ԱՎԵԼԻՆ

Կրթություն

Պետությունը նախատեսում է Հայաստանի դպրոցներում ներդնել հեռավար ուսուցման համակարգ
11:00 03.10.2019

Պետությունը նախատեսում է Հայաստանի դպրոցներում ներդնել հեռավար ուսուցման համակարգ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախատեսում է հաջորդ ուսումնական տարվա սկզբից Հայաստանի բոլոր դպրոցներում ներդնել հեռավար ուսուցման համակարգ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտնեց նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր  Սրբուհի Գրիգորյանի՝ շատ գյուղերում որոշակի առարկաների համար ուսուցիչների բացակայության վերաբերյալ հարցին:

«Մենք այս տարի Արարատի մարզում իրականացրեցինք հեռավար ուսուցման պիլոտային ծրագիր: Նմանատիպ խնդիրներ ունեցող դպրոցների աշակերտների հետ իրականացրեցինք դասընթացներ, որոնք շատ արդյունավետ էին: Եվ այս ծրագիրը հաջորդ տարվանից ներդնելու ենք բոլոր դպրոցներում»,-ասաց Հարությունյանը:

Նախարարը նշեց, որ կան շատ մասնագետներ, նույնիսկ արտերկրից որոշ մասնագետներ պատրաստակամություն են հայտնել գալ, ամիսներ շարունակ աշխատել աշակերտների հետ: Հարությունյանի կարծիքով՝ հեռավար ուսուցման համակարգը բավականին բարդ համակարգ է: Նախարարի կարծիքով՝ համակարգն արդեն հաջորդ տարվա սեպտեմբերից ներդրված կլինի:

Սրբուհի Գրիգորյանը նկատեց, որ մինչև հեռաուսուցումը պետք է կարողանան գյուղական համակարգը ապահովել բարձրորակ ինտերնետով: Հարությունյանը արձագանքեց, որ այդ ուղղությամբ անցյալ տարի ևս բավականին մեծ աշխատանք է կատարվել: 

Աղբյուրը՝ «Արմենպրես»

11:00 03.10.2019

Ամենաշատ ընթերցվածները