ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Քուա՞նշ
20:00 30.09.2019

Քուա՞նշ

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը և ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը օրերս հրաժարական ներկայացրին։ Վերջինս նշանակվեց վարչապետի գլխավոր խորհրդական։ Ուժային կառույցներում տեղի ունեցած զարգացումները, ըստ մասնագետների, քաղաքական ենթաշերտեր են պարունակում։ Նրանց հետ փորձենք վերլուծել կատարվածը։

Քայլ «ձիով»

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը կառույցի կայքում գրառում կատարեց, որը անհասկանալիորեն ջնջվեց։ Այդ գրառումը պարունակում էր ոչ թե նեղ մասնագիտական, այլ քաղաքական կոչեր։ Մեջբերենք մի հատված․ «Նման որոշումը ստեղծված իրավիճակում և գալիքի համատեքստում համարում եմ ՀՀ և իմ ժողովրդին ծառայելու ամենանախընտրելի, ամենահիմնավորված տարբերակը»։

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը նշում է․ «Սրանով պարզ հասկացնում է, որ իրեն թույլ չեն տվել ԱԱԾ տնօրենի պաշտոնում օրենքի շրջանակում ծառայել պետությանն ու ժողովրդին»։ Մեջբերենք  հաջորդ պարբերությունից․ «Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի, որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը՝ մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների  իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի  սպայի արժանապատվության հետ, սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են»։

Ըստ Գառնիկ Իսագուլյանի՝ Արթուր Վանեցյանը ասել է՝ ինչ է եղել, ինչ է լինում և ինչ կարող է լինել հետագայում, ցույց է տալիս, թե ինչ մեթոդով են աշխատում ներկա իշխանությունները։ «Հնարավոր է, որ Արթուր Վանեցյանը կատարել է որոշակի հակաօրինական գործողություններ, որոնք ԱԱԾ տնօրենի գործառույթների մեջ չեն մտել՝ այն տրամաբանությամբ, որ Նիկոլ Փաշինյանը նոր է, շատ խնդիրների մասին ընդհանուր պատկերացում չունի, և որ ժամանակի ընթացքում այդ խնդիրները կհարթվեն։ Բայց, կարծում եմ, որ համոզվելով, որ այդ խնդիրները գնալով խորանում են, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանը իր բոլոր հանրային ելույթների ժամանակ հայտարարել է, որ որևէ մեկի վրա ճնշում չի գործադրում, կստացվի, որ եթե հետագայում նոր իշխանություն գա, և այդ ամենը ջրի երես դուրս գա, Փաշինյանը կարող էր հայտարարել, որ այդ ամենը եղել է իր անձնական նախաձեռնությամբ, և որ ինքը դրանց հետ որևէ կապ չունի։ Ըստ այդմ էլ պարոն Վանեցյանը հասկացավ, որ ժամանակն է, որ չլինի այլևս այդ պաշտոնին»։

Իսկ փաստաբան Նորայր Նորիկյանը կարծում է, որ Վանեցյանի գրառումը ուշագրավ էր, անընդունելի և ուղղակիորեն վերաբերում էր վարչապետին, քանի որ վերջինս ֆեյսբուքյան էջում գրել էր․ «Որոշ կոռուպցիոներներ մտածել են, թե ԱԱԾ-ում խառն են, և իրենք կարող են այս ընթացքում իրենց մութ գործերը կարգավորել: Կոռուպցիայի եւ հանցավորության դեմ կիսապայքար չի լինելու: Ժողովրդին թալանածներն ու թալանողները հայտնվելու են բանտում: Հասկանում եմ, որ լավ չի հնչում, բայց այլ տարբերակ չկա»։

«Ես այս ուղերձից հասկացա, որ այնուամենայնիվ գործընթացներ են տեղի ունեցել, որոնք  վնասակար կամ ձեռնտու չեն եղել իշխանությանը։ Միաժամանակ, եթե երկրի վարչապետը ԱԱԾ նախկին տնօրենին մեղադրում է կամ  հայտնում, որ այդ տեքստը գրվել է այլ շրջանակի կողմից, խոսում է այն մասին, որ ուժային կառույցների նախկին ղեկավարների ու նախկին քրեաօլիգարխիկ համակարգի միջև կապ է տեսել, ինչի մասին մենք չգիտենք»։ Նորայր Նորիկյանը հավելում է՝ ուժային կառույցների ղեկավարները աշխատանքից ազատվել են, քանի որ նրանց աշխատանքը չի գոհացրել վարչապետին, և առհասարակ իրավական համակարգը ենթակա է արմատական փոփոխության։ Կարծում է՝ մեզանում դեռևս չի գործում հանրային հաշվետվողականության ինստիտուտը, որպեսզի մարդկանց այս կամ այն պաշտոնյայի հրաժարականը հասկանալի լինի։  «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հկ նախագահ Նինա Կարապետյանցը նշում է․ եթե հեռացրել են աշխատանքից, ապա ունեցել են խորքային պատճառ, որի մասին, սակայն, չի խոսվում։ Իսկ Արթուր Վանեցյանը սպային ոչ վայել է պահել՝ գրառում կատարելով։ Այնուհանդերձ, որոշակի անհասկանալի հարցեր կան, որոնց պատասխանները իշխանությունը չի տալիս․ «Ինձ համար հասկանալի չէր, թե ինչպես կարող է պատահել, երբ  մեկ ամիս առաջ կամ մի քիչ ավելի, այդ մարդկանց գեներալի կոչումներ եք շնորհում ու հետո հեռացնում․ սրա մեջ տրամաբանություն չկա։ Ես չեմ կարծում, որ այդ ամբողջ ինֆորմացիան հավաքվել է մեկ կամ երկու օրում, այլ՝ ամիսներ շարունակ»։ 

Ակամա խորհրդական 

Անցում կատարենք ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրաժարականին, ով արդեն նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական։ Ըստ Նինա Կարապետյանցի՝ դրան բացատրություն չկա, ինչպես բացատրություն չի եղել այն ժամանակ, թե ինչու Օսիպյանը ոստիկանապետ նշանակվեց։ «Ես չեմ պատկերացնում, թե ինչ խորհուրդներ պիտի տա վարչապետին։ Գուցե Վալերիյ Օսիպյանը՝ որպես ցույցեր կառավարող, այդքան էլ վատը չէր, բայց որպես խորհրդական բարձր չեմ գնահատում նրա հնարավորությունները»։ Այս առթիվ Գառնիկ Իսագուլյանը կարծում է, որ նախկին ոստիկանապետը նույնաբնույթ հայտարարություն պիտի աներ, բայց քանի որ վարչապետը Արթուր Վանեցյանի գրառումը համարեց լուրջ հարված իր անձնական իմիջին, վարկանիշին, Օսիպյանին անմիջապես նշանակել է իր խորհրդական, որպեսզի նա նման հայտարարությամբ հանդես չգա։

«Մութ սենյակից» ելք չկա՞

Մեր բանախոսները հայտնեցին ոչ միանշանակ կարծիքներ, ինչը միանգամայն նորմալ է։ Բայց նրանք  էլ միաժամանակ փաստեցին, որ դեռևս առավել մատչելի ու պարզ բացատրություն չի տրվել ներքաղաքական այս զարգացումներին, որպեսզի հանրության շրջանում անհասկանալի ու մութ հարցեր չմնան։ Սա վկայում է այն մասին, որ թափանցիկությունը, որի մասին Նիկոլ Փաշինյանը մշտապես բարձրաձայնում է տարբեր ամբիոններից, այս դեպքում այդպես էլ չերևաց։ Ստացվում է, որ ներկա կառավարությունը նախկինների պես «մութ սենյակում» է որոշումներ կայացնում, և կարծես դա նրան ձեռնտու է, միայն թե ասա գետի բերածը գետն էլ չտանի․․․

Անուշ Միրզոյան

20:00 30.09.2019