ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ապրիլյան քառօրյայի ընթացքում վիրավորված զինծառայողի բուժումը կկազմակերպվի արտերկրում
20:00 19.09.2019

Ապրիլյան քառօրյայի ընթացքում վիրավորված զինծառայողի բուժումը կկազմակերպվի արտերկրում

Հայաստանի կառավարությունը զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Հայկ Բենիամինի Սեխլիյանի բուժումը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում իրականացնելու նպատակով հատկացրեց 9 մլն 436.8 հազար դրամ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հիշեցրեց, որ դեպքը տեղի է ունեցել 2016-ի ապրիլի 5-ին՝ Թալիշում: Պաշտպանության նախարարության հատուկ նշանակության ստորաբաժանման պայմանագրային ավագ սերժանտ Հայկ Սեխլիյանը ստացել է ականապայթյունային ողնաշար-ողնուղեղային վիրավորում:

«Գումարը ներառում է ստացիոնար բուժման և կեցության ծախսերը, ճանապարհածախսը: Կա մասնագիտական եզրակացություն, որ Հայկ Սեխլիյանի բուժումը Հայաստանում հնարավոր չէ»,- ասաց նախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ այս հարցը քննարկել են բավականին երկար ու մանրամասն: «Եկել ենք եզրահանգման, որ բոլոր այն դեպքերում, երբ պատշաճ բուժումը հնարավոր է իրականացնել Հայաստանում, մենք նման լուծումների չենք գնա՝ ուղղակի ֆորմալ արտասահման ուղարկելու տրամաբանությամբ, իսկ այն դեպքերում, երբ կա հստակ մասնագիտորեն հիմնավորված անհրաժեշտություն, իհարկե, այդ դեպքերը առանձին-առանձին կքննարկենք և կկայացնենք որոշում»,- ասաց Վարչապետ Փաշինյանը:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

20:00 19.09.2019

Ամենաշատ ընթերցվածները