ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

ՊԵԿ. Հիփոթեքի համար վճարված տոկոսների մասով վերադարձված եկամտահարկի գումարներն աճում են
19:00 01.10.2019

ՊԵԿ. Հիփոթեքի համար վճարված տոկոսների մասով վերադարձված եկամտահարկի գումարներն աճում են

Պետական եկամուտների կոմիտեն արձանագրում է հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների մասով եկամտային հարկի ավելի մեծ գումարի վերադարձ: Աճում է նաև օրենքով սահմանված հնարավորություններից օգտվող անձանց թիվը: Ակս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Հիշեցնենք, որ  Հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի համաձայն, անմիջապես կառուցապատողից բնակարանի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցապատման նպատակով ստացված հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով ֆիզիկական անձանց են վերադարձվում իրենց կողմից վճարված եկամտային հարկի գումարները:  Գործընթացը սկսվել է 2015 թվականի հունիս ամսից՝ համաձայն ՀՀ կառավարության 205-Ն որոշմամբ սահմանված կարգի և վերաբերում է 2014 թվականի նոյեմբերի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերին:

Այսպես,
2015 թվականի ընթացքում վարկառուներին (համավարկառուներին) վերադարձվել է եկամտային հարկի 274 միլիոն դրամ,
2016 թվականի ընթացքում՝ 1 միլիարդ 350 միլիոն դրամ,
2017 թվականի ընթացքում՝ 2 միլիարդ 416 միլիոն դրամ,
2018 թվականի ընթացքում՝ 4 միլիարդ 684 միլիոն դրամ գումար,
իսկ 2019 թվականի հունվար-սեպտեմբերի ընթացքում՝ 5 միլիարդ 454 միլիոն դրամ:

2019 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ գործընթացի սկզբից վարկառուներին (համավարկառուներին) պետական բյուջեից վերադարձվել է վճարված եկամտային հարկի շուրջ  14 միլիարդ դրամի չափով գումար:

Ըստ աղբյուրի, յուրաքանչյուր եռամսյակի տվյալների ամփոփումից հետո արձանագրվում է ինչպես հիփոթեքային վարկերից օգտվող անձանց, այնպես էլ վերադաձված եկամտային հարկի գումարների ակնհայտ աճ: Այսպես, 2019 թվականի 3 եռամսյակների ընթացքում վարկառուներին (համավարկառուներին) վերադարձված եկամտային հարկի գումարը կազմել է 5 միլիարդ 454 միլիոն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը (3.291,7 մլն. դրամ) գերազանցել է 2 միլիարդ 162 միլիոն դրամով կամ 65%-ով:

2019 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ գործընթացում ներգրավված է եղել 6321 անձ (վարկառուներ և համավարկառուներ)՝ նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի 3682-ի դիմաց: Ներգրավված անձանց թիվն աճել է 2639-ով կամ 72%-ով: 2019 թվականի ավարտին վերադարձված գումարը կլինի 7-8 միլիարդ դրամի սահմաններում:

2018 թվականի հունվարի 1-ից վճարած եկամտային հարկը վերադարձվում է նաև ՀՀ տարածքում բնակելի թաղամասերում կամ համալիրներում անմիջապես կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից անհատական բնակելի տուն ձեռք բերելու նպատակով ստացված հիփոթեքային վարկերի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով:

 2018 թվականի հունվարի 1-ից գործում են Հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումներ, ըստ որոնց՝ եկամտային հարկը չի կարող վերադարձվել, եթե բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու գործարքի պայմանագրային արժեքը գերազանցում է 55 միլիոն դրամը: Վերադարձվող եկամտային հարկի ընդհանուր գումարը յուրաքանչյուր եռամսյակի համար չի կարող գերազանցել 1.5 միլիոն դրամը:

Իսկ եկամտային հարկի վերադարձման հնարավորությունից 2018 թվականի հունվարի 1-ից հետո վարկառու և համավարկառու ֆիզիկական անձինք կարող են օգտվել միայն մեկ հիպոթեքային վարկի պայմանագրի մասով:

Աղբյուր` Panorama.am

19:00 01.10.2019

Ամենաշատ ընթերցվածները