ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Բուժաշխատողների ՇՄԶ-ների բացը մարզկենտրոնում
16:00 04.10.2019

Բուժաշխատողների ՇՄԶ-ների բացը մարզկենտրոնում

Առողջապահության մակարդակը աշխարհի տարբեր երկրներում տարբեր է: ԱՀԿ տվյալներով՝ աշխարհում կյանքի միջին տևողությունը կայուն աճում է, ինչը վկայում է առողջապահության մակարդակի մշտական աճի մասին: Աճը ինչ-որ չափով կապված է նաև բուժաշխատողների մասնագիտական որակների հետ:

Բուժաշխատողների մասնագիտական որակները շարունակաբար բարձրացնելու, նրանց գիտելիքներն արդիականացնելու, գործնական հմտությունները կատարելագործելու և ժամանակակից բժշկագիտության զարգացման միտումներից և նորամուծություններից հետ չմնալու նպատակով ՀՀ ԱՆ-ը Հայաստանում ներդրել է շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կրեդիտային համակարգ: Համաձայն «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների՝ այսուհետ մասնագիտական գործունեության իրավունք ձեռք բերելու համար բուժաշխատողները պետք է անցնեն հավաստագրման գործընթաց, որն իրականացվելու է 5-ամյա շրջափուլով:

Յուրաքանչյուր 5-ամյա փուլում ավագ բուժաշխատողները պետք է հավաքեն 220 (դեղագետները՝ 160), իսկ միջին բուժաշխատողները՝ 140 (դեղագործները՝ 100) ՇՄԶ կրեդիտ:

Կապանի բուժաշխատողների վերապատրաստման հիմնախնդիրները

Բուժաշխատողների վերապատրաստումը լուրջ խնդիր է հիմնականում մարզերում:

Կապանի ԲԿ-ի բժիշկ-անեսթեզիոլոգ Սերգեյ Գասպարյանի խոսքով՝ վերապատրաստման դասընթացներ լինում են ամեն տարի, որի ընթացքում բուժաշխատողները մասնակցում են միջազգային և հանրապետության տարածքում տեղի ունեցող տարբեր կոնֆերանսների:

«Վերապատրաստման ընթացքում կարճ ժամանակահատվածում ներակայացնում են այն, ինչ կատարվում է արտասահմանում առողջապահության ոլորտում և ինչը կարելի է ներդնել Հայաստանում: Բժիշկները 5 տարվա ընթացքում կրեդիտների և ժամանակացույցի առումով պետք է ունենան մոտավորապես 9-10 շաբաթական վերապատրաստում, իսկ քույրերը՝ 5», - նշում է Ս․ Գասպարյանը:

Վերապատրաստումը մասնագետներին հնարավորություն է տալիս կրեդիտներ ձեռք բերել, որով քննության կամ հարցազրույցի միջոցով ստանում  են լիցենզավորում: 

ՀՀ ԱՆ ԱԱԻ հավաստագրման ազգային կենտրոնի հավաստագրերի տրամադրման բաժնի ղեկավար Մարտին Ալեքսանյանը նշում է, որ կրեդիտներ ստանում են նաև գիտագործնական ակտիվության համար, ինչպիսին է, օրինակ, թեկնածուական կամ դոկտորական ատենախոսության պաշտպանությունը:

Կապանի ԲԿ-ի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Արտակ Հայրապետյանը նշում է, որ վերապատրաստումները հիմնականում անցնում են Երևանում, սակայն դա էլ իր խնդիրն ունի. «Վերապատրաստումներին մասնակցում են բոլորը, բայց ոչ բոլորին է հաջողվում բավարար միավորներ հավաքել 5 տարվա մեջ: Պատճառները տարբեր են՝ սկսած հեռավորությունից մինչև  ֆինանսական խնդիրներ: Ժամանակային առումով նույնպես խնդիր ունենք, քանի որ շատերը չեն կարողանում երկար ժամանակով բացակայել Կապանից»: 

Ա․Հայրապետյանը առանձնացնում է նաև մասնագետների բացակայության խնդիրը: Բաժանմունքներ կան, որտեղ տվյալ մասնագիտությամբ ընդամենը մեկ բժիշկ է աշխատում, որին բացակայության ընթացքում փոխարինում են, սակայն  այդ դեպքում էլ ծառայությունն է տուժում: Օրինակ՝ վիրաբուժական բաժանմունքում այս պահին ընդամենը մեկ ԼՕՌ (քիթ-կոկորդ-ականջ) մասնագետ կա:

Վերապատրաստումների ֆինանսական կողմը 

Չնայած կան կազմակերպություններ, որոնք հոգում են վերապատրաստումների ֆինանսական հարցերը, այնուամենայնիվ դասընթացների մեծ մասը վճարովի է:

«Դասընթացների վճարը ամսական կազմում է մոտավորապես 100.000 դրամ: Օրինակ՝ վերջերս 4 ամսվա վերապատրաստման համար վճարեցի 400.000 դրամ: Վերապատրաստման կարող եմ անվճար գնալ, բայց վերամասնագիտացման համար պետք է վճարեմ։ Ընդհանուր վերապատրաստումները կարելի է Կապանում կազմակերպել. այդ դեպքում ծախսը ավելի քիչ կլինի: Եթե հիվանդանոցի 50 % պետք է ՇՄԶ ստանա կամ վերապատրաստվի որևէ թեմայով, ապա նախընտրելի է, որ վերապատրաստողները գան», - նշում է Ա․Հայրապետյանը:

Այս ամենի հետ մեկտեղ բժիշկը նշում է նաև, որ տեղում անցնելն էլ իր թերություններն ունի: Օրինակ՝ վիրաբուժական մասով պրակտիկա անցնելու համար արդյունավետը Երևան մեկնելն է, բայց տեսական ՇՄԶ-ների համար կարող են գալ Կապան:

Նշենք, որ ՇՄԶ-ների հարցը այսօր լուրջ քննարկումների թեմա է դարձել: «ՇՄԶ գործընթացը սկսվել է 2016-ից, իսկ 2021թ. հունվարի 1-ին ավարտվում է առաջին 5-ամյա շրջափուլը, որի ընթացքում  բուժաշխատողները պետք է հավաստագրված լինեն, վերջին 5 տարում էլ  առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ունենան։ Հակառակ դեպքում կտրվի վերապահումով հավաստագիր, որը բուժաշխատողներին թույլ կտա մասնագիտական գործունեություն իրականացնել միայն հսկողության ներքո», - նշում է Մ․Ալեքսանյանը:

Մանե Բաբայան

16:00 04.10.2019

Ամենաշատ ընթերցվածները