ԱՎԵԼԻՆ

Մամուլ

«Սյունիք»․ պատմության նոր էջ
15:00 05.10.2019

«Սյունիք»․ պատմության նոր էջ

Ժամանակին Մոսկվայում մի հայ ուսանողի քննությանը հարցրել էին. «Ի՞նչն էր գլադիատորների առաջնորդ Սպարտակի ապստամբության նպատակը»: Ուսանողն առանց վարանելու պատասխանել էր. «Սպարտակն ապստամբել էր, որպեսզի Արամ Խաչատրյանը կերտի իր «Սպարտակ» բալետը»:

Սկզբում այս դեպքն ընկալում էի որպես մի զավեշտ: Սակայն երբ հանդիպեցի Բորխեսի հետևյալ տողերին, սթափվեցի: «Գրքերի պաշտամունքը» էսսեում Բորխեսը գրում է. «Ոդիսականի» ութերորդ գրքում կարելի է կարդալ, որ աստվածներն աղետներ են ստեղծում, որպեսզի ապագա սերունդները միշտ երգելու բան ունենան. Մալլարմեի պնդումը՝ «Աշխարհը գոյություն ունի գիրք դառնալու համար»... Ահա այդպիսի մի «ԵՐԳ», մի «ԳԻՐՔ» են դարձել Սյունյաց աշխարհի պատմական իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել 20-րդ դարասկզբին՝ դրվագներ, որոնք լուսաբանվում են նախընթաց պատմության լայն համատեքստում: Այս հույժ արժեքավոր աշխատության հեղինակն է Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանը:

Գիրքը տպագրել է «Անտարես» հրատարակչությունը (հովանավորներ՝ Արմեն Հովհաննեսի Ղուկասյան, Էդվարդ Վաղինակի Մուսայելյան): 611 էջանոց այս գիրքը բաղկացած է 5 մասից և Հիշատակարանից: Ահա այդ մասերի խոսուն վերնագրերը՝ Կապանյան տարեգիրներ, Զանգեզուրի 1917-1921 թթ. գոյամարտի էջեր, Գողթնը, Ղափանը և Արևիքը վավերագրերում, Կապանյան դպրոցը. գյուղաշխարհի դպրոցների թագն ու պսակը, Խորհրդային տարիներին անհետացած գյուղեր: Հատորում տեղ են գտել Սուրբ Էջմիածնի Գևորգյան ճեմարանի շրջանավարտ՝ Սուլթան Տեր-Գևորգյանցի (Արքայիկի) «Թաքուն աշխարհից» տարեգրությունը, Ջանունու, Բագրատ Մինասյանի հուշագրությունները, արխիվային նյութեր, ավագ սերնդի ներկայացուցիչների հետ ունեցած հեղինակի  հարցումների և սեփական ուսումնասիրությունների արդյունքները և այլն: Իր «Ատլանտիդան», «կորսված դրախտը» որոնելիս Գ. Սմբատյանը լուսաբանել է Սյունիքի պատմության, հասարակական կյանքի գրեթե բոլոր շերտերը: Գիտնականը ուրվագծել է ավերված, կորսված բնակավայրերի երբեմնի տեսքը, ճշգրտել անունները, վերծանել բարբառային բարդ դարձվածները, ճշտել և հիմնավորել որոշ գործիչների ծագումը: Օրինակ, արդեն հայտնի է, որ Ղարաքիլիսայի ճակատամարտի հերոս Գուրգեն Տեր-Մովսիսյանը, Նուբար Փաշա Նուբարյանը բնիկ շիկահողցիներ են և այլն:

Գրքում արտացոլված են 1905-1906թթ. հայ-թուրքական բախումները, 1917-1921թթ. Զանգեզուրի ազատագրական պայքարը՝ մեծն Նժդեհի և իր զինակիցների գլխավորությամբ, խորհրդային բռնատիրության, ռուս-թուրքական դաշինքի հայատյաց քաղաքականության աղետալի հետևանքները՝ գյուղերի ավերումը, հայկական տարածքների զավթումը, խաղաղ բնակչության կոտորածները և այլն: Նկարագրվում են նաև նոր պայմաններում ազգային արժեքները, ավանդույթները չկորցնելու ջանքերը, մշակութային կյանքի, դպրոցաշինության առաջին քայլերը: «Սյունիք» մեծակերտ աշխատությունը հակիրճ կարելի է բնութագրել հենց գրքի առաջաբանի վերնագրով, որի հեղինակն է պատմական գիտությունների թեկնածու, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը. «Սյունիք. պատմություն և հիշողություն» գիրքը՝ Հայաստանի, մասնավորապես Սյունիքի պատմության, հասարակական, քաղաքական հարաբերությունների նոր էջ, աղբյուր»: Հիրավի, «նոր էջ», քանզի ո՞վ կարող էր խորհրդային բռնատիրության տարիներին խոսել, հրապարակել բոլշևիկների դիմակը պատռող, երկդիմի ռուս և թուրք իշխանությունների հայատյաց, զավթողական դավերը բացահայտող փաստերը և մնալ անպատիժ: Իսկ Սովետի փլուզումն այնքան պայթուցիկ էր, աշխարհացունց, և դրա հետևանքներն այնքան աղետալի, որ կորած-մոլորված մի «բուռ» Սյունիքի ճակատագիրը չէր էլ նշմարվում: Ահավասիկ մի վկայություն անցյալից․ «...Ռուսները հեռանում էին, ճակատը մերկանում էր, և թուրքերին դիմադրող միակ մարտական ուժերը մնում էին հայկական զորամասերը... Կարսը հանձնեցինք»: Մեկ այլ տեղ կարդում ենք. «Համոզվելով, որ Կարմիր բանակը առաքելություն ունի Սյունիքը միացնել Ադրբեջանին, հոկտեմբերի 10-ին (1920թ.) Ղափանում սկսվեց համաժողովրդական ապստամբություն... Քիչ էինք, թշնամին՝ շատ։ Դիմացներս լավ զինված ռուսներ և թուրքեր էին...: Մեկ այլ դրվագ. «Ադրբեջանի խորհրդայնացումից հետո Կարմիր բանակը սպառնալիք դարձավ Հայաստանի համար, ներխուժեց Զանգեզուրի սահմանները: Օգոստոսի վերջերին արյունալի բախումներ սկսվեցին Ղափանի սահմաններում... Թվում էր՝ բազմաքանակ և լավ զինված կարմիրների դեմ Նժդեհը զենքը վայր կդնի, բայց նա չհրաժարվեց հետագա պայքարից...»: Հուշագրություններից քաղված այս փաստերը հիմնավորվում են նաև Հ.Խառատյանի առաջաբանի պաշտոնական հաղորդագրություններով: Ահավասիկ. «Ռուսաստանի կոմունիստական բոլշևիկյան կուսակցության բյուրոյի և հեղափոխական ռազմական խորհրդի կովկասյան ճակատի անդամ Ս.Օրջոնիկիձեի հերթական հեռագիրը. «Ադրբեջանը հավակնում է Ղարաբաղին, Զանգեզուրին, Նախիջևանին և Շարուր-Դարալագյազին: ...․Եվ հիշյալ տարածքներն իրենք համարում են Խորհրդային Ադրբեջանի Հանրապետության մաս:  Մյուս հեռագրում ասվում է. «...․Դրանք վիճելի թողնելու դեպքում անկասկած գրավվելու են թուրքերի կողմից, և ողջ հայ բնակչությունը կոտորվելու է: Մենք դա ոչնչով կանխել չենք կարող»»:

Մինչդեռ հայերին կոտորելու, կողոպտելու համար թուրքերին ո՛չ պատճառ է պետք, ո՛չ էլ առիթ. դա նրանց արյան մեջ է: Նրանք այդպես էլ վարվեցին: Կոտորում էին հարևան գյուղերի բնակիչներին, թալանում, գողանում անասուններ: Կոտորում էին Նախիջևանի փախստականներին, ոչնչացնում Օսմանյան թուրքերի յաթաղանից մազապուրծ, փրկության հույսով Հայաստանի ճամփան բռնած փախստականներին...: Թեպետ հայ զինվորները, կամավորականները թվով և զենքով միշտ պակաս էին, սակայն ունենում էին նաև ջախջախիչ հաղթանակներ: Գ.Սմբատյանը նշում է Ագարակի, Հանդի, Գեղվաձորի և այլ հերոսամարտերը: Հայտնի է, թե ինչ ջանքերի գնով Նժդեհը, իր զինակիցները, Սյունիքի ժողովուրդը կարողացան փրկել Զանգեզուրը, սակայն Գողթան երգիչների, Արամ Խաչատրյանի, Նժդեհի պապերի օրրանը՝ Նախիջևանը և հարակից տարածքները, ավաղ, չհաջողվեց:

Որքան էլ ծանր վիճակում հայտնվելիս լինեին սյունեցիները (ինչպես ամբողջ հայ ժողովուրդը), պաշտպանում և պահպանում էին մշակույթը, հային հայ դարձնող, հայ պահող հոգևոր ժառանգությունը, ավանդույթները, հայրենի հողը: Դա էր այն «ՀԱՆՈՒՆԸ», որի համար պայքարում էին: Չէ՞ որ, ինչպես Նժդեհն է ասել. «Երկիրը - դա հայրենիքի աշխարհագրական զրահն է: Հայրենիքը - այդ երկիրը մշակող ժողովրդի ոգին է, նրա մշակույթը»: Իսկ մշակույթը պահպանելու, շենացնելու և գալիք սերունդներին փոխանցելու համար, անշուշտ, անհրաժեշտ են դպրոցներ:

«Կապանյան դպրոցը» գլուխը Գ.Սմբատյանը սկսում է անցյալի մշակույթին նվիրված մի թռուցիկ պատմական անդրադարձով: Տեղեկանում ենք, որ ժամանակին սուրբ Մեսրոպ Մաշտոցը այցելել է Կապան. նա «հիմնեց վանական հաստատություններ... Հիմնադրվեց թարգմանչական գործը, ձեռագիր մատյաններ կազմվեցին... Ցավոք, ձեռագիր մատյանների մեծագույն մասը կուլ գնաց Աթաբեկ Էլթկուզի հորդաներին»: Այսպես, սուրբ Մեսրոպի օրհնությամբ հիմք դրվեց Սյունյաց աշխարհի դպրությանը, որի հետագա զարգացմանը հաճախակի խոչընդոտում էին բարբարոս ցեղերի ասպատակությունները: Միայն դարեր անց՝ 1836թ. մարտի 11-ի՝ Ռուսաստանի կառավարության ընդունած «Հայ լուսավորչական հավատի հոգևոր գործերի կառավարման կանոնադրությունը» (Положение) հնարավորություն տվեց գյուղերում եկեղեցուն կից ունենալ ծխական դպրոցներ: Ժամանակ անց հիմնվեց Կապանի գյուղական առաջին պետական դպրոցը: Դա Արծվանիկի դպրոցն էր, որը բացվել է 1870թ.: Այս մասին «Սյունիք» գրքում կարդում ենք հետևյալը. «1881-1882 ուս. տարին սկսվեց նորակառույցում: Բացմանը ներկա էր Րաֆֆին, ով շրջագայում էր Զանգեզուրում: Րաֆֆին ելույթ ունեցավ և շնորհակալական խոսք ասաց նորակառույց դպրոցի առաջին զանգը հնչեցնելու պատիվը իրեն շնորհելու համար: Դպրոցի ավագ ուսուցիչ ընտրվեց Մեսրոպ Տեր-Հարությունյանը»:

Սակայն ուրախությունը երկար չտևեց: 1885թ., այնուհետև 1895-1896 և 1903-1904թթ. ցարական կառավարությունը ճնշում գործադրեց «անհնազանդ հայերի», հայոց դպրության, եկեղեցու վրա: Գ.Սմբատյանի մեկնաբանմամբ՝ «Անհնազանդ հայերի» զարգացման մղումը հավասարապես անընդունելի էր թե՛ ցարիզմի, թե՛ Կովկասի մահմեդական վերնախավի համար»: Սակայն ժողովուրդն ընդվզեց, պայքարի ելան մտավորականները: Գ.Սմբատյանը ընդգծում է հատկապես անվանի սյունեցի Մեսրոպ Տեր-Մովսիսյանի ջանքերը, ով Թիֆլիսում հանդիպել է փոխարքային, իսկ Պետերբուրգում՝ պետական գործիչների հետ: Ահա այդ պայքարի շնորհիվ 1905թ. «եկեղեցուն վերադարձվեց բռնագրավված գույքը, և վերաբացվեցին դպրոցները»: Այնուհետև, «շղթայական ռեակցիայի» պես, Կապանում և ամբողջ Սյունիքում սկսեցին բացվել դպրոցներ՝ մանկավարժական մտքի կենտրոն, «գյուղաշխարհի թագն ու պսակը»՝ Շրվենանցի, Շիկահողի, Գյուտկումի, Առաջաձորի և այլ դպրոցներ: Առաջ եկան ռահվիրա-ուսուցիչներ Ս.Մելիք-Աղամիրյանը, Ե.Մելիք-Շահնազարյանը, Ե.Մելիք-Փարսադանյանը և այլք: Որքան էլ ծանր լինեին գյուղացու պայմանները, այնուամենայնիվ ձգտում էին իրենց զավակներին կրթության տալ, մանավանդ որ գյուղը ուսուցչի, քահանայի խիստ կարիք ուներ: Գ.Սմբատյանը Խրիմյան Հայրիկին հղված մի քանի խնդրագրեր է մեջբերել, որտեղ գյուղացիները խնդրում են կաթողիկոսին Գևորգյան ճեմարան ընդունել իրենց երեխաներին: Այդպիսի մի խնդրագիր ստորագրել է շուրջ քառասուն շիկահողցի, այդ թվում նաև տողերիս հեղինակի պապը և գեղանկարիչ Լորիկ Մինասյանի պապի հայրը...

Մեծագույն ջանքերով սկսված դպրոցաշինությունը դեռ պիտի հրափորձություն անցներ, դիմակայեր ճակատագրի հարվածներին, վերահաս կոտորածներին, պատերազմներին և այլ աղետների:

Մինչ չար ուժերը մոլեգնում էին, թշնամանք սերմանում ժողովուրդների միջև, դրանց լավագույն զավակները բարեկամության ձեռք էին մեկնում միմյանց: Բավական է նշել Ֆյոդոր Շալյապինի ընծան անվանի բարերար Գասպար Տեր-Մարգարյանցին՝ մի լուսանկար, որի դարձերեսին հանճարեղ երգիչը գրել է. «Մեծարգո Կասպար Իվանովիչ, ես ուրախ եմ, որ վերջապես կարող եմ ուղարկել խոստացածս լուսանկարը: Շուտով, տա Աստված, կրկին կհանդիպենք Կիսլովոդսկում: Ես կրկին հիշում եմ «Զագուլբան» և հմայիչ «Կինտաուրին»: Եղիր առողջ: Սեղմում եմ Ձեր ձեռքը: Ֆ. Շալյապին»: Դեռ այն դժվարին ժամանակներում մշակութային շառավիղը Սյունյաց «թաքուն աշխարհից (Արքայիկ) հասնում էր մինչև Եվրոպա: Գ.Սմբատյանը տեղեկացնում է, որ Ֆրայբերգի լեռնային ակադեմիայի շրջանավարտ Սմբատ Մելիք-Ստեփանյանը (Սմբատ Բեկը) Գերմանիայից բերել էր մի դաշնամուր, որը նվագում էր իր քույր Վարսենիկը: Նա սովորել է Պետերբուրգի համալսարանում Նիկողայոս Ադոնցի մոտ, սակայն ճակատագրի բերումով ընդհատել է ուսումը, վերադարձել հայրենիք և որպես գթության քույր՝ նվիրվել որբերի և գաղթականների խնամքին: Իր գթասրտությամբ, անձնուրացությամբ նրա կերպարը կարող է հիշեցնել մայր Թերեզային: Վարսենիկը իր խնամյալ հիվանդներից վարակվել է բծավոր տիֆով և մահացել: Պատահական չէ, որ Գ.Սմբատյանը նրան բնութագրել է որպես «Գաղթական որբերի մահապարտ նահատակ»: Բախտի հեգնանքով, ստալինյան բռնաճնշումների ժամանակաշրջանում «մեծագույն կապանցի» Սմբատ Բեկին մեղադրեցին որպես «ժողովրդի թշնամի», աքսորեցին Սիբիր (Կրասնոյարսկ), որտեղ էլ նա՝ հիվանդ, անօգնական, կնքեց իր մահկանացուն...

Այսօր մենք արժանապատվությամբ կարող ենք հաստատել, որ սուրբ Մեսրոպի և Րաֆֆու օրհնությամբ հիմնված դպրոցի, մշակութային հարուստ ավանդույթների հիման վրա Դավիթ Բեկի, Մխիթար Սպարապետի, Նժդեհի և մյուս հերոսների պաշտպանած ու պահպանած Սյունյաց աշխարհը կրթեց, ձևավորեց այնպիսի գործիչների, ովքեր պատիվ կբերեին ցանկացած երկրի, ովքեր այսօր էլ շենացնում են ու զարդարում մեր մշակութային կյանքը: Այդպիսի երախտավորներից է հենց «Սյունիք» գրքի բազմաշնորհ հեղինակ Գրիշա Սմբատյանը: «Արյամբ և արցունքով», սիրով ու նվիրումով գրված այս փառահեղ գիրքը հեղինակը նվիրել է իր կնոջ՝ Լաուրայի լուսավոր հիշատակին:

Հատորն ամփոփող Հիշատակարանը, ըստ էության, ողբ է՝ հեղինակի ողբը՝ Լաուրայի կորստյան: Այս շնչակտուր ավաղումի ընթացքում հեղինակը միայն մի տեղ է թեթև շնչում, երբ հիշատակում է Լաուրայի նվիրական երազանքի իրականացման մասին: Մարդու կյանքում հաճախ չի լինում, որ ի կատար ածվեն իր երազանքները: Ճապոնական հայտնի վեպի հերոսը կյանքի վերջում, մի օր, սիրտը փշրված նայում էր Ֆուձիյամա լեռան կատարին ու ցավում, որ իր բազմազբաղ կյանքում այդպես էլ չբարձացավ այդ երկնամերձ լեռան գագաթը: Մինչդեռ Լաուրան հասցրեց, ինչպես երգում է ասվում, «տեսնել Անին ու նոր մեռնել»՝ բարձրանալ նժդեհաշունչ Խուստուփ լեռան գագաթը, դիտել աշխարհը իրեն՝ ազնիվ մտավորականին, վայել բարձունքից: Ահա թե ինչպես է դա նկարագրում Գրիշա Սմբատյանը. «Հիմա աշուն է, ես ինչպե՞ս հաշտվեմ այս աշնան հետ, ինքս ինձ հետ, աշխարհի հետ, ինչպե՞ս ապրեմ աշնանն առանց քեզ: Ամեն մայրամուտին աչքս Խուստուփ լեռան բարձունքին է: Շատ էիր ուզում լինել լեռան գագաթին. շնորհակալ եմ Հենրիկ Մելիք-Քարամյանին, ում լավագույն ընկեր էիր համարում, որ քեզ հասցրեց Խուստուփի գագաթ»:

Դանիել Երաժիշտ

Լուսանկարները՝ Արմինե Հովհաննիսյանի

15:00 05.10.2019

Ամենաշատ ընթերցվածները