ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Չունենք Ժակ Շիրակ
15:00 01.10.2019

Չունենք Ժակ Շիրակ

Ֆրանսիայում ավարտվեց եռօրյա համաժողովրդական սուգը: Հրաժեշտ էին տալիս պետական գործիչ Ժակ Շիրակին: Նկատեցի՞ք՝ ասացի պետական գործիչ, այլ ոչ թե քաղաքական գործիչ կամ նախագահ: Պետական գործիչ հասկացությունը բնորոշ է օտար ազգերին և դեռ անընկալելի մեզ համար: Պատկերացրեք, հեռու նրանցից, մեր նախկին նախագահներից մեկն է մահանում: Առաջին նախագահը լինի, անիծելու են, որ 730 անուն ձեռնարկությունները թալանվեցին, վաճառվեցին պարսիկներին: Ռոբերտ Քոչարյանը տեսնում ենք՝ որտեղ է, իսկ Սերժ Սարգսյանը պետական գործիչ լիներ, այդպես խայտառակ կերպով չէր հեռացվի պաշտոնից ու քաղաքական ասպարեզից առհասարակ:

Ուսումնասիրելով Ժակ Շիրակի ուղին՝ նկատում ես, որ նա միս ու արյունից ստեղծված պետական գործիչ էր, որը իջեցնում էր հարկերը մի կողմից և ստանում տնտեսական գահավիժում, իսկ մյուս կողմից սատարում էր գյուղացիական շարժումները, ինչպես նաև բանակցային հաջողություններ գրանցում մասսայական միտինգների բոլոր մասնակիցների հետ, հաշտեցնում նրանց: Նույնիսկ մեծ քաղաքականությունից նա հեռացավ պատվով՝ ստեղծելով իր անվամբ հիմնադրամ, որը զբաղվում էր հումանիտար գործունեությամբ, մարդկանց ջրով և հողով ապահովելու գործընթացով և, իհարկե, կոնֆլիկտների կանխարգելմամբ: 

Կարո՞ղ եք մի պահ պատկերացնել նախկին նախագահներից որևէ մեկին, ով իր անունով հիմնադրամ կստեղծի, ու այդ հիմնադրամին մարդիկ գումար կփոխանցեն, քանի որ իր պետական գործունեության ընթացքում այդ հայ նախագահը բավականաչափ պատիվ ու հարգանք է կուտակել: Միջին վիճակագրական հայը այդ հիմնադրամի հասցեին կասի հետևյալը. «Լափած փողերով հիմնադրամ է ստեղծել, որ մեղքերը քավի»:

Մենք ենք չա՞ր, թե՞ նախագահներն են ապաշնորհ եղել, դժվար է ասել, բայց որ չկարողացանք կերտել հայ Ժակ Շիրակ, փաստ է: Աստված մեծ է, մի օր էլ մենք կունենանք ոչ թե քաղաքական, այլ պետական գործիչ:

«Զանգեզուր պրես»

15:00 01.10.2019

Ամենաշատ ընթերցվածները