ԱՎԵԼԻՆ

Մամուլ

«Մի հասկացող գլուխ չկա»
17:00 03.10.2019

«Մի հասկացող գլուխ չկա»

ՀՀ-ում մեկուկես տարի առաջ տեղի ունեցած քաղաքական իրադարձություններից հետո ներքաղաքական կյանքը շարունակում է անհասկանալիորեն լարված ու հախուռն մնալ։ Տեղի են ունենում իրողություններ, որոնք անորոշ հարցեր են թողնում մարդկանց շրջանում։ Առանձնացնենք այդ զարգացումներից որոշակի դրվագներ։ Օրինակ՝ Փաշինյան-Վանեցյան հակամարտությունը։ ԱԱԾ նախկին տնօրենի կոշտ հայտարարությունը վարչապետին ստիպեց խոսել ԱՄՆ-ում հրավիրված ասուլիսի ժամանակ։ Նիկոլ Փաշինյանը Արթուր Վանեցյանի գործողությունները համեմատեց 1991թ․ ԽՍՀՄ պուտչիստների գործողությունների հետ: Ուժային կառույցի նախկին տնօրենն էլ պատասխանեց․ «Պատկերացնո՞ւմ եք, որ եթե հանկարծ ես սկսեմ խոսել, առանց հետևանքների մասին մտածելու»։

Այս բանավեճը թեժ քննարկումների առիթ տվեց։ Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Նիկո՛լ ջան, հեղափոխությունից հետո ինքդ ես Սերժի «տանը» մեծացած տղուն նշանակել ԱԱԾ տնօրեն, հիմա ումի՞ց ես նեղանում կամ դժգոհում։ Թե որն էր նույն իշխանության կողմից շուրջ մեկուկես տարի Արթուր Վանեցյանից «Կինոյի տղու» կերպար ստեղծելու նպատակը, հասկանալի չէ, բայց որ նրա հեռացումը կարող էր գնահատվել որպես պուտչիստական գործունեության հետևանք, եկեք խոստովանենք, որ այդ հերոսացման ֆոնին, պատկերացնել էլ հնարավոր չէր»:

«Կովկաս» ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանի կարծիքով՝ սա խոսում է կառավարման որակի նվազման մասին։ Կան հարցեր, որոնք պետք է լուծել առանց հանրայնացման, բայց չի ստացվում լուծել։ Վերջին աղմկահարուց դեպքերից է նաև նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանությունը, որի մասին իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մարդասպան համակարգը խժռում է իր ներկայացուցիչներին։ Սա ցույց է տալիս, որ հենց Մարտի 1-ին պետության և նրա քաղաքացիների դեմ կազմակերպված հանցագործության կատարողները ինչքան լավ են գիտակցում, թե դատաքննության օր առաջ սկսելը ինչ պատկեր է բացահայտելու հանրության համար և պատրաստ են ամեն քայլի կարևոր վկաներին և իրազեկներին ոչնչացնելու կամ ինքնաոչնչանալու համար։ Հա, ի դեպ, առանց Հիտլերի և Գեբելսի էլ Նյուրնբերգյան դատավարությունը կայացավ»։

Այսօր կարծես ցանկացած տեղեկատվություն հասանելի է դարձել հանրությանը, սակայն դա դեռևս չի խոսում այն մասին, որ ամեն ինչ թափանցիկ է։ Նիկոլ Փաշինյանը տարբեր առիթներով խոսում է և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Սերժ Սարգսյանի մասին։ Չգիտես՝ ինչու, երբ խոսք է գնում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին, թեման շրջանցվում է։ Ինչո՞ւ։ Հրանտ Միքայելյանն ասում է, որ քաղաքական հանցագործություններն ավելի շատ են եղել 90-ականների կեսին։ Իսկ եթե դրա մասին չի խոսվում, ապա դա կարող է ունենալ երկու պատճառ․ առաջինն այն է, որ վաղեմության խնդիրն է առաջ գալիս, և երկրորդ՝ քաղաքական ենթաշերտով նպատակահարմար չէ․ «Քանի որ ականատես ենք լինում շատ հին գործերի քննմանը, ապա չենք կարող լիովին համոզված լինել, որ այդ տարբերակն է։ Գործ ունենք երկրորդ տարբերակի՝ քաղաքական նպատակահարմարության հետ։ Որքան ժամանակն առաջ է ընթանում, տեսնում ենք նշանակումներ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմից։ Լինելով այս իշխանության ոչ ֆորմալ մաս, թեկուզև խորհրդատվական մասով, նրա հետ կապված թեմաները մնում են անքննարկելի»։

Շատ է խոսվում այն մասին, որ հիմա մենք անցումային փուլում ենք, որ ամեն ինչ լավ է լինելու, բայց արդյո՞ք իսկապես այդպես է, թե՞ տեղում դոփում ենք։ Հրանտ Միքայելյանի կարծիքով՝ սա անցումային փուլ է, փորձ է արվում հակակոռուպցիոն ինստիտուտներ ստեղծել, միևնույն ժամանակ կոռուպցիայի դեմ պայքարը ընթանում է միայն մեկ ուղղությամբ՝ նախկին պաշտոնյաների նկատմամբ, ինչը նշանակում է, որ հաջորդ իշխանությունները սա կօգտագործեն որպես նախադեպ՝ կոռուպցիայի դեմ պայքարի սլաքն ուղղելով միմիայն պարտված կողմի ներկայացուցիչների վրա։ «Մեզանում անկայունությունը դեռևս շատ է։ Չլուծված հարցեր դեռ շատ կան, օրինակ՝ Ամուլսարի թեման, Ստամբուլյան կոնվենցիան, Սահմանադրական դատարանի շուրջ ծավալված բանավեճերը, Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը, որոնք չեն հաղթահարվում և այլն։ Սրանք խնդիրներ են, որոնք դեռ պետք է լուծվեն»։

Մենք համարվում ենք խորհրդարանական երկիր, բայց չգիտես ինչու բոլոր թեժ քննարկումները դուրս են Ազգային ժողովի սահմաններից, ինչը վկայում է, որ դեռևս ձևակերպված չէ, թե ինչպիսի պետություն ենք ուզում լինել։ Կարծում եմ, որ այս անձևությունը ծնում է խնդիրներ, որոնք չլուծելով ենք շարժվում, բայց դեռ հարց է՝ շարժվո՞ւմ ենք արդյոք, թե՞ ոչ։ Այս ամենից հետո ակամայից վերհիշում ես ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հետևյալ տողերը․

Հայրենասեր և հոգեխոս

Քարոզիչ էր մեծ ու բարի,

Մենք էլ արինք... պոլիտիկոս,

Ասինք՝ թող մեզ կառավարի.

Բայց գործերը այնպես տարավ,

Որ աշխարքը լեզու առավ...

Չէ, մեզանում, աստված վկա,

Մի հասկացող... գլուխ չըկա։

Անուշ Միրզոյան

17:00 03.10.2019

Ամենաշատ ընթերցվածները