ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Պարզաբանում ԱԻՆ-ից
18:00 30.09.2019

Պարզաբանում ԱԻՆ-ից

ՀՀ դատախազությունը օրերս հաղորդագրություն է տարածել՝ «Պաշտոնեական դիրքի չարաշահմամբ հափշտակություններ Սյունիքի մարզային փրկարար վարչությունում» վերտառությամբ։ Հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է․ «ԱԻՆ համապատասխան ստորաբաժանումների պատասխանատու պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2016-2018թթ. կազմել են վառելիքի ծախսի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող կեղծ փաստաթղթեր և պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ կատարել խոշոր չափերի՝ 1.665.000 դրամի պետական միջոցների հափշտակություններ»։

Փորձեցինք պարզաբանումներ ստանալ կողմերից։ Այդ ժամանակահատվածում նշված կառույցը ղեկավարած պաշտոնատար անձը Բագրատ Զաքարյանն է եղել, ով այսօր նույնպես ղեկավարում է ծառայությունը։

«Սյունիքի մարզային փրկարարական վարչությունը և ենթակա ստորաբաժանումներն անօրինական ոչ մի գործողություն չեն կատարել։ Ես չեմ հավատացել աուդիտի արդյունքներին։ Բացատրության մեջ հստակ նշել ենք, որ վառելիքի չարաշահումներ չեն եղել։ Թվերն ամբողջությամբ կան փաստաթղթերում։ Անհամաձայնություն է եղել մեր և աուդիտի աշխատակիցների միջև, դիմել եմ հրամանատարությանը, որպեսզի համապատասխան ծառայությունները նյութեր նախապատրաստեն գործի առթիվ, նրանց որոշումը եղել է դրական։ Այժմ գործը դատախազությունում է»։

Հավելենք, որ Բագրատ Զաքարյանի խոսքերը հիմնավորող փաստաթղթերը, նրա իսկ հավաստմամբ, գտնվում են դատախազությունում։ Փորձեցինք լսել նաև նախարարության աշխատակազմի ներքին աուդիտի վարչության կողմից աուդիտի և ծառայողական քննություն իրականացրած աշխատակիցներին,  սակայն վերջիններս հարցազրույց չտվեցին՝ պատճառաբանելով, որ նախարարը պետք է թույլատրի։ Զանգահարեցինք նախարարության մամուլի ծառայություն, որպեսզի տեղեկանանք՝ թույլատրում են, թե՞ ոչ։ Մեզ խոստացան զանգահարել ավելի ուշ, սակայն առայժմ որևէ տեղեկություն մեր ձեռքի տակ չկա։

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Տեղեկացնենք, որ ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Անուշ Միրզոյան

18:00 30.09.2019

Ամենաշատ ընթերցվածները