ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Լ․Խեչոյան․ «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի»
16:00 22.09.2019

Լ․Խեչոյան․ «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի»

Պատմավեպերը հնարավորություն են տալիս ոչ միայն դիմելու անցյալին, այլև խոսելու ներկայի և ապագայի մասին։ Անուններն ու միջավայրը կարող են իրական լինել, բայց ամեն ինչ, ի վերջո, պայմանական է։ Լևոն Խեչոյանի «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» գրվածքը ավելի շուտ ժամանակակից վեպի տպավորություն է թողնում։ Արձակագիրը յուրովի է «տեսել» հինգերորդ դարի պատմիչ Փավստոս Բուզանդի «Պատմություն հայոց» երկը և խորհելու առատ նյութ տվել ընթերցողին։

Չորրորդ դարում դեռևս անչափ կենդանի էին հեթանոսական ավանդույթները։ Հայրը որդու՝ Դրաստամատի առնականությունը նվիրաբերում է Արամազդին։ Ներքինին մեծանում և ամբողջ էությամբ նվիրվում է հայոց թագավորությանն ու Արշակ Երկրորդին։ Իսկ թագավորը անելիք շատ ուներ։

Այն ժամանակվա հզոր տերությունները՝ Բյուզանդիան ու Պարսկաստանը, պահանջում էին, որ փոքր երկիր Հայաստանը հայտնի իր դիրքորոշումը, հանդես գա որևէ մեկի կողմից։ Արշակը որոշում է իր խաղը խաղալ։ Բյուզանդիայի պահանջած երաշխիքի դիմաց պատանդ է ուղարկում իր որդի Պապին, հռոմեական արքունի տոհմից կին է առնում Օլիմպիային։ Իսկ երբ Շապուհը պահանջում է երդվել Ավետարանի վրա, որ չի միաբանի հունաց կայսեր հետ, Արշակ թագավորը արժանապատվորեն պատասխանում է․ «Իսկ ինչու՞ պետք է որևէ մեկի հետ լինեմ, ամեն ազգ իր պետությունը ունի»։ Թագավորը ձգտում էր երկու տերությունների միջև կայանալիք պատերազմը Հայաստանի տարածքներից հեռացնել։ Ուզում էր նաև այնպես անել, որ կաթողիկոսի ձեռնադրությունը Բյուզանդիայում չկատարվի․ «Մենք չպիտի հրաժարվենք քրիստոնեությունից, բայց նրա քարոզած համամարդկային սերը մեզ նման փոքր երկրի համար կործանարար է, մենք դեռ պիտի կարողանանք ինքներս մեզ սիրել՝ հենց քրիստոնեության քարոզած հուժկու սիրով։ Մեր եկեղեցին ազգային պիտի լինի»։

Հայաստանի ինքնուրույն քայլերը, բնականաբար, չէին կարող դուր գալ ո՛չ Պարսկաստանին, ո՛չ Բյուզանդիային։ Կայսր Հուլիանոսը նվաստացնող նամակ է ուղարկում, բայց Արշակ արքան արժանապատվության դաս է տալիս հենց նրա արքունիքում։ Ըստ այդ երկրի օրենքի՝ կայսեր մոտ մտնելուց առաջ ամեն ոք պետք է արձակեր սուրը։ Հերթական զգուշացնողը կայսերական զորքերի սպարապետն էր, բայց Արշակ թագավորը անդրդվելի է մնում․ ««Չէ, - ասել է, - լավագույն դեպքում, զորավար, սուրս պատյանից չեմ հանի»։ Հուլիանոսը նրան ընդունել է ու իբրև սուրը չի նկատել, Արշակ թագավորը բանակցել է ու՝ իբրև նամակը չի հիշել»։ Ի վերջո, կայսրը համոզվում է, որ հայոց լեռնոտ երկիրը հարմար չէ պարսկական զորքերի դեմ պատերազմելու համար։

Պարսկաստանը և Բյուզանդիան իրենց ձեռքն էին վերցրել առևտրի մենաշնորհը, երկրից դուրս էին բերում ոսկին։ Արշակ թագավորը որոշում է մեծ քարավանների ճանապարհին քաղաք կառուցել՝ տնտեսական հարված հասցնելով հզոր հարևաններին․ «Կառուցվող քաղաքը կստիպի մեր հարևաններին սթափվել»։ Բայց ո՛չ նախարարներն են ընդունում այդ գաղափարը, ո՛չ հոգևորականները, և քաղաքը կործանվում է։ Այնպես որ՝ ամենամեծ վտանգը երկրի ներսում էր։ Թագավորը պետք է չեզոքացներ պարսից զորքով երկիր ներխուժած Մեհրուժան Արծրունուն, պարսկամետ ու հունամետ կուսակցություններ բացած եղբորորդիներ Տիրիթին ու Գնելին, ոչ մի րոպե չդադարեցներ պայքարը արտաքին թշնամու դեմ։

Մի օր իշխանները հանդիպում են արդեն պաշտոնաթող կաթողիկոս Ներսեսի հետ և ասում, որ իրենք այլևս չեն ուզում կռվել, հոգնել են շարունակվող պատերազմներից։ Նույնիսկ Ներսեսն է զարմանում․ «Մարդն իր գլխի, իր երկրի տերը լինելուց հոգնու՞մ է»։ Նա հորդորում է իշխաններին չուրանալ, չծառայել օտար թագավորի։ Իշխանները ականջ չեն դնում, իրենց հերթին մեղադրում են Ներսեսին պետական գործերին խառնվելու համար։ Փոխադարձ մեղադրանքներ հնչեցին, երկու կողմերը համաձայնության չեկան։ Իշխանները գնացին իրենց դաստակերտները, սփռվեցին նաև երկրի սահմաններից դուրս։

Իսկ Արշակ թագավորը շարունակում էր արժանապատվորեն պատերազմել պարսից զորքերի դեմ։ Նա չէր հաշտվել այն փաստի հետ, որ ժամանակին պարսից զորքը ընդամենը երեք հազար զինվորով հասել էր երկրի կենտրոն ու կուրացնելով հորը՝ Տիրան թագավորին, տարել Պարսկաստան։ Նա չէր ուզում այդպիսի թագավորություն ունենալ։ Դրա համար էլ Պապ որդուն ասում էր․ «Հարկավոր է հասկանալ թագին կառչելու իմաստը։ Թագը ժողովուրդ է, ժողովուրդը՝ հող, հողը՝ թագավոր։ Իսկ լավ թագավորը՝ ժողովրդի արժանապատվություն»։

Տարիներ շարունակ Արշակ թագավորը հաջողությամբ ետ էր մղում պարսից հարձակումները։ Շապուհը, տեսնելով, որ մարտի դաշտում ոչինչ չի կարողանում անել, աղով ու վարազագիր մատանիով կնքված գրություն է ուղարկում Արշակ թագավորին՝ հրավիրելով Տիզբոն։ Արշակը չի հավատում Շապուհին։ Բայց նախարարները կարծես դրան էին սպասում։ Խնդրում-պահանջում են անպայման գնալ։ Շապուհը Արշակին բանտարկում է Անհուշ բերդում։ Իշխանները ոչինչ չեն ձեռնարկում իրենց թագավորին ազատելու կամ վրեժխնդիր լինելու համար։ Նրանք որոշում են հնազանդվել Պարսկաստանի ու Բյուզանդիայի թագավորներին։

Միայն Դրաստամատն է, որ տարիներ շարունակ տարբեր հնարքների է դիմում թագավորին ազատելու համար։ Նա Շապուհ արքայի հետ քուշանների դեմ պատերազմ էր գնացել, փրկել նրա կյանքը։  Շապուհը նրան թույլատրում է գնալ Անհուշ բերդ և մի ամբողջ օր անցկացնել Արշակ թագավորի հետ։ Հարճերով ու նվագածուներով է ճանապարհ ընկնում Դրաստամատը։ Նա Արշակին պատմում է, որ հիմա թագավորը Պապն է և հաջողությամբ շարունակում է պատերազմը պարսիկների դեմ․ «Ձիուց տապալած ամեն մի պարսից զինվորի ետևից աղաղակում են՝ սա Արշակ թագավորի համար էր»։ Միայն մի մտահոգություն ունի Դրաստամատը․ Պապը թագավորի գերությունը հանդուրժող չէ, նրան հավատացող ժողովուրդն ու բանակն էլ չեն մոռանում թագավորի գերությունը։ Զորքը նստել է սահմանի վրա, մի օր կարող է մխրճվել Պարսից աշխարհի խորքը։

Դրաստամատը շարունակ նույնն է պնդում․ «Արքա, նրա համար գերի թագավոր կամ երկիր նույնն է։ Համոզել չի լինում, որ ուժերը չվատնի, այստեղ հասնել հնարավոր չէ։ Ես էլ եմ այսպես մտածում, թագավոր, նա չի կարող գալ այստեղ։ Համառ է, Արշակունի, իր որոշման մեջ հաստատ»։ Թագավորը Դրաստամատի աչքերի մեջ տեսավ մահվան հակակշիռը՝ սերը, և արդեն պատրաստ էր նրա ձեռքով մեռնելու հանուն այդ սիրո․ «Սեղանին մրգով սկուտեղի մեջ դրած դանակը անցավ ուղիղ սրտի միջով»։ Դրաստամատը վաղուց պատրաստ էր մեռնելու հանուն այդ սիրո։ Նա Անհուշ բերդ գալուց առաջ էր գտել ելքը․ Պապ թագավորն այլևս վտանգի չէր ենթարկելու զորքը․․․

Դարեր շարունակ Հայաստանը ստիպված է ընտրություն կատարել՝ Պարսկաստա՞ն, թե՞ Բյուզանդիա, Արևմու՞տք, թե՞ Ռուսաստան․․․ Այդպես է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չի գտել ինքն իրեն, իր արժանապատվությունը։  

Արթուր Իսրայելյան   

16:00 22.09.2019