարետատան բազայի վրա կազմավորվեց ՊՆ 97-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի 62-րդ մոտոհրաձգային գումարտակը (հրամանատար Ղևոնդ Հովհաննիսյան)։ 1993թ․ սեպտեմբերի 1-ին ՀՀ ՊՆ N հրամանով գումարտակը վերակազմավորվեց 539-րդ առանձին մոտոհրաձգային գնդի։ 1993թ․ նոյեմբերի 3-ին Պաշտպանության նախարարը գնդին հանձնեց մարտական դրոշ։ 2001թ․ հուլիսի 19-ին ՀՀ նախագահի Ն հրամանով 539-րդ առանձին մոտոհրաձգային գունդը անվանակոչվեց Գարեգին Նժդեհի անունով:

Զրույց Մեղրու ինքնապաշտպանության և զորամասի կայացման ակունքում կանգնած մարդու՝ Դավիթ Մաթևոսյանի հետ

Զորամասի 26-ամյակին նվիրված միջոցառման բազմաթիվ հյուրերի ներկայության մեջ ես փնտրում էի Դավիթ Մաթևոսյանին, պաթոսով ու ամպագոռգոռ ելույթների մեջ կուզենայի լսել Մեղրու ինքնապաշտպանության ակունքում կանգնած այս մարդու ելույթը: Ավելի ուշ զրուցեցինք Դավիթի հետ:

Խոշլիդաղ կամ Մեղրու փրկության օր

1991թ․ ապրիլին Վազգեն Սարգսյանի առաջարկով Դավիթ Մաթևոսյանը նշանակվել էր Մեղրու ՆԳ բաժնի պետ՝ շրջանի պաշտպանությունը համակարգելու լիազորություններով. «Լրջագույն պատասխանատվություն էր: Մեղրին երկու կողմից ուներ Ադրբեջան: Շատ են եղել փոքր ու մեծ հակամարտություններ, սակայն մի դեպքը կառանձնացնեմ, որը կարող էր ճակատագրական լինել Մեղրու համար. դա 1992թ․ ամռանն էր, երբ հակառակորդը Նախիջևանի կողմից գրավեց մի բարձունք՝ Խոշլիդաղը։ Խոշլիդաղ կոչվող բարձունքը մեզ համար ուներ բացառիկ ստրատեգիական նշանակություն։ Այն կորցրել էինք նախորդ օրը՝ 1992թ. օգոստոսի 16-ին, հակառակորդի անակնկալ գրոհով։ Խոշլիդաղը՝ Մեղրու և Օրդուբադի շրջանների միջև, Զանգեզուրի լեռնաշղթայի իշխող բարձունքներից մեկն է, մոտ 2700 մետր բարձրությամբ։ Այնտեղից պարզ եղանակին, վաղ առավոտյան, Նախիջևանի վրայով, փորձառու աչքը կարող է տեսնել Արարատ լեռը, փոքրը՝ մեծի ֆոնին:

Գրավումից հետո Մեղրիում սաղմնավորվում էր խուճապային տրամադրություն, և, ըստ էության, Մեղրին կարող էր վերածվել Լաչինի, և Նախիջևանը կարող էր միանալ Ադրբեջանին, եթե չկարողանայինք հետ վերցնել այդ բարձունքը: Մեկ օր չտևեց, կազմակերպվեց հետ վերցնելու օպերացիան: Երկու զոհի գնով, հակառակորդին պատճառելով քսանվեց զոհ, կարողացանք հետ վերցնել բարձունքը, և այդ հաղթանակից հետո դադարեցին բախումները, Մեղրին մնաց անառիկ», - պատմում է Դավիթ Մաթևոսյանը:

Բարեբախտություն էր, որ հակառակորդի հրետանավորները արհեստավարժ չէին, և նրանց արձակած հարյուրավոր արկեր ու հրթիռներ պայթում էին բնակավայրերից հեռու՝ լեռնալանջերին. «Շեղումը այնքան մեծ էր, որ մի քանի տասնյակ արկ ու հրթիռ ընկան Իրանի տարածք։ Մեղրու շրջանի տարածքը կուրորեն հրետակոծվում ու հրթիռակոծվում էր նաև արևելյան՝ Զանգելանի կողմից։ Սակայն այդ ուղղությամբ նրանց համար տեսանելի բնակավայրեր չկային, և ազդեցությունը մեծ չէր։ Հակառակորդի արձակած արկերի ու հրթիռների ընդամենը մի չնչին մասն ընկավ բնակավայրերի շրջակա այգիներում, մի քանի արկ հասավ Մեղրի քաղաքի ծայրամասեր, մեկը դիպավ հիվանդանոցին։ Առանց պայթուցիչի մի արկ Մեղրիում ցցվել էր բնակելի տան ներսի պատի մեջ։ Նույնպիսի մի արկ էլ՝ Վահրավարում, ծակել էր տան տանիքը, առաստաղը, հատակը, անդրադարձել նկուղի հատակից ու հայտնվել մածունի պարկի մեջ։ Էլի կգտնվեն մանր վնասներ պատճառած նման հետևանքներ, բոլորը չեմ հիշում», - հիշում է Մաթևոսյանը:

Ուսումնարանի «գրավման» ծրագրից մինչև Ագարակի զորամասի կայացում

Խոսեցինք զորամասի կայացման պատմության մասին: Դավիթից լավ, հավատացնում եմ, ոչ ոք չէր կարող այսքան ոգեղեն և արժեքավոր տեղեկատվություն տալ: Հիշում է այն թվերի գրեթե ամեն դրվագ ու դիպված: «Թեեւ Խոշլիի կորուստը տևեց ընդամենը մեկ օր, բայց այն մեծ դաս էր Մեղրու պատասխանատուների ու ժողովրդի համար», - կրկին հիշեցնում է Դավիթը:

Այլևս ակնհայտ էր, որ Շուշին ու Լաչինը կորցնելուց հետո Էլչիբեյի գլխավորած ադրբեջանական նոր իշխանությունները որոշել են կորցրած տարածքները հետ բերել, այդ թվում՝ Ղարաբաղը։ Կասկածից վեր էր, որ այդ ծրագրի իրականացմանը զուգահեռ Էլչիբեյը ձգտելու էր Նախիջևանը Ադրբեջանին կապակցող միջանցք բացել, որը ամենաքիչը պետք է ներառեր Մեղրու արաքսամերձ հովիտը, որովհետև այնտեղով էր անցնում գլխավոր ճանապարհը՝ երկաթուղին։ «Խոշլին հետ առնելուց եւ դիրքերը ամրապնդելուց անմիջապես հետո Ղևոնդի հետ քննարկեցինք հեռանկարը։ Մի բան ակնհայտ էր, որ միայն 50 հոգանոց վաշտի ուժերով հնարավոր չէր ապահովել Մեղրու լիարժեք պաշտպանությունը։ Իսկ ոստիկանության, աշխարհազորի և դրսից եկած ջոկատների ներկայությունը սահմանում մշտապես հնարավոր չէր ապահովել։ Միակ ճանապարհը վաշտը գնդի վերածելն էր։ Իսկ դրա համար անհրաժեշտ էր ձեռք բերել գնդի պահանջները բավարարող շինություններով տարածք։ 

Ղևոնդը անմիջապես հուշեց Ագարակի ուսումնարանի տարբերակը՝ հիմնավորելով այնտեղ փաստացի սովորող ուսանողների շատ քիչ թվաքանակը։ Շենքային պայմանների համեմատ բեռնվածությունը չէր գերազանցում 10%-ը։ Անմիջապես գնացինք շրջխորհրդի գործկոմի նախագահ Ենոք Անդրեասյանի մոտ և ներկայացրինք խնդիրը։ Վերջինս արագ ընկալեց և ձեռնամուխ եղավ նամակագրությամբ, կառավարության միջոցով, ուսումնարանի տարածքը գնդին հատկացնելու հարցի լուծմանը։ Հարկավոր էր արագ գործել այն հաշվով, որ տարածքը վերցնելն ու անհրաժեշտ բարեկարգումները ավարտվեին աշնանային զորակոչից առաջ։ Ընդամենը երկու ամիս ժամանակ կար։

Ղևոնդը փշերի վրա էր։ Օրը հինգ անգամ զանգում էր Ենոքին, նա էլ պատասխանում էր, որ դեռ տեղեկություն չկա։ Ընկերս անհամբեր էր՝ գալիս էր, գնում, ասում էր՝ չենք հասցնելու։

Մի օր էլ եկավ, ասաց՝ գնում եմ ուսումնարանը գրավեմ։ Հարցրի, թե ինչ է նշանակում գրավել։ Ասաց. «Վաշտը նախապատրաստում եմ, եղած-չեղածը բարձեմ մեքենաները, շարասյուն կազմեմ, առջևից ես՝ վիլիսով, հետո զրահամեքենաները, հետո մեքենաները, և ամբողջ անձնակազմով ներխուժում ենք ուսումնարանի տարածք, ուսումնական գույքը հավաքենք մի սենյակ, դուռը փակենք, կապարակնքենք, արձանագրենք, որ շառ չանեն, մնացածը տնօրինենք ու սկսենք վերափոխումները, որ հասցնենք», - մի շնչում ներկայացրեց «գրավման» ծրագիրը։ Հաջորդ օրը վաշտը տեղակայված էր ուսումնարանի տարածքում, իսկ ուսումնարանի ղեկավարությունը՝ հազիվ մի 15 ուսանողի հետ, նստացույց էր անում գործկոմի միջանցքներում։

Ու սկսվեց եռուզեռը։ Ագարակի հանքաշինական վարչությունը շարում էր զորամասի պարիսպները։ Ցեմենտ չկար։ Ստիպված էին կիր-ավազով շաղախ պատրաստել ու պարիսպները շարել բնական, անկանոն քարաբեկորներով։ Կիրը տրամադրում էր Ագարակի կոմբինատը՝ անվճար։ Ճանապարհաշինարարները առավոտյան սկսեցին տարածքի ասֆալտապատումը ու անդադար աշխատելով՝ այն ավարտեցին գիշերը՝ լուսարձակների լույսի տակ։

Խոշլիից հետո բոլորը գիտակցում էին բանակ ունենալու անհրաժեշտությունը և աշխատանքներին մասնակցում էին սիրով ու նվիրումով։ Ղևոնդը անձամբ օր ու գիշեր աշխատում էր ու հսկում, և արդյունքում՝ հասցրեց։ Վաշտը վերածվեց գնդի ու համալրվեց աշնանային զորակոչով։

Հաջորդ տարվա դեկտեմբերի վերջին, երբ Ադրբեջանը ռևանշ վերցրեց և լուրջ ու ագրեսիվ ջանքեր գործադրեց կորցրած տարածքները հետ վերցնելու, Մեղրու գունդը լիարժեք գունդ էր, և նրա որոշ ստորաբաժանումներ տեղափոխվեցին Հորադիզի հատված, որտեղ արդեն ակտիվ նահանջ էր գրանցվել։ Գունդը մեկնեց Մեղրու կայարանից՝ տեղավորվելով մի երեք տասնյակ բաց, ցածրակող վագոններից կազմված շարժակազմի վրա»։

Ահա այսպիսի նվիրում ու արագություն, ահա այսպիսի դեմքեր ու ժամանակի պարտադրած բեռն իրենց ուսերին առած մարդիկ, որոնց չեն ուզում իրենց շարքերում տեսնել նախկինները: Չէ՞ որ ստվերվում է նրանց՝ առանց այդ էլ փոքրոգի կերպը, իսկ նրանց բացակայությամբ միջակություններն այս ուղերձ ու ճռճռան ելույթ են կարդում և խոսում հայրենասիրությունից՝ սրիկայի վերջին հանգրվանից…

(Դավիթ Մաթևոսյանի հետ զրույցի շարունակությունը՝ հաջորդիվ)

Մարիամ Սյունի

18:00 19.09.2019