ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Փսիխոսոմատիկա՝ բժշկության և հոգեբանության միավորում
14:00 29.09.2019

Փսիխոսոմատիկա՝ բժշկության և հոգեբանության միավորում

Այսօր բժիշկները հիվանդին զննելուց հետո հայտնաբերում են հիվանդություն, որի առաջացման պատճառը դժվարանում են նշել՝ չկան ո՛չ ֆիզիկական և ո՛չ ժառանգական գործոններ: Այս դեպքում մասնագետները մտածում են փսիխոսոմատիկ պատճառների մասին: Այս պատճառները հիմնականում առաջանում են այն մարդկանց մոտ, ովքեր չեն կարողանում արտահայտել իրենց զգացմունքները և բոլոր հույզերը պահում են իրենց ներսում:

Փսիխոսոմատիկա՝ գիտություն հոգու և մարմնի մասին, երբ միավորվում են բժշկությունը և հոգեբանությունը: Մի շարք  հիվանդություններ, ներառյալ սոմատիկ հիվանդությունները, ծագում են հոգու մեջ, քանի որ դրանցից յուրաքանչյուրն ունի իր հոգեբանական պատճառը: Գիտականորեն ապացուցված է, որ մեր ներքին ապրումները և զգացմունքները կարող են վերածվել ֆիզիկական հիվանդության,  շատ հիվանդությունների հիմք են հոգեբանական ապրումներն ու հույզերը, որոնք խախտում են հոգեկան և ֆիզիկական ներդաշնակությունը: Շատ փսիխոսոմատիկ հիվանդությունների հիմքում ընկած են հուզական ռեակցիայի հետևանքով առաջացած սթրեսն ու լարվածությունը: Փսիխոսոմատիկ հիվանդություններից ամենատարածվածներն են՝ բրոնխիալ ասթման, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցը, հիպերտոնիան, անքնությունը, շաքարային դիաբետը, ճարպակալումը, գլխացավը, հոդացավը և շատ այլ հիվանդություններ: 

Մեզնից շատերը լարված օրվա ավարտին ունենում են ուժեղ գլխացավեր։ Հոգեբան Հասմիկ Սիմոնյանի խոսքով սա փսիխոսոմատիկայի վառ դրսևորում է: «Հաճախակի կամ քրոնիկ գլխացավերը առաջանում են մտքերի, տեղեկատվության առատության կամ որևէ հարցով մտորումների հետևանքով։ Գլխացավերը հաճախ լինում են շատ խելացի մարդկանց մոտ և նրանց մոտ, ովքեր զսպում են իրենց էմոցիաները։ Պարանոցային խնդիրները ևս ունեն փսիխոսոմատիկ բնույթ: Պարանոցը միացնում է գիտակցությունը՝ գլուխը, և զգացմունքները՝ մարմինը, ուստի պարանոցի խնդիրները վկայում են, որ այդ երկուսի միջև խախտվել է ներդաշնակությունը: Պարանոցի հիվանդությունները խոսում են ճկունության պակասի մասին: Մարդը վախենում է պտտվել, որպեսզի չլսի մեջքի հետևում իր մասին ասվող ճշմարտությունը և անտեսում է այդ իրավիճակը՝ խնդիրը լուծելու փոխարեն։

Տեսողության հետ կապված խնդիրների հիմքում կարող են լինել հիասթափությունները, վախերը և բացասական տրամադրվածությունը ապագայի հանդեպ: Կարճատեսության հիմքում ընկած են  հեռատեսության բացակայությունը, ապագայի հանդեպ վախը և սեփական քթից այն կողմ նայելու դժկամությունը: Հեռատեսության հիմքում՝ ներկայով ապրելու անկարողությունը: Հեռատես մարդիկ շատ երկար են մտածում նախքան անհրաժեշտ քայլն անելը, չեն կարող տեսնել իրավիճակն ամբողջությամբ: Ջղայնությունը վնասում է ատամները և լյարդը, շարունակական տխրությունը հանգեցնում է բրոնխիտի, քրոնիկ հազի և այլն», - նշում է հոգեբանը՝ հավելելով, որ մեր հոգեկան ապրումներից կարող է տուժել ոչ միայն մեր օրգանիզմը, այլ նաև մեր երեխաների առողջական վիճակը: Մայրանալ պատրաստվող կանանց միշտ հորդորում են խուսափել սթրեսածին երևույթներից, անցանկալի փոխհարաբերություններից, հուզական բացասական ապրումներից, քանի որ փսիխոսոմատիկ խանգարումները երեխայի մեջ ձևավորվում են դեռ ներարգանդային փուլից:

Երբեմն հոգեբանները հենց մայրիկների միջոցով էլ բուժում են երեխաների խնդիրները: Քանի որ փոքրիկներն ի զորու չեն մտածողության, նրանք դառնում են ավելի խոցելի: Երեխան չի հասկանում, թե ինչ է կատարվում, նա միայն զգում է ճնշվածություն և անվստահություն, ինչն էլ հետագայում արտահայտվում է ինչ-որ հիվանդության տեսքով: 

Մանկական փսիխոսոմատիկան և մեծահասակի մոտ արտահայտվող փսիխոսոմատիկան նույն խնդիրը հաղթահարելու տարբեր դրսևորումներ ունեն: «Առհասարակ երեխայի մոտ լինում են  փսիխոսոմատիկ խանգարումներ, եթե նա ունի ուշադրության պակաս, գերխնամք կամ գտնվում է ընտանեկան ոչ հանգիստ մթնոլորտում: Կան մի քանի տարանջատված հուզական և ապրումային հոգեբանական վիճակներ, որոնք հանգեցնում են հստակ հիվանդության արտահայտման: Օրինակ, եթե ցավում է կոկորդը, ուրեմն երեխան կամ վիրավորված է, կամ հնարավորություն չունի արտահայտել սեփական կարծիքը: Նման երեխայի ծնողները հաճախ ընդհատում են նրա նախաձեռնությունը և իրավիճակի կառավարումը վերցնում իրենց ձեռքը՝ պահանջելով երեխայից լռել, չխառնվել: Եթե յուրաքանչյուր մրսածություն ուղեկցվում է միայն հազով, ապա դա բողոք է: Երեխան ցանկանում է ինչ-որ բան ասել, բայց վախենում է բարձրաձայնել այդ մասին: Երեխաները, որոնց ազատությունն անընդհատ սահմանափակված է ծնողների գերխնամքով, հաճախ ունենում են շնչուղիների հետ կապված հիվանդություններ՝ բրոնխիտ և այլն: Ծնողներն ուղղակիորեն «խեղդում» են երեխային իրենց վերաբերմունքով», - նշում է Հասմիկ Սիմոնյանը: 

Փսիխոսոմատիկ խանգարումները շտկվում են, երբ կարգավորվում են հոգեբանական խնդիրները, և վերականգնվում է հոգեկան ներաշխարհը: Սա պահանջում է երկար ժամանակ և շատ աշխատանք հոգեբանի հետ՝ խնդրի արմատները պարզելու և վերացնելու համար: 

Սոնա Օհանջանյան

14:00 29.09.2019

Ամենաշատ ընթերցվածները