ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Հնդկական իրերի վաճառքը՝ Հայաստանում մնալու առիթ
13:00 05.10.2019

Հնդկական իրերի վաճառքը՝ Հայաստանում մնալու առիթ

Տարիներ առաջ Հնդկաստանի քաղաքացիների ավելի հաճախ հնարավոր էր հանդիպել Շրջանայինում՝ Բժշկական համալսարանի մոտակայքում։ Հայաստանում բժշկական կրթությունը նրանց համար ավելի մատչելի է, իսկ Հնդկաստանում 2-3 անգամ թանկ է։  Բայց վերջին ամիսներին Երևանի բոլոր անկյուններում ավելի հաճախ կարելի է հանդիպել հնդիկների։ Նրանք Հայաստան գալիս են հիմնականում սովորելու, աշխատելու, սեփական բիզնես հիմնելու համար։ Ոմանց այցի նպատակն էլ մուտքի արտոնություն ստանալն է՝ այլ երկրներ մեկնելու համար:

Նավաբ Անսարին, ում Հայաստանում Ռաուլ են ասում, արդեն 6 տարի հնդկական իրերի ցուցահանդես-վաճառքով է զբաղվում ինչպես Հայաստանի տարբեր քաղաքներում, այնպես էլ՝ Արցախում։ Մասնագիտությամբ ատամնաբույժը  13 տարի է, ինչ Հայաստանում է։ Ասում է՝ լեզուն սովորել է 8 ամսում։ Հենց այստեղ էլ ծանոթացել է կնոջ՝ հայուհի Անուշի հետ․ «Լեզու սովորելը հեշտ չէ, բացի դրանից, չեմ կարող ասել, որ ընկերներս եկել և մնացել են ինձ պես, ես սիրահարվեցի ու մնացի, նրանք գնացին, գուցե իրենք էլ սիրահարվեն և ցանկանան մնալ, բայց, երբ Հնդկաստանում պատմում եմ իմ և Անուշի սիրո պատմությունը, հետաքրքրվում են և ինչու ոչ՝ նաև զարմանում», - ասաց Ռաուլը։

Հնդիկ Ռաուլը և հայուհի Անուշը

Անուշն ու Ռաուլը առաջին անգամ հանդիպել են ցուցահանդեսի ժամանակ։ Կարճատև հանդիպումը վերջում վերածվեց մեծ սիրո․ «Պարզապես շրջում էի տաղավարներով ընկերուհուս հետ, Ռաուլն ինձ արդեն նկատել էր, մեր հանդիպումները  հիմնականում գործնական էին, բայց հետո, երբ Ռաուլը մեկ ամսով մեկնեց Հնդկաստան, հասցրի կարոտել։ Ինքն էլ, չանցած մեկ շաբաթ, վերադարձավ, ու հասկացանք, որ  սկսվեց հնդկական կինոն», - նշեց Անուշը։

Արդեն երկու տարի է՝ ամուսնացած են։ Անուշի խոսքով՝ դժվարություններ որպես այդպիսիք չի ունեցել։ Ասում է՝ Հայաստանն ու Հնդկաստանը նմանություններ շատ ունեն, միայն թե միջավայրը փոխելու հարցն էր․ «Հնդկաստանում իմ նոր միջավայրում միայն կենսակերպի փոփոխություն էր, որին փորձում էի հարմարվել։ Պետք է նշեմ, որ այդ հարցում Ռաուլի դերը չափազանց մեծ էր։ Հնդկաստանում երկար չենք մնացել, բայց ասեմ, որ բոլորն ինձ շատ էին հավանել», - ասաց Անուշը։

Ընտանիքում էլ համալրում ունեն։ Արման Անսարին երկու ժողովուրդների մշակույթների, կրոնի, ավանդույթների կրողը և ներկայացուցիչն է։ Անունը՝ հայկական, ազգանունը՝ հնդկական։ Հայաստանում ունեն սեփական բիզնես

Այժմ ապրում են Հայաստանում։ Կնոջ՝ Անուշի խոսքով՝ Ռաուլի ջանքերի շնորհիվ Հայաստան վերադարձան և միասին հիմնեցին «Սիտարա» կազմակերպությունը ու սկսեցին զբաղվել հնդկական ապրանքների ցուցահանդես-վաճառքով․ «Հայաստանում ենք ապրում, բայց դա չի նշանակում, որ Հնդկաստան չենք գնալու։ Ձմռանը լինում ենք Հնդկաստանում, քանի որ այնտեղ տաք է, մյուս ամիսներին՝ Հայաստանում։ Բացի դրանից, Ռաուլը շատ է սիրում Հայաստանը, հայկական կերակուրները, հայկական տոներն ու ավանդույթները։ Նպատակ ունենք մշտական մնալ Հայաստանում»։ 

Վերջերս էլ աշխատանքային այցով Կապանում էին, վստահ են՝ կապանցիները հավանել են իրենց․ «Ռաուլը արդեն մի քանի տարի է՝ Հայաստանում հնդկական իրերի վաճառքով է զբաղվում։ Որոշել ենք հայկական ապրանքատեսակներն էլ հնդիկ սպառողներին ներկայացնել։ Եթե ամուսինս իրենցը մեզ է մատուցում, ուրեմն ինձ համար պատիվ է մերն այնտեղ ներկայացնելը»։

Մեզ հետ զրույցում Ռաուլը նշեց, որ  հայերը հնդկական սերիալներ շատ են սիրում, ինչն էլ իր հերթին նպաստել է ապրանքների վաճառքին․ «Գալիս ասում  են, որ ինչ-որ սերիալի այսինչ դերասանը այս զարդը կամ սարին է հագել, եթե ունեք, տվեք դրանից։ Մենք էլ մեր հերթին աշխատում ենք այնպիսի իրեր բերել, որ նրանց սրտով լինի»։

Վաճառքի ընթացքում երբեմն դժվարություններ էլ են առաջանում, բայց նախաձեռնության նպատակը հնդկական մշակույթին հայերին ավելի մոտիկից ծանոթացնելն է․ «Մեզ մոտ ամեն ինչ լինում է՝ հնդկական մշակույթի ու արվեստի գործեր, փայտահումքից ձեռքի տարբեր աշխատանքներ, կահույք, կոսմետիկա, հագուստ ու համեմունքներ, մի խոսքով՝ այն ամենը, ինչ կարող է հետաքրքրել այցելուներին։ Ամենաշատը սննդի տաղավարն են մտնում, առավել հետաքրքրքված են հնդկական ուտելիքներով և թեյով։ Պետք է նշեմ, որ, ի տարբերություն այլ մարզերի, այստեղ շարժը փոքր-ինչ ակտիվ էր»։

Նարե Խաչատրյան

13:00 05.10.2019

Ամենաշատ ընթերցվածները