ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Սիրիա. Հայաստանի նախաձեռնողական քաղաքականությունն իր դրական արդյունքներն է արձանագրում
13:00 04.10.2019

Սիրիա. Հայաստանի նախաձեռնողական քաղաքականությունն իր դրական արդյունքներն է արձանագրում

Տարեսկզբից Հայաստանի Հանրապետության կողմից Սիրիայում իրականացվող մարդասիրական առաքելությունն իր գործունեության կարճ ժամանակահատվածում արդեն շոշափելի արդյունքներ է արձանագրել ինչպես տեղում իրավիճակի բարելավմանը նպաստելու, այնպես էլ քաղաքական տարատեսակ հարթակներում հայկական շահերն առաջ մղելու տեսանկյունից:

Ներկայումս Սիրիայում աշխատանքներ է ծավալում շուրջ 80 հոգանոց մասնագետների հայկական երկրորդ խումբը, որը սեպտեմբերի վերջին պաշտոնապես 2 մաքրված ականադաշտ (90 հազար քառակուսի մետր) է հանձնել Հալեպի նահանգային իշխանություններին: Արդեն իսկ մեկնարկել են աշխատանքները հերթական ականադաշտի մաքրման ուղղությամբ: Երկրորդ, Սիրիայում հայկական մարդասիրական առաքելությունը հետևողականորեն ընդլայնում իր կողմից իրականացվող աշխատանքների ծավալներն ու ուղղությունները: Մասնավորապես, ականազերծմանը զուգահեռ, ընդլայնվել են մատուցվող բժշկական ծառայությունները (հայ բժիշկներն արդեն 5 հիվանդանոցներում են աշխատում՝ մեծ ուշադրություն դարձնելով հատկապես երեխաներին), ինչպես նաև հայ մասնագետները ծրագրում են պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման սեմինարներ և առաջին բուժօգնության դասընթացներ անցկացնել Հալեպի բնակչության համար:

Մեկ այլ կարևոր ձեռքբերում է հանդիսանում տեղում ՀՀ մարդասիրական առաքելության գործընկերների ընդլայնումը: Մինչ այժմ իր գործունեությունն իրականացնելիս ՀՀ առաքելությունը համագործակցում էր սիրիական իշխանությունների և ռուսական ուժերի հետ: Սակայն հայկական  հումանիտար առաքելությունը  համագործակցության մասին պայմանավորվածություն է ձեռք բերել նաև Սիրիայում ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման (UN OCHA) Հալեպի գրասենյակի հետ: Նախատեսվում է համագործակցության ձևաչափ մշակել, որի շրջանակներում կքննարկվեն և կիրականացվեն բոլոր այն ծրագրերը, որոնք բխում են ՀՀ հումանիտար խմբի լիազորություններից։

Այս հանգամանքը հերթական անգամ փարատում է այն մտավախությունները, որ սիրիական և ռուսական ուժերի հետ ՀՀ հումանիտար առաքելության համագործակցությունը կարող է ընկալելի չլինել մեր արևմտյան գործընկերների համար: ՄԱԿ-ի Հալեպի գրասենյակի հետ սպասվող համագործակցությունը վկայում է, որ Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնելու ՀՀ որոշումն ու դրա հիմքում ընկած դրդապատճառները բխում են ՀՀ ազգային շահերից և կարևոր է, որ դա ընկալվի նաև Հայաստանի արևմտյան գործընկերների կողմից: Այս առումով կարևոր է նաև այն հանագամանքը, որ համագործակցության առաջարկությունը եղել է ՄԱԿ-ի գրասենյակի կողմից:

Հայաստանի հումանիտար առաքելությունը նաև ոչ ուղղակի քաղաքական դիվիդենտներ է բերում ինչպես Հայաստանին, այնպես էլ Սիրիայի հայ համայնքին: Ինչպես հայտնի է, սեպտեմբերի վերջին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի շրջանակներում հայտարարվեց Սիրիայի Սահմանադրական հանձնաժողովի ձևավորման մասին, որի առաջին նիստը նախատեսվում է անցկացնել հոկտեմբերի 30-ին: Հանձնաժողովի կազմում 150 մարդ է ներգրավված (50-ական ներկայացուցիչ պաշտոնական Դամասկոսի, ընդդիմության և քաղհասարակության կողմից): Յուրաքանչյուր խումբ ներկայացնելու է 15 փորձագետ Ժնևում կայանալիք փակ նիստերին մասնակցելու համար: Հատկանշական է, որ Սիրիայի Սահմանադրական հանձնաժողովում ընդրկվել է նաև հայ համայնքի ներկայացուցիչ, ինչը կարևորվեց նաև ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի շրջանակներում Սիրիայի և Հայաստանի արտգործնախարարի հանդիպման ժամանակ: Հասկանալի է, որ այս հանգամանքը շատ կարևոր է ինչպես Սիրիայում հայ համայնքի շահերի պաշտպանության, այնպես էլ Սիրիայում Հայաստանի քաղաքականության արդյունավետության բարձրացման տեսանկյունից:

Իհարկե, պետք է հաշվի առնել նաև, որ սիրիական հակամարտության համատեքստում տարատեսակ շահեր են հատվում և դա անխուսափելիորեն իր ազդեցությունն է ունենալու նաև Սահմանադրական հանձնաժողովի գործունեության վրա: Այնուամենայնիվ, միայն այն փաստը, որ Սիրիայում հայ համայնքը իր մասնակցությունն է ունենալու սիրիական հակամարտության խաղաղ կարգավորումը հետապնդող այս գործընթացում և հայկական շահերը առաջ տանելու հնարավորություն է ստանալու, արդեն իսկ դրական է և մեծապես պայմանավորված է ինչպես սիրիական հակամարտության ողջ ընթացքում ՀՀ որդեգրած դիրքորոշմամբ, այնպես էլ վերջին շրջանում այս ուղղությամբ դրսևորած ՀՀ նախաձեռնողականությամբ:

 

Արփինե Հովսեփյան

Աղբյուրը՝ «Արմենպրես»

13:00 04.10.2019

Ամենաշատ ընթերցվածները